ԱՄՆ-ի համար “ծիծաղաշարժ” է Ալ-Ասադի նախաձեռնությունը /վիդեո/

Միացյալ Նահանգները “ծիծաղաշարժ” են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի` նոր սահմանադրության վերաբերյալ քվեարկություն անցկացնելու մտադրությունը: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, տեղեկացնում է “AFP”-ը:
“Բողոքի ակցիաների սկսելուց հետո Ալ-Ասադը բազմիցս խոստացել է բարեփոխումներ անցկացնել, սակայն չի պահել իր խոստումը: Նրա ռեժիմի օրերը հաշված են”,-ընդգծել է Քարնին:
Ալ-Ասադը մտադիր է փետրվարի 26-ին սահմանադրության նոր նախագծի քվեարկություն անցկացնել, որը նախատեսում է “ժողովրդավարական բազմակուսակցական համակարգ” ներմուծել երկրում: Սիրիական ընդդիմադիրներն արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում մասնակցել այդ քվեարկությանը, իսկ նախաձեռնությունը անվանել են “ֆարս”:
Սիրիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի մասին է հայտնել նաեւ Շվեյցարիան: Մի շարք երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Բելգիան արդեն ետ են կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: