Հայաստանի վարչապետը հանգստյան օրերին ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները քննարկել է սյունեցիների հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/Tigran-Sargsjan.jpg)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջիկա տարիների ընթացքում շեշտադրում է կատարելու քաղաքացիների կյանքի բարեկեցությունն ապահովող փոփոխությունների վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան եւ Գորիս քաղաքաներում տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի մշակման շուրջ քննարկումների ժամանակ:
“Մեզ համար խիստ կարեւոր է նախընտրական ծրագիրը մեր կուսակիցների եւ հասարակության առաջարկությունների հիման վրա կազմելը, որոնք ուղղված են լինելու պետության զարգացմանը եւ բարեկեցիկ կյանքի ապահովմանը”,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականության եւ տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը միտված է լինելու ժամանակակից հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը: Գյուղատնտեսության ոլորտում կատարվելու են արմատական փոփոխություններ, որոնց շրջանակներում առարկայական օժանդակություն է ցուցաբերվելու գյուղացուն, իսկ առողջապահության բնագավառում բարեփոխումները բարձրորակ բուժօգնությունը դարձնելու են հասանելի քաղաքացու համար:
ՀՀԿ նախընտրական ծրագրում շարունակելու է կարեւորագույն տեղ զբաղեցնել բանակի սպառազինության խնդիրը, իսկ արտաքին քաղաքական ոլորտում ծրագրերն ուղղվելու են պետության միջազգային վարկի բարձրացմանը:
Սոցիալական ոլորտում ծրագրերը նպատակաուղղվելու են աղքատություն ծնող պատճառների վերացմանը: Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների կրթության ողջ ֆինանսավորումն իրականացնելու է պետությունը, իսկ վերջիններիս աշխատունակ անձինք ապահովվելու են աշխատատեղերով:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ`Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը, որի շուրջ բանակցություններն ամենայն հավանականությամբ կմեկնարկեն առաջիկայում, էապես կնպաստի նաեւ գյուղատնտեսության զարգացմանը:
“Դրանով Հայաստանի առջեւ կբացվի 500 միլիոնանոց եվրոպական մեծ շուկան, ինչն էլ կխթանի հայկական գյուղմթերքների արտահանմանն ու իրացմանը”,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղմթերք վերամշակող ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրման քաղաքականությունը, ինչը եւս կնպաստի գյուղմթերքի իրացման ծավալների աճին:Բացի այդ, շարունակվելու են սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը:
ՀՀԿ նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթների թվում է լինելու երիտասարդ ընտանիքներին ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների հատկացումը` բնակարանային խնդիրների լուծման նպատակով:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից