ԱՄՆ-ում նախնական նախագահական ընտրություններ են. Միթ Ռոմնին հաղթանակ է գրանցում եւս մեկ նահանգում

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում անցկացված Հանրապետական կուսակցության թեկնածուների փրայմերիզում կրկին հաղթանակել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա հավաքել է ձայների 36,3 տոկոսը:
Ռոմնին ձայների ավելի քան 10 տոկոսով առաջ է անցել իր հակառակորդ կոնգրեսական Ռոն Փոլից, որի օգտին քվեարկել է 24,6 տոկոսը: Նախկին սենատոր Ռիկ Սանտորումը 3-րդ տեղում է: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչն անհուսորեն ետ է մնացել իր հակառակորդներից: Նրան աջակցել է ընտրողների ընդամենը 11,3 տոկոսը:
Այս քվեարկությունը դեռեւս նախնական է համարվում: Պաշտոնական քվեարկությունը եւ Վաշինգտոնում առաջատարին պարզելը տեղի կունենա մայիսին: Իսկ մարտի 6-ին կկայանա “սուպեր երեքշաբթին”: Սա այն օրն է համարվում, երբ փրայմերիզն անցկացվում է միանգամից 10 նահանգներում: Հենց “սուպեր երեքշաբթիի” վրա են հիմնականում հույս դնում նախագահի թեկնածուները: Որպես կանոն այդ օրը պարզ է դառնում մրցապայքարի վերջնական հաղթողը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012-ի նոյեմբերի 6-ին: