Ասում են՝ ստոպ, բատոնո հայեր … վրացական մաքսակետում
Բագրատաշենի մաքսակետից Վրաստան մեկնողները վրացական կողմում խիստ ստուգման են ենթարկվում: Հատուկ սարքավորման միջոցով ստուգվում են նաեւ բեռները: “Նախկինում նման բան չկար, վրացիք են էլի, օրը մի բան հնարում են”,-ասաց մաքսակետի կարգ ու կանոնին տեղյակ հայ վարորդներից մեկը՝ տեսնելով, որ հայկական պատվիրակությունը խնդիր ունի:
Բանն այն է, որ չեխական կառավարության կողմից ֆինանսավորվող “Կավկադոկ” վավերագրական կինոփառատոնի մասնակիցներին թույլ չտվեցին Վրաստան տանելու կինոնկարների խտասկավառակները:
“Հասկանալի է, որ կոմերցիոն նպատակներով չեք տանում, բայց ներեցեք, մեր կարգն այսպիսինն է”,-ասաց մաքսակետի հերթափոխի պետը՝ ավելացնելով, որ 100 օրինակից ավել չեն կարող տանել:
Հայկական պատվիրակությանը այլ ելք չէր մնում, քան տանել Հայաստանի սահման եւ հետ ուղարկել Նոյեմբերյան:
“Սեպտեմբերի կեսերից ա էսպես, շատերը չգիտեն, գալիս հասնում են սրանց սահմանն ու ասում են բատոնո հայեր՝ ստոպ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաջատեղյակ վարորդը:
Վերջինս չի կարող ասել՝ Վրաստանի կառավարության նորամուծությունը կապ ունի՞ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ, բայց առաջարկում է, որ մեր մաքսավորներն էլ նույն կերպ անեն:
“Ապեր չեմ ասում նացիոնալիստ ենք, բայց իրանց հասնում ա, մերոնք էլ թող իրանց վեշերը ստուգեն, թե չէ արդեն….”,-ասաց նա: