26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի հույները սատարում են ՀՀԿ-ին

Ապրիլի 22-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է  ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը:

Է.Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ  միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:

Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն,  կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը,  օգտակար լինել իրենց հայրենիքին:

Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլև համազգային նպատակների իրականացման հարցերում:

Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:

Քննարկվեց նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Է. Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ  նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում  պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է  հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը:

Հանդիպմանը Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն մաղթեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրեց, որ Հայաստանի հունական համայնքը սատարում է ՀՀԿ-ին:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ