19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարեգործությունը` ընտրություններից հետո. Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կապված  “Տաշիր” բարեգործական հիմնադրամի առաջիկա գործունեության հետ, որտեղ ասվում է.

“Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 28-ին “Տաշիր” բարեգործական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իսկ խրախուսական մրցանակներ են հանձնվել Ջավախքի ու Արցախի` Հայաստանում սովորող առավել բարձր առաջադիմություն ունեցող մոտ 250 ուսանողների: Այդ ծրագրի համար “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է ավելի քան 130 հազար դոլարին համարժեք դրամ:

Նախապես կազմված աշխատանքային ծրագրի համաձայն` հաջորդ փուլում նախատեսվում է պարգևատրել Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի մինչև 300 լավագույն մանկավարժների: Ինչպես ուսանողների, այնպես էլ մանկավարժների պարգևատրման ցուցակները ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, քանի որ օբյեկտիվորեն “Տաշիր” բարեգործական հիմնադրամը չի կարող տիրապետել համապատասխան տեղեկատվությանը` կապված թե ուսանողների առաջադիմության, թե մանկավարժների աշխատանքային հաջողությունների կամ մասնագիտական ունակությունների հետ:

Սփյուռքահայ գաղթօջախներում մայրենի լեզու դասավանդող լավագույն մանկավարժները պարգևատրվելու են Սփյուռքի նախարարության հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, ըստ որի՝ հիմնադրամը   նախարարության կողմից անցկացվող համապատասխան մրցույթի համակազմակերպիչ է:

Սփյուռքահայ մանկավարժների անունները ներկայացնում է Սփյուռքի նախարարությունը: Ուսուցիչների պարգևատրման արարողությունը, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված էր անցկացնել ապրիլի 30-ին: Սակայն  “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշեց հետաձգել պարգևատրման արարողությունը, որպեսզի գեղեցիկ այս նախաձեռնությանը որևէ կերպ քաղաքական աստառ չտրվի:

Չնայած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընտրական շրջանում տվյալ ծրագիրն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա, սակայն, հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով մասնակցում է խորհրդարանական ընտրություններին` շահարկումների թեկուզ փորձերից խուսափելու նպատակով որոշվեց արարողությունն իրականացնել ընտրություններից հետո` մայիսի 14-ին:

Մեզ համար ցանկալի չէ, որ բարեգործական նախաձեռնությունը  ինչ-որ կերպ կապվի քաղաքական գործընթացների հետ: Հավելենք, որ ճիշտ նույն պատճառով նախորդ ծրագրի մեջ չեն ընդգրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողները: Ամենայն հավանականությամբ, ՀՀ քաղաքացի հանդիսացող բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսման  խնդրին մենք լրացուցիչ կանդրադառնանք առաջիկայում: Ընտրություններից հետո հավելյալ կտեղեկացնենք նաև հետագա այլ  ծրագրերի ու նախաձեռնությունների մասին” :

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ