26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոդ Այլընդը աջակցում է Արցախին.Ազգ

Ամերիկյան Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որով իր աջակցություն է հայտնում Արցախի անկախությանն ու նաեւ ամերիկյան ղեկավարությանը կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:  Այս մասին գրում է “Ազգ” օրաթերթը:

Ներկայացուցիչներ Ֆոքսի, Մաթիելոյի, Կորվիսի, Մաքնամարայի եւ Բեննեթի առաջարկած բանաձեւով նաեւ խրախուսական վերաբերմունք է արտահայտվում Արցախի` որպես ազատ ու անկախ ժողովուրդ զարգանալու ջանքերին` միջազգային հանրության հետ ներգրավվածության ու տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ ջանքերի առումով:

Բանաձեւի քննարկման ու քվեարկության ժամանակ նահանգի ներկայացուցիչների պալատում ներկա են գտնվել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը, հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ:

Բանաձեւը մանրամասն ու իրականությանը համապատասխանող ձեւակերպումներ է պարունակում արցախյան հիմնախնդրի մասին, նախ ներկայացնելով, թե ինչպես է 1923-ին Արցախը Ստալինի ձեռամբ հայտնվել սովետական Ադրբեջանի կազմում, իսկ 80-ականներից ինչպես են արցախցիները խաղաղ պայքար սկսել հանուն անկախության ու հանդիպել սովետական Ադրբեջանի բռնաճնշումներին` “թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային անկախության վերահաստատումը”:

Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Արցախի վրա հարձակումներին, սումգայիթյան, կիրովաբադյան, Բաքվի ջարդերին, հայ փախստականներին, այդուհետեւ, չնայած արդեն իսկ դրսեւորված անկախությանը` 1991-ին անցկացված անկախության հանրաքվեին, որին, բանաձեւի հեղինակների հիշատակմամբ, ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ ու ճնշող մեծամասնության քվեով ընտրվեց ազգային ինքնորոշումը` “ավելի քան 50 միջազգային դիտորդների հսկողության ու ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին ամբողջական համապատասխանությամբ” կայացած ընտրություններով:

“1988-ի հուլիսին Միացյալ Նահանգների Սենատը միաձայն 1989-ի ֆինանսական տարում արտաքին հատկացումների օրենքում թիվ 2690 փոփոխությունը մտցրեց` մտահոգություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ու խորհրդային կառավարությանը կոչ անելով “հարգել հայերի օրինական ցանկությունները”, նշելով նաեւ, որ “տասնյակ հայեր են սպանվել ու հարյուրավորները վիրավորվել վերջին դեպքերի ժամանակ…”.-բանաձեւում մեջբերումներ են արվում 1988-ին Սենատի ընդունած փաստաթղթից:

Բանաձեւը, ամրագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջողությունները հետպատերազմյան շրջանում, ոչ միայն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, այլեւ “խրախուսում է ԼՂՀ հարեւան ժողովուրդներինՙ խաղաղ հարաբերություններ ստեղծել ու պահպանել ԼՂՀ ժողովրդի հետ”: “Մեր երկրի առաջնորդներին կոչ ենք անում շարունակել տրամադրվող մարդասիրական ու տնտեսական վերականգնման աջակցությունը ԼՂՀ-ին` աջակցելով նաեւ ազատ ու ժողովրդավարական հասարակության շարունակական զարգացմանը”,-որոշվել է բանաձեւով:

Ռոդ Այլընդ նահանգի ներկայացուցիչների պալատն իր ընդունած բանաձեւով ընդգծում է ԱՄՆ-ԼՂՀ կապերի ամրապնդման ու ուժեղացման կարեւորությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ