26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանը դեռ գոհ չէ

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես եւ այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին եւ բարեփոխումների ընթացքին` նշեց, որ, այնուամենայնիվ, դեռեւս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը եւ հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են ոստիկանության ղեկավարության գործողությունները:

Վլադիմիր Գասպարյանը կրկին շեշտեց յուրաքանչյուր ոստիկանի ներքին բարեփոխման, ոստիկանության գործունեության հիմքում բարոյականության, պատվի, արժանապատվության արժեքները դնելու անհրաժեշտությունը` գլխավոր ցուցիչ ունենալով ազնիվ, անկաշառ ու պրոֆեսիոնալ աշխատանքը:

Խոսելով ոստիկանության աշխատանքում տեղ գտած թերությունների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դեռեւս գոհացուցիչ չէ կատարողական կարգապահության մակարդակը: Մասնավորապես, չնայած համապատասխան ցուցումներին ու հանձնարարականներին, դեռ արձանագրվում են հատկապես գյուղմթերքներ տեղափոխող ավտոմեքենաներն անհիմն ու անհարկի կանգնեցնելու դեպքեր, միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում ապօրինի ծառահատումներին:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մեկ անգամ եւս հրահանգեց առավելագույնս պահանջկոտ լինել անծածկոց թափքերով բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, գերհզոր ազդանշանային սարքերով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաների վարորդների եւ ընդհանրապես ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Անդրադառնալով ծառայողական եւ կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արդյունավետության բարելավման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ մի շարք բաժինների թերացած պետեր արդեն իսկ տույժեր են ստացել, ոմանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, եւ այդ ուղղությամբ խստապահանջ ու հետեւողական աշխատանքը շարունակվելու է:

Ոստիկանությունը ծառայում է հասարակությանը եւ այդ ծառայության գնահատականը հենց հասարակությունը կտա` շեշտեց ոստիկանության պետը` նշելով, որ շուտով վերսկսելու է մարզային այցելությունները եւ անպայման հանդիպումներ է ունենալու համայնքներում` ոստիկանության աշխատանքի գնահատականն անմիջաբար բնակչությունից ստանալու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին կոչ արեց հրատապ միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, կադրերի մարդկային ու մասնագիտական որակների կատարելագործման, հասարակության հետ համագործակցության խորացման եւ վերջնականապես միակամ ու միասնական ոստիկանական կառույց ձեւավորելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ