23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է նոր նախագիծ, որն այժմ լրամշակման փուլում է. Աննա Հովներ

ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրել է.

‹‹ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է նոր նախագիծ, որն այժմ լրամշակման փուլում է: Նախագծի նպատակն է ստեղծել նոր պետական ոչ առևտրային «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն»: Բայց, ուշադրությու՜ն. միաձուլելով Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական համույթը և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը:
Նման որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ներկայիս կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի համար 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ «պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունների օպտիմալացում, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակում» ուղղությունը:

Ես չգիտեմ վերոհիշյալ պարային համույթների ղեկավարների կարծիքն այդ կապակցությամբ, և արդյո՞ք իրենց կարծիքը հաշվի են առել, թե` ոչ, որովհետև մենք նման փորձ արդեն ունեցել ենք, երբ Երևանի մշակույթի պետական քոլեջն ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջներն անհասկանալի պատճառներով միացրեցին իրար և դարձրեցին մեկ կառույց. Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ:
Այնուամենայնիվ, արտահայտեմ իմ կարծիքը:

Վերոհիշյալ 3 պարային համույթները` 3 տարբեր կազմակերպություններ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը:

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը ստեղծվել է 1938 թվականին, որտեղ ձևավորվել է Հայաստանի ժողովրդական արտիստներ, երգչուհիներ Լուսիկ Քոշյանի, Աստղիկ Քամալյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը։ Համույթը համերգներ է ունեցել ԽՍՀՄ հայրենասիրական պատերազմի ռազմաճակատներում, ԱՊՀ քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։

Հայաստանի պարի պետական անսամբլը կազմավորվել է 1958 թվականին, որի ղեկավարներն էին այնպիսի Վաստակավոր արտիստներ, ինչպիսիք էին Վանուշ Խանամիրյանը, Սուրեն Չանչուրյանը, Գագիկ Կարապետյանը:

Արդեն ավելի ուշ`1987 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց ‹‹Բարեկամություն›› անսամբլը, որի բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում:

Առաջին հայացքից թվում է, թե երեք համույթները նույն գործն են անում, ունեն նույն ուղղվածությունը: Բայց գործնականում դրանք տարբեր են, ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր տեխնիկաներ: Եթե շարժվենք ԿԳՄՍ-ի տրամաբանությամբ, ապա բոլոր էստրադային երգիչները չպետք է այլևս երգեն առանձին, այլ` ստեղծեն անսամբլներ, իսկ ժողովրդական երգիչները` առնվազն դուետներ: Իսկ նկարիչները նկարեն ծովը նույն կտավի վրա տարբեր վրձիններով: Սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ տրամաբանություն է:

Եթե դուք ցանկություն ունեք ստեղծել ձեր կենտրոնի համար ստեղծագործական բարենպաստ պայմաններ և դրա համար եք ուզում երեք տարբեր պատմություն ունեցող համույթները միավորել, ապա ինչու՞ չեք արել դա մինչև հիմա: Պատասխանը մեկն է. դուք փորձում եք քիչ գումար հատկացնել մշակույթի ոլորտին և որոշակի չնչին բյուջե տրամադրել մի տեղ, բայց այն, որ շիլափլավ եք սարքում` դա ձեզ բացարձակ չի՜ հուզում: Որքան քիչ ազգային պարահամույթներ լինեն Հայաստանում` այդքան ձեր օգուտն է:

Ես կարծում եմ, որ այս նախագիծը թյուրիմացություն է: Չնայած, տարբեր ոլորտների միաձուլմամբ ստեղծված կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից այլ բան սպասելը ծիծաղելի է…›› :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ