16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատապարտում ենք Ալիևի ռազմատենչ և հայատյաց ելույթներն ու ակնկալում, որ միջազգային գործընկերները հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և քաղաքականության վերաբերյալ. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ու միջազգային հանրությանը կոչ անելով հստակ արձագանքել դրանց։

«Իլհամ Ալիևը ոչ միայն շարունակում է Հայաստանի և Արցախի հետ խոսել ուժի, ուժի սպառնալիքի լեզվով, այլ նաև այնքան հեռուն է գնացել, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին՝ բանակի վերակառուցումը, երկրի հզորացումն ու բնակչության թվի ավելացումը դիտելով որպես սպառնալիք Ադրբեջանի համար: Այս հռետորաբանության և գործելաոճի պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են շրջանառել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին անիրատեսական թեզը՝ այդպես էլ չդնելով դրա ներքո Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահերը:

Այն պայմաններում, երբ Ալիևը հպարտանում է, որ տարիներով նպատակադրված կերպով քարոզել է ադրբեջանցի երիտասարդների շրջանում ատելություն էթնիկ հայի հանդեպ, մեր իշխանությունները խոսում են Արցախի հարցում «նշաձողի իջեցման» մասին՝ որպես միջազգային հանրությունից եկող ազդակ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները պետք է հստակ փաստերով նույն միջազգային հանրությանը ցույց տան, թե ինչպես է Ալիևը ռասիզմ քարոզում սեփական հանրության ներսում: Քսենոֆոբիայի այդ քարոզչությունը ինքնին անհնար է դարձնում Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում Ադրբեջանի կազմում, քանի որ կա էթնիկ բնաջնջման անբեկանելի սպառնալիք: 

Պատմական փաստերի խեղաթյուրումը դարձել է Ալիևի ելույթների անբաժան մասը, որոնք զուգորդվում են Հայաստանի հանդեպ տարածքային նորանոր պահանջների առաջքաշմամբ: Այս իրողությունները փաստում են, որ մեր հարևանը իր որդեգրած քաղաքականությամբ չի գնում խաղաղության կառուցման և հաշտեցման ճանապարհով, ավելին՝ փորձում է հաղթող-պարտվող դիսկուրսի թելադրմամբ և ուժի դիրքերից առաջ քաշել իր միակողմանի պայմանները: 

Խստորեն դատապարտում ենք Ալիևի ռազմատենչ և հայատյաց ելույթներն ու ակնկալում, որ մեր միջազգային գործընկերները, որոնք անկեղծ են այս տարածաշրջանում խաղաղության հաստատման իրենց կոչերի մեջ, հստակ գնահատականներ կհնչեցնեն Բաքվի հռետորաբանության և որդեգրած քաղաքականության վերաբերյալ: 

Այս ամենը վերահաստատում է «Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումն առ այն, որ չի կարող քննարկվել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- նշված է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ