24 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը․ Շարմազանով

sharmazanov22

Երեկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա առաջինն էր, ում ընտրել էր ԱԺ-ն։ Նախագահի ընտրությունը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 1-ին, Սարգսյանի թեկնածությունը առաջարկել էին ՀՀԿ և ՀՅԴ 60 պատգամավորներ։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել, թե ինչով է պայմանավորված Արմեն Սարգսյանի հրաժարականը, սակայն ոչինչ չի բացառում՝ այն կարող է պայմանավորված լինել ներքաղաքական, արտաքին քաղաքական և անձնական որոշումով․ «Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում բերված պատճառները համոզիչ ու տրամաբանական չէին։ Այնտեղ ինձ հետաքրքրեց մի ձևակերպում՝ ճգնաժամի մասին խոսելը։ Գնահատականը, թե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը վերացել է, հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը չի կիսում։ Որևէ սցենար չեմ ուզում բացառել, սակայն նա 3,5 տարի այդ լիազորություններով աշխատել է։ Մեկն ասում է՝ պատասխանատվության խուսափում է, նոր աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ զարգացում կարող է լինել, հնարավոր է եղել այնպիսի փաստաթուղթ, որը հրաժարվել է ստորագրել, մյուսն ասում է՝ վարչապետի թիմակիցներն են ճնշել, աշխարհաքաղաքական կենտրոնի հրահանգ է, անձնական որոշում է։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է պատճառ լինել, կարող է նաև դրանց համադրությունը լինել»,- նշեց նա։ 

Ամիսներ շարունակ խոսվում է սահմանադրական բարեփոխումների մասին և այս համատեքստում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վարչապետի աթոռը փոխարինել նախագահի աթոռով։ Արդյոք նման միտում տեսնո՞ւմ է, թե ոչ՝ հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց՝ ոչինչ չի կարող բացառել։

«Ինձ համար Հայաստանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ից հետո չուներ նախագահի լիազորություններն ամբողջությամբ իրականացնող պաշտոնյա՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։ Երբ այդ օրը ԱԺ-ն ընդունեց օրենք, որի արդյունքում Փաշինյանն իր կողմնակիցների հետ մտավ և պաշարեց ԱԺ-ը, իսկ նախագահի պաշտոնում նստած Արմեն Սարգսյանը չստորագրեց այդ օրենքը՝ իր վրայից գցելով պատասխանատվությունը։ Այնպես չի, որ հիացած եմ եղել պարոն Սարգսյանի նախագահության գործունեությամբ։ Գնացողի հետևից ինչ պիտի խոսեմ․ գերարժևորել էլ պետք չէ, թերարժևորել էլ»,- ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի անձնավորություն պետք է լինի նախագահի պաշտոնում՝ Շարմազանովը նկատեց՝ այսօր Հայաստանն ունի մեկ քաղաքական պաշտոնյա, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է․ «Ընդդիմության համախմբումը պետք է լինի այս ռեժիմի դեմ պայքարը։ Կապ չունի, թե ով կլինի, ով չի լինի նախագահի պաշտոնում։ Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը կամ Պետրոս Պետրոսյանը։ Արմեն Սարգսյանը հիշվելու է իր ուղևորություններով, պատերազմի ժամանակ ադրբեջանական նավթամուղերին չխփելու երաշխիքներ տալով ու 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանի և ամբոխի կողմից ԱԺ-ի պաշարումը թույլ տալով։ Քանի դեռ Փաշինյանը իշխանության է՝ նախագահի թեկնածուն անելու է այն, ինչ նա է ասում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։ 

Սոնա Հարությունյան

lurer.com

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ