30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Ինչպե՞ս են լեգիտիմացվում Ադրբեջանի հավակնությունները․ «Փաստ»

733A05A3-3CB0-461B-A0F2-6B3A8356C53C

Պատերազմից ու հրադադարի մասին հայտարարությունից արդեն մեկ տարի է անցել, իսկ Արցախյան հիմնահարցի շուրջ դիրքային պայքարը շարունակվում է։ Ադրբեջանը փորձում է խնդիրն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների դաշտ։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խաղաղության պայմանագիր կնքելու կոչեր են ուղղում Հայաստանին։ Իսկ իրենց պատկերացրած հաշտության պայմանագրի բովանդակությունը պարզ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Միևնույն ժամանակ, Հայաստանին զիջումներ պարտադրելու համար Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ոչ միայն ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, այլև տեղաշարժի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ քաղաքացիների համար։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածին, որն ադրբեջանցիները զավթել են Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ տարածք ներխուժելուն զուգահեռ։ Դեռևս այս տարվա ամռանը ադրբեջանցիները փակեցին Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ինչը Սյունիքում ապրող քաղաքացիների տեղաշարժի, պարենի մատակարարման ու, ընդհանրապես, Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից Իրան բեռների տեխափոխման խնդիր առաջ բերեց։ Թվում էր, թե Հայաստանը պետք է ուժի միջոցով այդ հատվածից դուրս շպրտի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին կամ էլ միջազգային տարբեր հարթակներում բարձրացնի Ադրբեջանի անօրինական առաջխաղացման և հայ քաղաքացիների տարրական իրավունքները (ճանապարհի փակման արդյունքում մի շարք բնակավայրեր զրկվեցին անգամ հացի մատակարարումներից) ոտնահարող քայլերի դատապարտման հարցը։

Բայց տեղի ունեցավ անսպասելին. կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ներկայացրեց ադրբեջանական անվանումներով՝ «Էյվազլի» և «Չայզամի»։ Ուվարչապետի այդ «կախարդական» արտահայտությունից հետո ադրբեջանցիները միանգամից բացեցին ճանապարհը։ Հարց կարող է ծագել՝ ինչո՞ւ։ Շատ պարզ է, որ իր նման արտահայտությամբ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճանաչեց այդ հատվածում Ադրբեջանի իրավունքները՝ ըստ էության լեգիտիմացնելով Բաքվի նկրտումները։ Իսկ Փաշինյանի կողմից ներկայացվող հիմնավորումները հետևյալ տեսքն ունեն, թե խորհրդային ժամանակներում Որոտան և Շուռնուխ գյուղերի մոտով է անցել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի։ Սա այլ կերպ չի կարող որակվել, քան Ադրբեջանին արված միակողմանի զիջում, որովհետև չկա դրա մասին իրավական ուժ ունեցող երկկողմ միջպետական փաստաթուղթ։

Իրականում Փաշինյանն այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրավասությունը հանրությունից գաղտնի ճանաչել է դեռևս 2020 թ. դեկտեմբերին, քանի որ նա ԱԺ ամբիոնից նշեց, թե հենց այդ ժամանակ է պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ուստի հայկական կողմի դիրքորոշումն էլ թույլ տվեց, որպեսզի Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում Ադրբեջանը Իրանի քաղաքացիներից մաքսատուրք գանձի։ Չէ՞ որ եթե այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի իրավասությունը, Իրանն ինչպե՞ս կարող է չճանաչել։ Օրերս էլ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Ստացվում է, որ, առանց իրավապայմանագրային դաշտի հստակեցման, սահմանագծում է տեղի ունենում, իսկ հայկական կողմը դա նորմալ է ընկալում։ Եվ որպես ադրբեջանական կողմին հակադիր պատասխան՝ ՀՀ իշխանությունների կողմից էլ ընդգծվում է այն հանգամանքը, թե այդ դեպքում էլ Հայաստանը մաքսակետեր կտեղադրի իր հատվածում։ Բայց հարցն այնէ, որ մեր կողմից մաքսակետեր տեղադրելու իրողությունը շատ հեռու է հաղթաթուղթ լինելու հանգամանքից, քանի որ այդ ճանապարհը ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Հայաստանին։ Բացի այդ, ինչքան էլ շեշտվի այլընտրանքային ճանապարհի կարևորությունը, միևնույնն է, Տաթևի ոլորաններով անցնող նոր վերանորոգված ճանապարհը չի կարող փոխարինել Գորիս-Կապան ճանապարհին։ Հաշվի առնելով տեղանքը, այն ավելի դժվարանցանելի է հատկապես եղանակային ոչ բերանպաստ պայմաններում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ գործի են դրվում Կապանի օդանավակայանի հնարավորությունները, և այսուհետ ԵրևանԿապան-Երևան կանոնավոր չվերթներ են նախաձեռնվելու։ Մյուս կողմից՝ այլընտրանքային ճանապարհը չի լուծում Սյունիքի մի շարք բնակավայրերի հաղորդակցության հարցը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չէին կարողացել հասնել դպրոց։ Այս դեպքում արդեն պետությունը առնվազն պետք է նախաձեռնի առկա պահանջներին համապատասխան ճանապարհների կառուցում դեպի մեկուսացման մեջ հայտնված գյուղեր, ինչի մասին դեռևս որևէ խոսք չկա։ Պետք է հաշվի առնել, որ այդ բնակավայրերի հետ կապված խնդիրը ավելի կսրվի հատկապես ձմռանը, երբ ձյան հետ կփակվեն նաև այդ գյուղեր տանող արահետները։

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները ամբողջ ուժով ձեռնամուխ եղել Սյունիքի համայնքապետների վրա գործեր կարելուն ու նրանց կալանավորելուն։ Դրանով լուծվում էր հնարավոր դիմադրությունը կոտրելու հարցը, որպեսզի անցնցում զիջումներ արվեն Ադրբեջանին։ Իսկ այս հանգամանքը Փաշինյանին հնարավորություն է տալիս իր միակողմանի զիջումները հանգիստ հանրության վրա «ծախել», թե դրանց այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ