Այս պատմությունն իրականում ոչ թե իրավական վեճ է, այլ քաղաքական-սպեկուլյատիվ ներկայացում․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ կարդացի, որ Գևորգ (Արման) Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2026 թ. հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Ըստ էության՝ իշխանության գոգնոցի տակ ծվարած սույն տիրադավը գտնվում է ցայտնոտի մեջ, քանի որ նման անհասկանալի ջղաձգումները հիմնազուրկ են և «գետնի վրա» գոյություն ունեցող իրականության հետ որևէ աղերս չունեն։
Բանն այն է, որ ՀՀ դատական համակարգը փաստացի որևէ լիազորություն չունի եկեղեցու ներքին կանոնակարգումների և կայացված որոշումների նկատմամբ։ Գևորգի գործողությունները դուրս են կանոնական դաշտից, քանի որ նա զբաղվում է ինքնիրավչությամբ, իսկ Վեհափառի կայացրած որոշումը դատական կարգով վիճարկելը բացարձակապես հակասում է եկեղեցու կանոններին։
Ավելին՝ թերևս սույն անձը մոռացել է, որ Մասյացոտնի թեմը ստեղծվել է հենց նույն Վեհափառի կողմից, և նա է իր ձեռամբ այնտեղ առաջնորդ նշանակել։ Հետևաբար Կաթողիկոսը լիարժեք իրավունք ունի իր տնօրինությամբ նշանակած անձին ազատել պաշտոնից և նշանակել մեկ այլ թեմի առաջնորդ։
Ի տարբերություն, օրինակ, Կանադայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի թեմերի, որտեղ թեմի առաջնորդը նախ ընտրվում է թեմի կողմից և միայն դրանից հետո հաստատվում Կաթողիկոսի տնօրինությամբ (քանի որ այդ թեմերը բավականին կայացած են), Հայաստանի թեմերի առաջնորդները նշանակվում են անմիջապես և ամբողջությամբ ենթակա են Վեհափառի միանձնյա որոշմանը։ Ուստի տվյալ որոշումը լիովին կանոնական է, իսկ դրա բողոքարկման փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ տիրադավները պարզապես իմիտացիա են ստեղծում և փորձում հերթական անգամ քծնել Փաշինյանին։
Այս պատմությունն իրականում ոչ թե իրավական վեճ է, այլ քաղաքական-սպեկուլյատիվ ներկայացում, որտեղ եկեղեցական կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանքը զուգակցված է իշխանությանը հաճոյանալու մոլուցքով։ Ճշմարտությունն այստեղ պարզ է․ կանոնական Եկեղեցին չի ղեկավարվում փողոցային տրամաբանությամբ, և նրա դեմ իրականացվող նման քայլերը դատապարտված են մնալ պոպուլիզմի տիրույթում»:











































