26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շունչ կքաշեն

Արտաքին հատվածից թելադրված մարտահրավերների ակտիվացման պայմաններում, գործարարությունը խթանելու նպատակով կառավարությունը փորձում է բարելավել ներքին տնտեսական իրավիճակը։ Գործընկեր երկրների տնտեսություններում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային շուկաներում տեղի ունեցող գործընթացները բարենպաստ չեն Հայաստանի տնտեսության համար։

Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի հիմնական առեւտրային, տնտեսական եւ ներդրումային գործընկերը, հայտնվել է բավական բարդ իրավիճակումը։ Տնտեսական ցածր աճի պայմաններում՝ շարունակում է ռուսական ռուբլու արժեզրկումը։

Ռուբլու անկայունությունն այն աստիճան է հասել, որ սկսել է դժվարություններ հարուցել արտահանող ընկերությունների համար։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ է արժեզրկվում ռուբլին։

Այս պայմաններում արտահանողները երբեմն չեն հասցնում ռուբլու էժանացման հետեւից։ Հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով՝ արտադրողների եւ արտահանողների մոտ սկսել են ձեւավորվել որոշակի սպասումներ։

Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ռուսական արժութային շուկայում կվերականգնվի կայունությունը, ինչը թույլ կտա ճշգրտել մատակարարումների գները։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ռուբլու արժեզրկման, որքան շուկայի անկայունության մեջ է։ Մի բան, որը արտահանողների մոտ որոշակի ռիսկեր է առաջացնում։

Իրավիճակը Հայաստանի տնտեսության համար բարենպաստ չէ նաեւ միջազգային շուկաների առումով։ Տարվա կեսերից արձանագրվում է հանքահումքային ապրանքների գների նվազում։ Իջնում է ոչ միայն նավթի, այլեւ պղնձի գինը։ Եթե մեկը հարվածում է Ռուսաստանի, ապա մյուսը՝ Հայաստանի տնտեսությանը։

Արտաքին հատվածից թելադրվող այս անբարենպաստ իրավիճակին կառավարությունը փորձում է հակադրել գործարարության խթանման ուղղությամբ քայլերի իրականացմամբ։ Դրա վկայություններից մեկն էլ վարչապետի վերջին հայտարարությունն էր, հարկային ստուգումները սահմանափակելու վերաբերյալ։ Մեկ այլ դեպքում նախատեսվում է թուլացնել ավելացված արժեքի հարկի բեռը։

Մասնավորապես խորհրդարանում քննարկման ընթացքում է գտնվում օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է ներդրումային ծրագրերն ազատել ԱԱՀ-ից։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ մտած այս օրինագիծն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։

Եթե գործող օրենսդրությամբ 3 տարով ավելացված արժեքի հարկից ազատվելու հնարավորություն ունեն 200 մլն դրամ եւ ավել ներդրումային ծրագրերը, ապա արված փոփոխությունները ենթադրում են այդ սահմանափակման ընդհանրապես վերացում։

Այլ կերպ ասած, առաջարկության ընդունումից հետո բոլոր կարգի ներդրումային ծրագրերը, անկախ գումարի չափից, այլեւս սահմանի վրա ԱԱՀ չեն վճարի։ Այդ պարտավորությունները նրանց մոտ կառաջանան ոչ թե ներմուծման պահին, այլ դրանից երեք տարի հետո։

Սա անշուշտ տնտեսության համար կարեւոր քայլ կարող է լինել։ Մի բան, ինչը թույլ կտա լրացնել գործարարների մոտ մշտապես առկա շրջանառու միջոցների պակասը։ Պետությանը գանձարան գնալու փոխարեն, այդ գումարներն, ըստ էության, կմտնեն տնտեսություն՝ ակտիվացնելով տնտեսական գործընթացները։

Վ. Քոչարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ