20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եթե մենք այսօրվա վիճակում լինեինք իշխանություն ու նման օրինագիծ բերեինք, պատկերացնո՞ւմ եք ինչ ելույթներ կունենար ընդդիմադիր Փաշինյանը»․ Շարմազանով

«Եթե լինեինք ոչ հետպատերազմական վիճակում, եթե տնտեսության վիճակը լավ լիներ, եթե զոհվածների ընտանիքների ու հաշմանդամություն ունեցողների բոլոր հարցերը լուծված լինեին, գերիները վերադարձված լինեին, բոլոր վիրավորներն ապաքինված լինեին, գուցե արդյունավետ կհամարվեր, որպեսզի այդ գումարի չափը բարձրանա։ Բայց այս փուլում նման հապճեպ օրենք ընդունելը ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական սահմանների մեջ չի տեղավորվում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ի ընդունած՝ պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագծին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Որպես նախկին պատգամավոր՝ նա նշեց․ «Մշտապես համարել եմ, որ պատգամավորի աշխատանքի արդյունավետությանը պետք է օժանդակել, բայց այս խորհրդարանի ի՞նչն է արդյունավետ աշխատել։ Մեր երկրում շատ ավելի կարեւոր խնդիրներ կային, որոնց կարելի էր ուղղել այդ գումարները։

Ժողովրդի վստահության մանդատի մասին առավոտից իրիկուն բարբաջող ու ժողովրդին սիրելուց խոսող չագուճով իշխանության առաջնային խնդիրն արդյոք դա՞ էր։ Կարելի էր այդ գումարները տրամադրել փախստականներին, թոշակառուներին, մանկավարժներին։ Կրկնում եմ՝ այո, պատգամավորը պետք է ունենա նորմալ աշխատանքային պայմաններ եւ ֆինանսավորում, բայց այսօրվա իրավիճակում արդյոք դա՞ է երկրի առաջնահերթ խնդիրը։ Իհարկե ոչ»։

Նկատառմանն ի պատասխան, որ օրենքին կողմ արտահայտվողներն ասում են, թե եղած գումարը չի հերիքում մարզեր գնալու եւ խնդիրներին ծանոթանալու համար, Էդուարդ Շարմազանովը հարցադրում արեց․ «Կներեք, էլի, իսկ քանի՞սն են մարզեր գնացել, բացի մարզից ընտրված պատգամավորներից։ Վերջին երեք տարում կամ որ գնացել են, ի՞նչ խնդիր են լուծել։ Հիշում ենք, որ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ հայրենի Սյունիք գնալու համար անգամ պետբյուջեից օրապահիկ են ստացել։ Բա հիմա ի՞նչն է խնդիրը։ Ամեն ինչը պետք է արդյունավետության մեջ դիտել։ Մեր ժամանակ եթե գործուղում էր լինում, ԱԺ-ն վառելիքով ապահովում էր, նաեւ օրապահիկ։ Իսկ հիմա տպավորություն է, որ առավոտից իրիկուն գնալու են աշխատեն։ Առավոտից իրիկուն գնալու են մարզեր՝ ի՞նչ անեն, կամ այդ ո՞վ է գնում։ Որ ասում են՝ այդ գումարը չի հերիքում, ինչի ժողովրդինը հերիքո՞ւմ է։

Ճիշտ հասկացեք, ես ԱԺ ղեկավարներից եմ եղել եւ կողմ եմ եղել, որ պատգամավորի աշխատանքի արդյունավետության համար հնարավոր ամեն ինչ արվի, բայց այդ գումարը որ տան, կտեսնեք՝ նրանց արդյունավետությունը կբարձրանա՞։ 50 հազարով այդ ի՞նչ են արել, որ մի հատ էլ 250 հազարով անեն։ «Իմ քայլից» քանի՞սն են մարզեր գնացել ու ասել՝ վա՜յ, 50 հազարը չհերիքեց։ Սա է խնդիրը։ Ո՞ւր է այդ 50 հազարի արդյունավետությունը»։ Ապա Էդուարդ Շարմազանովը մեկ այլ հարցադրում արեց․ «Եթե ՀՀ-ում լիներ նույն իրավիճակը՝ պատերազմ, զոհեր, կապիտուլյացիա, այսքան խնդիրներ, եւ իշխանության լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մենք, ու մենք նման օրինագիծ բերեինք, ընդդիմադիր Փաշինյանն ի՞նչ կաներ, պատկերացնո՞ւմ եք ինչ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից։ Այս հռետորական հարցն այդ օրենքն ընդունողներին եմ ուղղում»։

Լուիզա Սուքիասյան

aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ