19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ

«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»:  Մատթեոս Ե 41-4

Մարդուն օգնելու տեսակները բազմազան են, սակայն երբ հարցը վերաբերում է օգնելուն, շատ մարդիկ այն տեսնում են միայն նյութական, դրամական աջակցության մեջ և առաջ քաշում իրենց «աղքատությունը»: Անշուշտ, կարելի է օգնել նաև առանց դրամի: Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որ տառապում են սոսկալի աղքատության զգացումից, և ամենևին էլ դրամի պակասը չէ, որ կեղեքում է նրանց հոգին: Նրանք քաղցում են սիրո պակասից` «Աշխարհում ավելի շատ սիրո ու գնահատանքի քաղց կա, քան` հացի» (Մայր Թերեզա): Աստվածաշնչում շատ հատվածներ կգտնենք, որտեղ խոսվում է օգնության տեսակների զանազանության մասին: Գուցե շատերն են նկատել, թե ինչպես կարելի է մի բարի, սրտացավ խոսքով դարմանել ինչ-որ մեկի չսպիացած վերքը: Եվ հատկանշական է, որ նրան օգնելով` չեն էլ զգացել, թե որքան են օգնում իրենք իրենց. նրան բարձրացնելով` իրենք են շատ բաների հասու դառնում նրա միջոցով: Կարևոր չէ, թե մարդն ինչ ունի կամ չունի, ով է, ինչ է իրենից ներկայացնում, ինչ փորձություններ է կրել, ինչի միջով է ստիպված եղել անցնել, կարևոր է օգնության ձեռք մեկնել այն մարդուն, ով դրա կարիքն ունի: Կյանքն ամեն ինչ վերադարձնելու սովորություն ունի. գուցե չկարողանանք տալ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է մարդուն կամ գուցե չկարողանանք արդարացնել նրա սպասելիքները, սակայն կարող ենք փոքր թվացող, չերևացող մեկ այլ բան անել մեծ նվիրումով, ինչպես Մարկոս Ճգնավորն է ասում. «Եթե կամենում ես սակավ խոսքերով օգուտ տալ նրան, ով փափագում է սովորել, խոսի՛ր նրա հետ աղոթքի, ճշմարիտ հավատքի և պատահելիք ամեն ինչ համբերությամբ տանելու մասին, որովհետև սրանց միջոցով է ձեռք բերվում մնացած ամեն ինչ, որ բարի է»։ Եվ հաճախ, երբ աղթում ենք մերձավորի համար, մեծ թեթևություն ու խաղաղություն ենք զգում՝ տեսնելով նրա երանելի, հանգիստ վիճակը: «Հարցնողներին խոսքով օգնելը լավ է, սակայն ավելի լավ է աղոթքով և առաքինություն գործելով նրանց գործակցել։ Որովհետև ով այսպիսի միջոցներով է իրեն նվիրում Աստծուն, ընկերոջն օգնելու հետ օգնում է նաև իրեն» (Մարկոս Ճգնավոր): Մեր կյանքում էլ եղել են և կան մարդիկ, ովքեր օգնում են մեզ՝ ընկած տեղից վեր կենալ, ամուր կանգնել երերացող գետնի վրա և չդողալ խարխուլ տանիքի տակ: Երբեմն մարդու համար ամենամեծ օգնությունը հոգեպես աջակցությունը կարող է լինել, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Պետք չէ ձուկ տալ, այլ պետք է ձուկ բռնել սովորեցնել»: Նման օգնությունն ուղեկցում է մեզ, և դարձել է ամուր հենարան, որով առաջնորդվելով՝ փորձում ենք նեցուկ դառնալ նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Արդարև. «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք Ի 35), քանզի մեծ է այն մարդու վարձքը, ով դա անում է սիրահոժար կերպով. «Սուրբ հայրերն ասում են, որ մարդկության թշնամին հատկապես ատում է գթասրտությունը» (սուրբ Հովհան Ոսկեբերան): Պետք չէ բարեգործություն անել՝ նկատի ունենալով անձնական շահը, այլ պետք է ականջալուր լինել աստվածաշնչյան այն խոսքին, թե. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս ԺԶ 9): Բազում շնորհներ կան մարդկանց ի վերուստ տրված, որոնցով մարդը ծառայում է ուրիշներին ու ծառայեցնում իր բարօրության համար: Հաճախ ենք ականատես լինում կամ լսում այս կամ այն մարդուց, թե. «Մարդուն բարիք արեցի, իսկ նա երախտամոռ դուրս եկավ»: Աստված ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրեցիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք»։ …«Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս ԻԵ 35-40): Երբ մենք առաջնորդվում ենք ավետարանական այս խոսքերով, ապա ըմբռնում ենք, որ բարիք գործելիս կատարում ենք մեր պարտականությունը՝ այն է օգնել մեր նմանին ի փառս Աստծո: Ինչպես որ մարդիկ են տարբեր, այնպես էլ նրանց տրված շնորհներն են տարբեր, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ունեցածը կիսել և ի շահ ամենքի բանեցնել իր կարողությունները՝ լինեն հավատի գործեր, բարի կամեցողություն ու խոսք, աղոթք, նյութական թեկուզև փոքր օգնություն, որոնք, իհարկե, պետք է գործածվեն ըստ Աստծո կամքի և Նրա փառքի համար: Մեզանից և ոչ ոք զորավոր չէ այնպես, ինչպես Աստված, բայց մեզանից ամեն մեկն իր գործն անելով կարող է մի մեծ բան անել իր եղբորը, քրոջը, ծնողին, որդուն, բարեկամին, նույնիսկ կարծեցյալ թշնամուն, որոնք մեկ են ի Քրիստոս Հիսուս: Մեր Տերը պատգամում է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս ԻԲ 39): Ի վերջո, ինչ անում ենք, ինքներս մեզ ենք անում, ինչ տալիս ենք և թվում է, թե այլևս չունենք, որոշ ժամանակ անց կրկնապատկված վերադառնում է մեզ: Այսպիսով, մենք արարելու շնորհ ունենք և ունակ ենք դառնալու աստվածային զորության կրողներ: Բարեգութ Աստված ողորմում և իմաստություն է շնորհում մեզ, որպեսզի մենք բարիք գործելուց երբեք չձանձրանանք, չթուլանանք ու չտկարանանք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ