24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահքի ժամանակ եթե զրկում ես քեզ և չես ուտում, բայց նաև չես աղոթում, քո պահածը պահք չէ

Ա օր Առաջաւորաց պահոց
 
Պահքի մասին իմ լսած և կարդացած բոլոր նյութերից և քարոզներից պատրաստել եմ մի փունջ խրատ, որպեսզի միասին վայելենք այսօր:
 
Ի՞նչ չի կարելի ուտել պահքի օրերին.
 
Մի՛ կեր վատ լուրեր և սուտ խոսքեր.
Մի՛ կեր բամբասանք և նախանձ.
Մի՛ կեր զրպարտություն և անտարբերություն:
 
Դու այսօր ապրում ես խաբված աշխարհում և լսում ես կեղծիք, խաբեություն, քծնանք, բամբասանք, բանսարկություն, մեղադրանք, քաղաքական կեղտեր: Դադարեցրու դրանք լսել, արդեն պահք է:
 
Պահքի ժամանակ եթե զրկում ես քեզ և չես ուտում, բայց նաև չես աղոթում, քո պահածը պահք չէ: Վարորդը եթե պահքի ժամանակ ուտում է իր ամենօրյա ուտելիքը, և զսպելով իրեն` չի հայհոյում, արդեն պահք է:
 
Եթե պահք պահողը գիտակցաբար չի լսում իր սիրած երգը, չի նայում իր սիրած ֆիլմը, չի նայում ակնահաճո նկարներ, չի հետևում ականջ շոյող խոսքերի, սա պահք է համարվում:
 
Ազատիր քեզ այդ բոլորից և կլինես մեծ պահեցող:
 
Ռուս սրբերից մեկն ասում է. «Կերածդ այնպես է ստորանում քո որովայնում, որպեսզի դու հասկանաս, որ ուտելու համար չես ապրում»:
 
Միլիոն քրիստոնյա Սուրբ Գիրք չի կարդում: Թող ուտեն, բայց կարդան, դա պահք է: Աստվածաշնչի մեկնաբանները ասում են, Սուրբ Գիրք չկարդացող մարդը նման է առանց կողմնացույցի նավարկության դուրս ելածին: Կիրակիից բացի մի օր էլ ավելացրու եկեղեցի գնալդ պահոց օրերին: Եթե դու այնքան ես վարժվել, որ սիրում ես Աստծուն, ապրում ես Նրա խոսքով, և ուտում ես ամեն ինչ չափավոր, դա էլ պահք է: Բայց այդպիսիք քիչ են, կամ չկան:
 
Պահքը նրա համար է, որ կյանքդ փոխվի Աստծով և Աստվածաշնչով: Թե չէ անգիտակցաբար չուտելով պահք չես պահի, այլ կվնասես առողջությունդ, իսկ քո մարմինը Աստծո տաճար է կոչվում, իրավունք չունես այն վնասելու: Ուշադիր եղիր հոգուդ նկատմամբ, քանի որ հոգիդ անմահ է:
 
Մեր սիրելի Մանդակունի Հայրապետը ասում է.
 
«Ցամաքած որովայնները պիղծ խորհուրդներ չեն ծնում, իսկ կերակուրի աղբով փափկացած որովայնները մշտապես աղտեղի խորհուրդներ են վեր հանում: Հետևաբար հիշիր քաղցի տագնապը, ոչ թե տանջվիր որովայնի ծանրությունից»: Էլ ի՞նչ ասեմ պահքի պնդության մասին, երբ Տերունական Անմեղ և Անարատ մարմնին պետք եղավ պահքի պնդությունը` մեզ օրինակ լինելու համար:
 
Աղոթք
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր որ գնամ նրանց շավղով:
 
Սբ. Եփրեմ Ասորի
 
Պատրաստեց՝ Ծովիկ Դավթյանը
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ