19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Զղջումի պահը

21eac2c60242095d506639d2f2fbd4ae

«Թերահավա՛տ, ինչո՞ւ  երկմտեցիր»

Ավետարան ըստ Մատթեոսի` 14:29-31

Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը իր ելույթում ուղղակիորեն հնչեցրեց հետևյալը. «Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է… Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ… Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել»։

Փաստացի Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է «պահպանել» իշխանությունը` Արցախը պահելու համար: Այնուհանդերձ, այլևս ոչ անհայտ ուժեր  գործընթացը ներկայացրեցին՝ որպես իշխանավարման երրորդ շրջանին անցնելու փորձ: Միայն իշխանությունը պահելու համար, ինչպես դա անում են ներկայիս կապիտուլյացված իշխանությունները, Սերժ Սարգսյանը կարող էր հանձնել Արցախը: Սակայն նա գերադասեց հանձնել իշխանությունը՝ Արցախը պահելու դիմաց: Զրկվելով Արցախի հարցն իր տրամաբանական և վերջնական լուծմանը հասցնելու մանդատից` Սերժ Սարգսյանը դրա բախտը պարտադրաբար հանձնեց ժողովրդական զանգվածներին:

Ա՛յլ հարց է, թե ի վերջո ում փոխանցեցին Արցախի բախտը և Հայաստանի սուվերենությունը այդ նույն ժողովրդական զանգվածները և ի՞նչ արդյունքի հասան:

Հասարակության և իշխանության միջև փոխհարաբերություններում, ինչքան էլ տարօրինակ է, բայց լեգիտիմությունը չի կարող խաղալ առաջնային ցուցիչի դեր, քանի որ վերջինս սոցիալ-հոգեբանական երևույթ է, ուստիև ենթակա արտաքին ուղղորդումների և քարոզչական մանիպուլյացիաների: Նավթադոլարներով սնուցված հենց այդ զանգվածային հոգեբանական գործիքներով էլ արհեստականորեն գեներացվեց Սերժ Սերգսյանի հանդեպ առկա ընկալումների վակուումը: Հասարակություն-իշխանություն հարաբերություններում էական է նպատակադրումային հետևողականությունը, ասել է թե, որքանով է գործող իշխանությունը հետամուտ ժողովրդի առաջնային կենսական խնդիրների սպասարկմանը:

Կասկածից վեր էր, որ անվտանգության խնդիրը հայ ժողովրդի և հայկական պետությունների թիվ մեկ մարտահրավերն էր, սակայն խաղարկելով ներգործության ենթակա հասարակական հոգեբանությունը, արտաքին գործակալական ուժերին հաջողվեց ստանալ լեգիտիմության կեղծ  ճգնաժամ: Առանձին վերցրած՝ գոյություն չկա Արցախի խնդիր, դա Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության հարցն է: Առանձին վերցրած՝ չկա նաև Հայաստանի անվտանգության խնդիր, դա Ռուսաստանին իր ազդեցության գոտուց դուրս մղելու և պանթուրքական գոտին սպասարկելու արևմտյան ձգտումն է:

Հայաստանին առաջարկվում են անվտանգության երաշխիքներ, եթե վերջինս ընդունի Արևմուտքի խաղի կանոնները և վերածվի հակառուսականության պլացդարմի: 2008-2018թվականներին` անվտանգության կենսական երաշխիքները հետզհետե փոխարինելով սպառողական ապրելակերպի պահանջմունքներով` սորոսական գործակալական ցանցին հաջողվեց սողոսկել հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների դաշտ և սեփական օրակարգը թելադրել:

Հայաստանի վարչապետի պաշտոնին դեռևս թյուրիմացաբար գտնվող դավաճանը հայտարարել էր, որ չի զբաղվում աշխարհաքաղաքականությամբ, ինչը թերևս բնական է, իշխանություն զավթած գործակալներն իրենց իջեցված հրահանգները կատարելու համար են, այլ կերպ ասած, աշխարհաքաղաքականությունն արդեն զբաղված է նրանցով:

2008թ.-ի մարտի 1-ից արևմտյան միջոցներով Հայաստանում աշխատող և նրանց ուղեղային կենտրոնների կողմից կառավարվող գործակալական ցանցերն ակտիվ ներխուժեցին հասարակական կյանքի սեկտորներ, պետական իշխանության մարմիններ, ինչո՞ւ ո՛չ, նաև գործող իշխանական կուսակցության շարքեր: Ձևավորվեցին 5-րդ և 6-րդ շարասյուններ, որոնք պատրաստակամ սպասում էին իրենց իջեցվող արտաքին հրահանգներին: 2008թ.-ից սկսած, արտաքին գործակալական ցանցի նկրտումներն էին.

Արցախը հանձնել Ադրբեջանին և ապաշրջափակել տարածաշրջանը:

Ապահովել թուրք-ադրբեջանական տնտեսական և ժողովրդագրական գրոհը:

Հայաստանի ձախողումները վերագրել ՌԴ-ի ենթադրյալ «անգործությանը»:

Կասեցնել հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և հանել Գյումրու 102-րդ ռազմաբազան, հեռացնել Ռուսաստանը տարածաշրջանից:

Ստեղծել մեկ ինտեգրված վարչական միավոր` ի դեմս թուրքական խնամակալության` հանձնել անգլոսաքսերի տնօրինությանը:

Մոտենում էր ժամանակը, որ արցախյան հիմնախնդիրը կստանար իր արդարացի լուծումը, հիշենք ալիևյան խոստովանություններն Արցախը ճանաչելու ճնշումների մասին: Սակայն արևմտաթուրքական գործակալական ցանցերին ի վերջո հաջողվեց գունավոր հեղաշրջման միջոցով հեռացնել օրինական իշխանությունը և հաստատել խամաճիկային վարչակազմ, որը պարտվողական պատերազմով հրաժարվեց Արցախից և հանձնեց Հայաստանը:

Դավադիր ծրագրի առաջին պարտադիր կետն այլևս իրականություն է, և գործընթացներն արդեն ընթանում են հաջորդ կետերի իրագործման ուղիով: Նշվածում համոզվելու համար բավարար է հիշել 2018թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները, որով կոչ էր արվում հրաժարվել պատմական «կաղապարներից» և պատրաստվել թուրքական ինտեգրացիայի:

Հայաստանի գլխովին ջախջախումից խուսափելու և օտարերկրյա գործակալական ծրագրերի կանխման տեսանկյունից, թերևս, էական է հասկանալ 2008-2018 թվականների Հայաստանի ֆենոմենը, այլ կերպ ասած՝ խորամուխ լինելու Սերժ Սարգսյանի Հայաստանի առանձնահատկությունների մեջ: Հայաստան, որը դիմակայեց երկու տնտեսական ճգնաժամ, մեկ ապրիլյան պատերազմ, մեկ զինված ահաբեկություն և այլ մանր ու միջին դիվերսիաներ: Եվ այդ ամենով հանդերձ` Հայաստանն ուներ ներքին կայունություն, միջազգային բարձր հեղինակություն և զարգացման ոչ թռիչքային, բայցև կայուն սանդղակ:

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը չհանձնելու գրավականները երեքն էին.

  1. Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ, որը չեզոքացնում էր Հայաստանի անվտանգային սպառնալիքները և ստեղծում տնտեսական կյանքի պահպանման բարձիկներ:
  2. ԵՄ-ի հետ ակտիվ զարգացող կապեր, որը լրացուցիչ քաղաքական երաշխիքներ էր ստեղծում արցախայության ինքնորոշման ճանաչման մասով:
  3. Բանակաշինության չդադարող գործընթաց, արդի սպառազինությունների ձեռքբերում, հասարակական ընկալումներում «Ազգ-բանակ» գաղափարի հաստատում:

Թերևս, 2008-2018 թվականների չհանձնված Հայաստանը ուներ նաև իր մի շարք առանցքային փորձությունները, որոնց տրված խելամիտ լուծումները  պայմանավորեցին նրա անառիկությունը:

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Որոշումը որակվեց՝ որպես մեկ գիշերում կայացված, որպես տուրք առկա ճնշումների: Սակայն գուցե այդ որոշումն ավելի վաղ էր կայացվել և անհրաժեշտ չէր բարձրաձայնել՝ Արևմուտքի գործակալական հակազդեցություններից խուսափելու համար: Հիմք ընդունելով Հայաստանի անվտանգային և ռազմավարական շահերը սպասարկելու միտումը` Սերժ Սարգսյանն իրավամբ կայացրեց կենսականորեն անհրաժեշտ վճիռ՝ ապահովելով Հայաստանը չհանձնելու թիկունքային խորությունը:

Կարծում եմ, որ հենց այդ վճիռն էր գրգռել այլևս Հայաստանում սկիզբ առած հակառուսական հիստերիան` իր գագաթնակետին հասած  Գյումրվա ընտանիքի ողբերգական սպանությամբ: Ոճրագործություն, որտեղ, թերևս, նկատելի էին թուրքական հատուկ ծառայությունների ականջները: Այդ նույն որոշմամբ կարող էր գեներացված լինել նաև 2016թ.-ի ՊՊԾ գնդի ահաբեկչական գրավումը և զինված հեղաշրջման փորձը:

Սակայն կա ամենակարևորը` հենց այդ որոշումը մեզ թույլ տվեց 2016թ.-ին պատերազմը կանգնեցնել չորս օրում, նվազագույն զոհերով, հաղթական ելքով և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական խոշորագույն ձեռքբերումներով: Եվ հենց այդ պատճառով` հողատու դավաճանը հայտարարեց, որ բանակցությունները չի սկսելու Սերժ Սարգսյանի կետից, քանզի դա Հայաստանը չհանձնելու անվերադարձ կետն էր այլևս:

Հայ ժողովրդի ներկա վիճակն ակամայից Աստվածաշնչյան տեսարան է հիշեցնում, երբ Պետրոս առաքյալը սկսեց քայլել ծովի վրայով, մի պահ երկմտեց, կասկածեց ու սկսեց սուզվել: Ապա վախի ու կասկածի մեջ կանչեց. «Տե՛ր, փրկիր ինձ»: Հիսուսը երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր»: Ու նրանք նավակ բարձրացան:

Կարծում եմ, որ, եթե մեր ժողովուրդը զղջա, ու ի հայտ գա նոր ընտրանի, ապա հնարավոր կլինի փրկվել: Վստահ եմ, որ Հայաստանը չհանձնած ղեկավարը մեզ թողել է փրկվելու հնարավորություն, տարածություն, որը կարող է մեզ դուրս բերել այս կործանարար իրավիճակից: Սակայն դա անելու համար հարկավոր է վստահել և հավատալ Հայաստանի գոյության ակունքներում կանգնած ղեկավարի խորագիտությանը և բանիմացությանը:

2015թ.-ին, երբ նախաձեռնվեցին սահմանադրական բարեփոխումները, դրանք որակվեցին՝ որպես իշխանությունը կոստյում դարձնելու միջոց` քարոզչական թեզ, որը կուրորեն որդեգրվեց մեր ժողովրդի կողմից, ով կրկին կուրորեն չի տեսնում, թե ո՞ւմ հագին է այդ նույն կոստյումը: Իսկ գուցե՞ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց անցումը խորհրդարանական կառավարման մոդելի, որպեսզի նման խնդրահարույց իրավիճակներում հնարավոր լինի վերջնականապես չհանձնել Հայաստանը:

Լևոն Նազարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ անդամ 

Աղբյուրը՝ Իրավունք

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ