19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Դրսից ազդակներ են ստացվում՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը․ Փաստ

պուտին փաշինյան_0

Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում և դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի և ձախողման արդյունք էր։ Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր իշխանությունների ապաշնորհությունը և ապիկարությունը։ Նրանց ոչ միայն չհաջողվեց ռազմական ոլորտում էական հաջողությունների հասնել, այլև դիվանագիտության ասպարեզում ձևավորել Հայաստանի համար ձեռնտու մթնոլորտ։

Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, և ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության և կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով և չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։

Սակայն խնդիրը միայն ռազմական գործողությունների վերսկսման հարցով չի սահմանափակվում, ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու կերպով դրսևորեցին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո և ի վիճակի չեն անգամ հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերն առաջ մղել։ Ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնել է, որ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացը տապալման է տանում, որի տեսանելի արդյունքն է ռազմական պարտությունը։ Փաշինյանն անգամ ընդունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Բայց միայն ընդդիմությունը չէ, որ այս իրողությունը երևան է հանում։ Հայաստանի դաշնակիցները նույնպես խոսում են այս մասին։ Ռուսաստանից արդեն որերորդ անգամ դիվանագիտական ապտակ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Բոլորս հիշում ենք, որ օրեր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել 44-օրյա պատերազմի մասին իր հոդվածը, վերջինս փորձել էր պատասխանել այն կարևոր հարցին, թե ինչու՞ տեղի ունեցավ պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Փաշինյանի հոդվածից տպավորություն էր առաջանում, որ ռուսական առաջարկների արդյունքում է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մղվել բանակցային օրակարգից: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ նշելով, թե այն պնդումները, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։ Իր սովորության համաձայն, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանն իր հոդվածում փորձում է մեղավորներ փնտրել և ինչ-որ կերպ արդարանալ, որ չի կարողացել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն առաջ մղել։

Հետաքրքրական են հատկապես ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ վերջերս ունեցած մամուլի ասուլիսի շեշտադրումները, որոնցում նա պարզորոշ կերպով մեր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել։ Ուշագրավ է, որ Լավրովը հայտարարեց, թե ռազմագերիների խնդիրը դեռևս լուծված չէ, քանի որ հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Այսինքն՝ հայկական կողմի բարձիթողի վերաբերմունքի արդյունքում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ձգձգել գերիների արտահանձնման հարցը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր, ապա ինչո՞ւ մեզ մոտ եղած ռազմագերիներին և անգամ ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնեցինք Ադրբեջանին։ Ռուսական կողմից եկող այս ազդակները ևս վկայում են այն մասին, որ իրենք չեն կարող անհրաժեշտ չափով պաշտպանել Հայաստանի շահերը, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն այդ շահերը ներկայացնել, իսկ ավելի կոնկրետ՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ