26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի վարչապետությամբ գնալ ընտրությունների՝ ինքնասպանություն է

Իշխանության օրակարգում այսօր գլխավոր հարցն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Անգամ տոն օրերին չեն դադարել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ամեն ինչ անում են նոր ԸՕ-ով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր կուսակցությունների «17 պլյուս» ֆորմատն էլ ակտիվ բողոքի ակցիաներ չի իրականացնում, ցուրտ է, Ամանոր էր։

Բայց երբ առիթ է լինում, հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, եւ անցումային շրջանի վարչապետ չի նշանակվել նրա տեղում, որն էլ կկազմակերպի ընտրությունները։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի մասնակցելու արտահերթ ընտրություններին՝ չի լեգիտիմացնելու Փաշինյանի վերընտրությունը։ Մենք զրուցեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

 

– Դուք հայտարարել եք, որ դեմ եք արտահերթ ընտրություններին, պահանջում եք Փաշինյանի հրաժարականը։ Եթե, այդուհանդերձ, ընտրությունների մասին հայտարարեն, ՀՀԿ-ն կմասնակցի՞։

– Չեն հայտարարի ընտրություններ․ կա կոնսենսուս մինուս մեկ։ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները` ե՛ւ խորհրդարանական 2 խմբակցությունները, ե՛ւ արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժերը պահանջում են հողատուի հրաժարականը, որովհետեւ դավաճանական ակտի արդյունքում Արցախի 75 տոկոսը տվել է թուրքին, Հայաստանից է տարածքներ տալիս, հիմա էլ իրականացնում է Քեմալի եւ Էնվեր փաշայի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ է տալիս Նախիջեւանին։ Սա ազգային խայտառակություն է։ 

– 2 ամիս է՝ չի հաջողվում Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, եւ նա գնում է արտահերթի։

– Եթե Փաշինյանի վարչապետությամբ կլինեն արտահերթ ընտրություններ (ինչին ես չեմ հավատում), ես՝ Էդուարդ Շարմազանովս, չեմ պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին, որովհետեւ չեմ պատրաստվում լեգիտիմացնել դավաճանի կողմից  կազմակերպված քաղաքական կեղծ գործընթացը, ավելին՝ ՀՀԿ-ն շատ հստակ հայտարարել է, որ մենք չենք մասնակցի նման ֆարսի։ Մենք դավաճանի հետ մրցապայքարի մեջ մտնելու ցանկություն չունենք։ Ընտրությունը մրցապայքար է, գաղափարների բանավեճ, ես գնամ հողատուի հետ ի՞նչը բանավիճեմ, եթե համոզված եմ, որ պատերազմի սկսման, պարտության, հողատվության, ազգային արժանապատվության կորստի ողջ մեղքն իր մեջ է։ Գնամ հետը մասնակցեմ, որ լեգիտիմացնե՞մ։ Մենք իր հետ ունենք քննարկելու մի բան՝ անցնցում հեռացումն իշխանությունից։

– Դուք ասում եք՝ նրա հեռանալու հարցի շուրջ կա կոնսենսուս, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է նա արձագանքում․․․

– Բա չկա՞․․․ ԲՀԿ-ն հայտարարել է, «Լուսավորը»՝ նույնպես, արտախորհրդարանականներ, նախկին, ներկա նախագահներ, երկու կաթողիկոսներ, ԳԱԱ, Գրողների միություն եւ այլն։

– Ձեր՝ 17-ի մեջ կոնսենսուս չկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ։ ԲՀԿ-ն հանդիպում է Փաշինյանի հետ, Արա Սահակյանն իր անձնական կարծիքն է հայտնում, որ ընտրությունների դեպքում պետք է մասնակցել։ Ինչո՞ւ, գուցե հասկանում են, որ այլ տարբերակ չկա՞։

– Ամեն կուսակցություն իր կարծիքն ունի, մեր դիրքորոշումը ես հայտնեցի։ Հայաստանում այսօր պետք է լինի մեկ քաղաքական օրակարգ, եւ դա հողատուի անցնցում հեռացումն է։

– Լավ,  բայց նա չի հեռանում, ասում է, որ այդ պահանջը հանրային աջակցություն չստացավ, փողոցում հազարներով մարդիկ չկան, ասում է, որ ինքն ավելի շատ աջակիցներ ունի, ուստի լավագույն լուծումը նոր ընտրություններն են։

– Նախ՝ Ձեր ասած 17 ուժերը, որը հիմա Հայրենիքի փրկության շարժում է, իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են, հետեւյալն է՝ սա պետք է հրաժարական տա, ստեղծվի հակաճգնաժամային կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, եւ մեկ տարի հետո նոր միայն արտահերթ ընտրություններ է պետք  անել։ Նիկոլի ժամանակ գնալ արտահերթ ընտրության՝ սա նոր բախումներ են, նոր ցնցումներ, որոնք Հայաստանին պետք չեն։

– Ձեր գործընկեր ԲՀԿ-ն այդ դեպքում ինչո՞ւ հանդիպեց Փաշինյանին։

– Ես իմ կուսակցության մասին կարող եմ խոսել, իրենց հարցրեք՝ ինչի գնացին հանդիպեցին։

– Գուցե ավելի ռեա՞լ են նայում երեւույթներին, որ փողոցով հնարավոր չէ հասնել Փաշինյանի հրաժարականին, մնում է մյուս ճանապարհը։

– Նախ դա փողոցով չէ միայն, դա քաղաքական-հասարակական ճնշումով է։

– Փաշինյանի համար փողոցն է կարեւոր։

– Իմ համար էլ հայրենիքի շահն է կարեւոր։ Ընդհանրապես, դուք կասկածո՞ւմ եք, որ նա ընտրություններ է ուզում անել, որ վերարտադրվի։ Մենք տեսանք՝ մարդը ոստիկանական շքախմբով, վահանների ետեւը պախկված, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ զոռբայությամբ մտավ Եռաբլուր․ ի՞նչ երաշխիք, որ նույնը չեն անելու ընտրությունների հետ։

– Իշխանությունն ասում է՝ մեզ ձեր արշինով մի չափեք, այդ դուք եք ընտրություն կեղծել։

– 18 թվականի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են եղել՝ ատելության ու վախի մթնոլորտում։ Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց, մինչ այդ բոլորին սկսեց ասֆալտին փռել, ՀՀԿ-ական համայնքապետերի վրա քրեական գործեր հարուցեց եւ այլն։ Մոռացե՞լ եք վախի մթնոլորտը, երբ մարդիկ վախենում էին անգամ շտաբ մտնել։ Բա կեղծիքն էլ ո՞նց է լինում։ Եթե վախի, ատելության մթնոլորտ է լինում, ամբողջ ռեսուրսն օգտագործում է, դա կեղծիք չէ, այլ ժողովրդավարակա՞ն է։

– Հա, բայց Սերժ Սարգսյանի տարիների պես, ասում են՝ նկարչություն չեն արել։

– Բա եթե նման թվանկարչություն է եղել, այսօր այդ թվացյալ թվանկարիչները ԿԸՀ-ում նստած չե՞ն, ո՞նց է մինչ էսօր Մուկուչյանն իր պաշտոնում աշխատում, գլխավոր դատախազը, ով մեր թիմից թռավ իր գիրկը, ո՞նց է ծառայում իրեն։ Դրա համար եմ ասում՝ մեր խնդիրն էսօր խորհրդարանում 10, 20 մանդատ ունենալը չէ, ամեն գնով իշխանության գալը չէ։

– Կարծում եք՝ ովքեր Փաշինյանի հետ արտահերթի օրակարգով հանդիպել են, մանդատային գործարքի՞ են գնացել։

– Նախ, եկեք ֆիքսենք մի բան․ ովքեր որ հանդիպել են, գոնե 2 խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, հանդիպումից հետո հայտարարել են, որ դեմ են ընտրություններին, եւ այդ օրակարգով նրա հետ որեւէ քննարկում չեն ունեցել։

– Չեն էլ ասել՝ եթե ընտրություն լինի, կմասնակցեն, թե ոչ։

– Դրա համար էլ մենք ՀՀԿ-ն ենք, իրենք՝ ուրիշ կուսակցություն։ Մենք այս փուլում ասել ենք՝ Հայրենիքի փրկության շարժումը մինչեւ այս պահն այլ օրակարգ, քան Նիկոլի անցնցում հեռացումն է, չունի։

– Իսկ միասնական մասնակցությունն ավելի ճիշտ չէ՞, որովհետեւ կարող են մի քանիսը մասնակցել, իսկ նրանք, ովքեր կմերժեն, կհայտնվեն լուսանցքում։

– Մի վախեցեք, մենք լուսանցքում չենք մնա։ Եթե էս 3 տարում չենք մնացել, սրանից հետո էլ չենք մնա։ Մեր նպատակը պառլամենտում ամեն գնով հայտնվելը չէ, այլ հայրենիքն այս հողատուից ազատելն է։ Ովքեր կմասնակցեն, աստված իրենց հետ, թող գնան հողատուի հետ ընտրության։ Կարող է ինքը հրաժարական տա, իրենց թիմից մեկ այլ մարդ լինի, դա էլ կարելի է քննարկել, բայց կոնկրետ Նիկոլի վարչապետությամբ գնալ ընտրությունների՝ ինքնասպանություն է։

– Ձեզ մեղադրում են ռեւանշիզմի մեջ, ասում են՝ գիտեն, որ ձայն չունեն, դրա համար ուզում են․․․

– Գլուխները պատով են տալիս, ովքեր մեզ մեղադրում են ռեւանշի մեջ։ Նախ, Վազգեն Մանուկյանը միանձնյա իշխանություն չի ունենալու, լինելու է կոլեգիալ կառավարում։ Մենք եզակի քաղաքական ուժն ենք, որ չենք ձգտում իշխանության։ Եթե հիշում եք, նոյեմբերին հարթակից ես հայտարարեցի՝ եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հրաժարական տա, ես պատրաստ եմ դուրս գալ քաղաքականությունից։ Որ մեր նպատակն ամեն գնով իշխանությունը պահելը լիներ, կպահեինք։

– Մարդիկ կարծում են՝ տվեցիք, որովհետեւ գիտեիք, թե ինչ է լինելու, եւ ձեր իշխանության ժամանակ էին տարածքների շուրջ համաձայնության եկել։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրն այնպիսի կետի էիք հասցրել, որ այս ելքն անխուսափելի էր։

– Գլուխը պատովն է տալիս Նիկոլ Փաշինյանը, որ նման բան է ասում, ով որ նման բան է ասում՝ նույնպես։ Մեր իշխանության ժամանակ եղել է պատերազմ, 4 օր է տեւել, դրանից հետո ի հայտ են եկել Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ծնկի է եկել Ալիեւի առաջ, մեր ժամանակ Ալիեւը չէր համարձակվում նման կերպ խոսել, ավելին՝ Պուտինն Ալիեւի վզից բռնած՝ բերեց եւ Սանկտ Պետերբուրգում հայտարարություն ստորագրել տվեց, դրանից հետո Ալիեւը հայտարարեց, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մենք իրենց ժառանգել ենք ամբողջական Արցախ, ուժեղ բանակ, անվտանգ Հայաստան։ Ինքն Արցախի 75 տոկոսը տվեց թուրքին, Սյունիքից էլ է տարածքներ տալիս, տվել է հազարավոր զոհեր։

– Ասում են՝ որ բանակը չթալանեին, պատերազմում կհաղթեինք։

– Եթե բանակը թալանած լինեինք… մի հոգի բռնված չէ էդ թալանի համար։

– Դրան էլ բացատրություն ունեն՝ դատավորները ձեր նշանակածներն են․․․

– Ես էլ ասում եմ՝ իրենք են թալանել։ 130 միլիոն դոլար տվել ՍՈՒ-եր են առել՝ առանց հրթիռների, որոնցից որեւէ մեկը չի բարձրացել՝ պաշտպանելու Արցախի օդը, էն օդը, որը, ասում էին՝ ամբողջությամբ փակ է։

 Լուսինե Շահվերդյան

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ