17 Հունվարի, Կիրակի, 2021
KFC

«Փաշինյանը թույլ է տվել սխալներ, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում թշնամիներին». Վիգեն Սարգսյանը 2,5 տարի առաջ մատնանշել է Նիկոլ Փաշինյանի սխալները

nikol-pashinyan-vigen-sargsyan

Երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ներկայացնող հիմնական գործիչների մինչև տեղի ունեցավ բանավեճ։

Բանավեճի սկզբում Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դիմելով նոր իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ իշխանությունների կողմից հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց։

«Ով իմ դեմ է՝ ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է՝պետության դեմ է, ով իմ դեմ է՝ հանցագործ է, մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին։ Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ և ուղիղ ճանապարհն է։ Հետևաբար՝ արտահերթ ընտրություններն այդ վտանգը կանխելու և դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է։ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ թույլ է տվել սխալներ, որոնց վերաբերյալ կխոսենք այս բանավեճի ընթացքում, դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում թշնամիներին։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ընտրությանը ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով, որի ներկայացուցիչներն ունակ չեն ամրացնելու պետականությունը։ Մեր երկրում առկա բազմակարծության ու մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխեք դա։ Այլատյացության և փողոցային բառապաշարը հանրային դաշտ արդեն ներմուծվել են և կդառնան դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին դա չկանխենք։ Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա։ Տնտեսությունը գահավիժում է, և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա, այդ օրը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դա յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ Հայաստանը վերածվելո՞ւ է միանձնյա բռնապետության, թե՞ կանցնի բարդ, բայց պլանավորված ու հակակշիռ համակարգի»,- իր խոսքում ասել էր Վիգեն Սարգսյանը։

2018-ի դեկտեմբերին վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան կոչը դատարաններն արգելափակելու մասին չէր հնչել, Սահմանադրական դատարանում կադրային ջարդ չէր եղել, ֆեյքերի բանակի՝ լրատվամիջոցների և ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին քննադատողների դեմ պատերազմն այնքան ակտիվ չէր, որքան դրանից ամիսներ հետո:

Փաստորեն՝ Վիգեն Սարգսյանի խոսքը 2,5 տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից դարձավ իրականություն։

2019-ի մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց ժողովրդին՝ «Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ: Վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը»։ 1000-1500 մարդ հետևեց վարչապետի կոչին: Փակեցին բոլոր դատարանների մուտքերը, և մեկ ամբողջ օր դատարանների աշխատակիցները չկարողացան մուտք գործել դատարաններ։ Հազարավոր քաղաքացիներ զրկվեցին հնարավորությունից, որպեսզի իրենց վերաբերող տարբեր գործերով քննություն իրականացվի, որոշումներ ու վճիռներ կայացվեն:

Իսկ երկրի վարչապետն այդ անակնկալ և օրենքի կոպիտ խախտումով հայտարարությունն արեց, երբ մեկ օր առաջ՝ մայիսի 18-ին, Նորքի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց:

Այս տարվա ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ անդրադարձավ դատավորներին ու դատական համակարգին: Նա ասել էր՝ երբ ստորագրվի «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը, փոփոխություններ կարվեն «Դատական օրենսգրքում», ու բոլորը ստիպված գողացածը հետ կբերեն: «Հիմա էլ էդ վնգստացող դատավորների հերթն ա գալիս, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն: Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա, կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ:

Բոլորի հերթը գալու ա, և ես, ընդհանրապես, կասկածելու որևէ տեղիք չունեմ: Այսինքն՝ էս պրոցեսը կարող եք կանգնացնել մենակ դուք, մենակ ժողովուրդը: Մենակ ժողովուրդն ա, որ ինձ կարա կանգնացնի: Ուրիշ ոչ մեկն ինձ չի կարա կանգնացնի: Եթե ուզում եք կանգնացնեք, քավ լիցի, ձեր էդ իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել: Բայց քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնացրել, բոլոր կոռուպցիոներները պտի իմանան՝ կանգնելու են դատարանի առաջ, կոպեկ-կոպեկ հետ են բերելու, այո, ապօրինի ձեռք բերված ունեցվածքները ձեռներներից առնելու ենք, տներն ու դղյակները ձեռներներից առնելու ենք:

Ինչքան ուզում ա հիստերիաներ կապեն, ուտեչկեք տան, ինչքան ուզում ա ներսի իրանց ռեսուրսն օգտագործեն, ձև չունեն: Եվ թավիշն էս առումով ավելի դաժան ա, որովհետև նրանք մտածում էին 2018 թվականի մայիսին՝ էս ա, մի երկու ամիսն ա: Հիմա հիստերիկացել են: Երկու տարին լրանում ա, իսկ իրանք նույն ձևի շարունակում են մնալ փլուզված վիճակում և շարունակելու են փլուզված վիճակում մնալ, քանի դեռ ժողովուրդը մեզ չի կանգնեցրել: Իսկ էս ճանապարհին, ասում եմ, մեզ կարա կանգնեցնի միայն ժողովուրդը, որովհետև ժողովուրդը մեր ղեկավարն ա, մեր տնօրենն ա, մեր թագավորն ա, ժողովուրդը Հայաստանում բարձրագույն իշխանությունն ա»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը։

Դատական համակարգում տեղի ունեցած քայլերից մեկն էլ Սահմանադրական դատարանի նախագահին ու մի քանի դատավորներին փոխելն էր, որն ըստ իրավաբանների՝ տեղի է ունեցել Սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Դրան հաջորդեցին նաև կորոնավիրուսի պատվարկով երկրում արտակարգ դրության հայտարարումը, որի ժամանակ մասնակի սահմանափակումներ դրվեցին նաև ԶԼՄ-ի դեմ, ըստ որի՝ լրատվամիջոցները պարտավորվեցին տարածել միայն պաշտոնական տեղեկություններ, ինչը, կրկին իրավաբանների պնդմամբ՝ ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ էր ուղղված։

Իսկ արդեն սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Կառավարության որոշմամբ երկրում հաստատվեց ռազմական դրություն՝ կրկին առաջին հերթին թիրախում հայտնվեցին լրատվամիջոցները, օրենքի փոփոխությամբ սահմանվեցին սահմանափակումներ, իսկ խախտողների համար էլ՝ բարձր ու անհիմն տուգանքներ։

Իսկ Կառավարության որոշումն արդարացնելու համար էլ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բանն այն է, որ նպատակն ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազդեցության վրա, որովհետև սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի ռազմական և արտակարգ դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի»։

Եվ այսպես, լրատվամիջոցներին լռեցնելով ու բացառապես պաշտոնական տեղեկություններ տարածելով՝ հայ հանրությունը 44 օր #հաղթելուենք հաշթեգերով ապրեց, վստահ լինելով, որ երկրի իշխանությունները չեն կարող ոչ ճիշտ տեղեկություն իրենց փոխանցել: Իսկ այդ «սևերը», իշխանություններին ընդդիմացող գործիչներն ու լրատվամիջոցները կեղծ ու սուտ տեղեկություններ են տարածում:

Եվ ահա եկավ նոյեմբերի 10-ը, երբ հրապարակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում էր Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Այսօր արդեն տարածքները հիմնականում հանձնել են, ռուս խաղաղապահներն Արցախում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթով այցելում է հանձնված բնակավայրեր՝ երկրի դրոշը բարձրացնելու: Ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց դեռ չեն վերադարձրել, հայտնի է ընդամենը 17 հայի անուն: Զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատները փնտրում են տղաներին: Պետական ատյանների դռներ թակելով, բողոքի ակցիա անցկացնելով՝ խնդրում ու պահանջում են՝ գոնե որևէ տեղեկություն իրենց փոխանցեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ