20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայրենի տարածքը հանձնող որևէ պաշտոնատար անձի հայկական հողը չի հանդուրժելու

ՀԱՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՈՒԼ ՉԷ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր Հայրենիքի դեմ ներկայումս վերածվել է գոյապայքարի, որի ընթացքում ռազմաճակատում մարտնչող մեր զինվորները, սպայական կազմն ու կամավորականները քաջության և հնարամտության հրաշքներ են գործում: Ավաղ, նրանցից շատերն իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին` երիցս խոնարհում և հավերժ փառք մեր հերոսներին…

Անգնահատելի է Սփյուռքի հսկայական դերը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան դատապարտելու, կանխելու, Հայրենիքին ամեն ինչով սատարելու և Արցախի ինքնորոշման ձայնն ու իրավունքը աշխարհի բազմաթիվ երկրներում բարձրացնելու և հետամուտ լինելու` կամավոր ստանձնած կարևոր առաքելությունում: Եվ առավել քան նշանակալի է դառնում միլիոնավոր մեր սփյուռքահայերի ամենօրյա նվիրական պայքարը` ազդեցիկ պետությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից զավթիչներին վերաբերող հերթապահ բնույթի դատապարտող, ավելի հաճախ նույնիսկ` նրանց հետ հավասարության նշան դնող ոչ հասցեական հայտարարությունների համայնապատկերում:

Անցյալ դարավերջի 90-ականներին հայկական ՄԵԾ ԶԱՐԹՈՆՔԻՆ հաջորդած թուրք-ադրբեջանական պատերազմը ևս ուղեկցվում էր աշխարհի լռությամբ և որոշակի անհաջողություններով ռազմի դաշտում, սակայն դա չխանգարեց, որ մեր հազարավոր հայորդիների մաքառման, մեր պանծալի անհատականությունների (Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, մյուս նվիրյալների) շնորհիվ և հազարավոր մեր հայրենակիցների կյանքի գնով հայ ազգը կարողանա ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ վերածել ԱԶԱՏԱՄԱՐՏԻ…

Հաշվի առնելով ներկայիս պատերազմի ոչ բարենպաստ իրավիճակը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից հայ ազգին ուղղված «ցավոտ փոխզիջում», «կապիտուլյացիա» պարտվողական և խայտառակ ձևակերպումները: Կուսակցությունը պահանջում է գործող կառավարության հրաժարականը: Մենք հորդորում ենք Հայրենիքից որևէ տարածք հանձնելուն դեմ քաղաքական, ռազմական ու հանրային առողջ ուժերին ու անհատներին անհապաղ նախաձեռնել`
1. Հայ ազգի ռազմական շնորհալի և կոփված գործիչների հավաքագրում մեկ միասնական հրամանատարական օղակում` օժտելով մարտավարական լուծումներ ու ռազմավարական որոշումներ ընդունելու և դրանք Հայաստանի ու Արցախի ՊՆ և ՊԲ հրամանատարությանն առաջադրելու հնարավորություններով` ազատագրական ռազմավարության ներքո:
2. Անվերապահորեն ի մի բերել Հայաստանում և Սփյուռքում գործող հայ քաղաքական մտքի կարողությունները` ներկայիս վտանգաշատ իրավիճակը հաղթահարելու, ապա նաև որպես ռազմավարություն` նոր դիվանագիտական ու քաղաքական լուծումներ ուղենշելու գերնպատակով (Թուրքիայի և Ադրբեջանի կազմաքանդման, 1920-ականների ծանր կորուստների վերականգնման դիվանագիտական ու քաղաքական հիմքեր):
Հետևաբար, ի մի բերելով վերոգրյալը, գործադիր իշխանությունը պետք է հանձնվի ռազմաքաղաքական խորհրդի:
ՀՀ գործադիր իշխանության լծակները տնօրինող և գործող մյուս բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք` իսկույն և ամբողջական վայր դնել կուսակցական գործերը, ծրագրերը, դրոշները և անմնացորդ լծվել համազգային համախմբման և ռազմի դաշտում հաղթական բեկում մտցնելու սուրբ գործին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես բազմաթիվ այլ կուսակցություններ, գործնական քննարկման տիրույթում է դիտարկում իրավիճակից բխող և հանրության մի զգալի հատվածի կողմից շարունակ բարձրաձայնվող հնարավորությունները (Արցախի անկախության ճանաչում և վերամիավորում, ռազմաքաղաքական դաշինքի կնքում, ՀՀ Զինված ուժերի ամբողջական ներգրավում, թիրախային հարվածներ թշնամու ռազմավարական հանգույցներին` նավթամուղ, գազամուղ, ռազմական օդանավակայաններ, Հայրենիքի արևելյան հատվածի ամբողջական ազատագրում` Կասպից Ծով Հայաստան…):
Հայ ռազմաքաղաքական միտքն ամուլ չէ: Չպետք է թույլ տանք նոր «Կարսի անկում»: Մեծ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏԻ դեպքում` ԱՆՀՆԱՐԻՆ թվացողը միշտ դառնում է ՀՆԱՐԱՎՈՐ: Ինչպես Արցախյան առաջին պատերազմում` ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ վերածենք ԱԶԱՏԱՄԱՐՏԻ:
Եվ թող լավ մտապահեն նախկին ու ներկա բոլոր հայ պաշտոնյաները` Հայրենի տարածքը հանձնող որևէ պաշտոնատար անձի հայկական հողը չի հանդուրժելու:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն
27 հոկտեմբերի 2020 թվական
Երևան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ