03 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

«Բոլորիս խնդիրը պետք է լինի՝ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Թուրքիան չմխրճվի, որպես միջնորդ, այս բանակցությունների մեջ». Էդուարդ Շարմազանով

C03ECE2E-682B-48E2-B543-EA8545C8A80D

Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած պատերազմին ի պատասխան՝ միջազգային հանրությունը որևէ կոշտ քայլերի չդիմեց, բավարարվեցին միայն կոչերով և լղոզված հայտարարություններով: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի վայրագություններին միջազգային կառույցներն անդրադառնում են այնքանով, որքանով, իսկ ահաբեկչական այդ պետությունները շարունակում են իրենց ցեղասպան գործունեությունը:

168.am-ը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորում միջազգային հանրության այս մոտեցումը:

«Ակնհայտ է, որ աշխարհը փոխվում է, և առնվազն վերջին մեկ տարում կորոնավիրուսից հետո աշխարհը դառնում է ռեգիոնալ, և մեր ռեգիոնում հիմնական խաղացողները մնում են Թուրքիան և Ռուսաստանը: Ակնհայտ է նաև, որ էրդողանական Թուրքիան արդեն մի քանի տարի շարունակ, իսկ ավելի ակտիվ՝ վերջին տարում, սինքրոն չի գործում նաև ՆԱՏՕ-ի հետ: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ուղղակի պատերազմականին մոտ գործողությունների է գնում Արևելյան Միջերկրականում, կոնկրետ՝ նույն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Հունաստանի և Կիպրոսի հետ, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ նույնիսկ Հունաստանի և Կիպրոսի հարցում եվրոպական երկրները չեն ցանկանում պատժել Էրդողանին: Տեսանք, որ հունական կողմերի ներկայացրած սանկցիաների հետ կապված նույն Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի նման երկրները Թուրքիային դեմ չքվեարկեցին: Այսինքն՝ եթե ԵՄ անդամ, ՆԱՏՕ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ կապված միջազգային հանրությունը, Արևմուտքը զգուշանում է Թուրքիային ուղիղ մեղադրանք հնչեցնելուց և սանկցիաներ կիրառելուց, ինչը նշանակում է, որ աշխարհը փոխվում է»,- ի պատասխան՝ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է այս համատեքստում Արցախում ծավալվող գործողություններին, նա ընդգծեց, որ, իհարկե, միջազգային բոլոր կառույցները պարտավոր էին ուղիղ սանկցիաների ենթարկել Ադրբեջանին և Թուրքիային, որովհետև ըստ նրա՝ և՛ Մակրոնի հայտարարությունը կա, և՛ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենի հայտարարությունը կա, որ ահաբեկիչներ են այնտեղ գործում՝ հենց Թուրքիայի միջոցով. «Բայց այդ սանկցիաները չեն լինում, որովհետև այս ռեգիոնում այլևս փոխվում է հարաբերակցությունը:

Այս երկու տարի է՝ դա եմ ասում, որ Թուրքիան և Ռուսաստանն են տարածաշրջանում գլխավոր դերակատարները, և մենք էլ պետք է հասկանանք, որ երկու բանակ կա այստեղ՝ մեր տարածաշրջանում գործող՝ թուրքականն ու ռուսականը, բնականաբար, թուրքականի հետ ոչ մի պարագայում չենք կարող լինել, որովհետև Թուրքիան կոնկրետ սպառնալիք է ՀՀ-ի համար, հետևաբար, մենք պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ: Ղարաբաղյան հարցի հետ կապված Էրդողանի երեկվա հայտարարությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, եթե նախկինում Թուրքիան անուղղակի էր ակնարկում իր միջնորդական ջանքերի, Հարավային Կովկասում իր հավակնությունների մասին, ապա վերջին տարիներին, մասնավորապես՝ այս պատերազմի ընթացքում, Թուրքիան իրեն պահում է կոնկրետ կոնֆլիկտի կողմի նման և փորձում է ստանձնել այս տարածաշրջանում արբիտրի դերը: Հիմա մեր պետության, մեր դիվանագիտության, մեր դաշնակից Ռուսաստանի և բոլորիս խնդիրը պետք է լինի՝ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Թուրքիան չմխրճվի, որպես միջնորդ, այս բանակցությունների մեջ»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ փաստն այն է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ն և Արցախը բախվել են ոչ միայն Ադրբեջանի, այլև համաթուրքական շահերի հետ, պանթուրքիզմի հետ. «Եթե նայեք, Էրդողանի և Ալիևի հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում, ավելին՝ տեղ-տեղ Էրդողանն ավելի ագրեսիվ է խոսում:

Այստեղ կա բախում ռուս-թուրքական շահերի միջև, սա այլևս միայն հայկական խնդիր չէ, միայն արցախյան բախում չէ, սա տարածաշրջանում նոր դասավորվածության խնդիր է: Մեր խնդիրն է՝ մեր դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատելով՝ թույլ չտալ  ՄԽ համանախագահության ֆորմատի փոփոխություն, որովհետև ՄԽ համանախագահները երեք չեզոք երկրներ են, որոնք գործում են երեք սկզբունքների հիման վրա, իսկ Թուրքիան արդեն կողմ է, բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին, և ըստ տարբեր հրապարակումների՝ Թուրքիայի ԳՇ-ից միայն 600 բարձրաստիճան զինվորական Ադրբեջանում է, էլ չեմ ասում, որ իրենց գլխավոր շտաբի պետն է գործողությունները համակարգում: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այստեղ արդեն պետք է զսպել Թուրքիայի ախորժակը: Թիվ մեկ գործոնն այս տարածաշրջանում Ռուսաստանն է, և պետք է շատ ակտիվ աշխատել ռուսների հետ»:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ