26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արծրուն Հովհաննիսյանը՝ դիրքերի բարելավման մասին

Ամեն րոպե կարող են դիրքային բարելավումներ տեղի ունենալ: Ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՊԲ-ի այսօրվա հայտարարած բարելավումները հյուսիսային ուղղությամբ են:

Նա ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան:

Կոնկրետ Տավուշի հատվածում հանգիստ վիճակն արդյոք հուլիսին մեր կողմից դիրքային բարելավմա՞մբ է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը չի հանդգնում գործողություններ իրականացնել. Հովհաննիսյանը նշեց.

«Ռազմական զսպող գործիքակազմի ամբողջությունն ավելի մեծ է, քան զուտ մի քանի դիրքերի բարելավումը, որը տեղի է ունեցել վերջերս»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ընթացող գործողությունների հետևանքով հայ գերիների լինելուն Ադրբեջանի կողմում, ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ նման տեղեկություն չունի:

«Մենք նույնիսկ հարաբերական անդորրի փուլում Ադրբեջանի հետ չունեինք որևէ ուղիղ կապ, և այդ ամբողջն իրականացվում էր Կարմիր խաչի միջոցով, իսկ այսօր էդպիսի կապ ընդհանրապես գոյություն չունի: Հետևաբար, թե՛ զոհերի դիակների,  թե՛ գերիների մասով որևէ առարկայական ինֆորմացիա այս պահին հաղորդել չեմ կարող»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ընթացող մարտական գործողություններին թուրքական ներգրավվածությանը՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը:

«Մարտական առումով էական նվազում թուրքական ներգրավվածության չենք տեսնում: Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ, և եթե ինչ-որ միջոցներ, ուժեր ավելի պակաս է կիրառում, կամ՝ այլ տեղերում, դա կոնկրետ կապ ունի հայկական բանակի հաջողությունների հետ միայն: Իսկ ոչ ռազմական ճակատներում, որտեղ աշխատում ենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ կամ անմիջական ազդեցություն չեն թողնում, անուղղակի և այլ ժամանակահատվածի կտրվածքով կարող են թողնել»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ