26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր

Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչները երկար տարիներ համագործակցում են “Աշտարակ կաթ” ընկերության հետ: Վերջին երկու տարիներին, սակայն, գյուղացիներն այդ համագործակցությունից այնքան էլ գոհ չեն, բայց այլընտրանք չունեն: Բանն այն է, որ ընկերությունը հատկապես ամռան ամիսներին, խախտում է ստանձնած պարտավորությունները եւ գյուղացուց մթերված կաթի դիմաց վճարում սահմանված ժամկետից ուշ, այն էլ` մաս-մաս:

Այս մասին Henaran.am-ին ահազանգում են Պրիվոլնոյե համայնքի բնակիչները: Մեզ հետ զրույցում Պրիվոլնոյեի բնակչուհի Ռուզաննա Տոմեյանը  ասաց, որ “Աշտարակ կաթ”-ը գյուղացու հետ կնքած պայմանագրի համաձայն, պարտավոր է յուրաքանչյուր 15 օրը մեկ կատարել վճարումները, սակայն արդեն երկրորդ տարին է, մթերված կաթի գումարը գյուղացին ստանում է 1-2 ամիս ուշացմամբ:

“Մենք ստացել ենք մայիսի 2-րդ տասնհինգօրյակի գումարները եւ սպասում ենք հունիս-հուլիս ամիսներին հանձնած կաթի գումարներին: Գումարը բերում են ուշ ու քիչ քիչ: Գյուղում 100 տնտեսություն կա, բայց բերում են 5-10 տնտեսության գումարը: Երկու շաբաթվա մեջ նոր փակում են: Դա կռիվ է առաջացնում ժողովրդի մեջ: Առանց այդ էլ` գումարը գումար չէ”,-Henaran.am-ին փոխանցեց Ռուզաննա Տոմեյանը :

Մեկ լիտր կաթն “Աշտարակ կաթ”-ը գյուղացուց գնում է 110 դրամով: Մեր զրուցակցի խոսքով, հատկապես ամռան ամիսներին գյուղացին դրամական միջոցների կարիք ունի. խոտհունձն է սկսվում, գյուղացուն  վառելայուղ է հարկավոր: “Գուղացու ձեռքին բացարձակ գումար չկա, բայց ձմռանը նախապատրաստման աշխատանքները պիտի կատարենք: Խանութներում էլ արդեն պարտքով գումար կամ ապրանք չեն տալիս, որովհետեւ գիտեն, որ “Աշտարակ կաթ”-ը հա ձգձգում  է: Գյուղացին շատ տուժված է”,-գյուղացու մտահոգություններն է ներկայացնում Ռուզաննա Տոմեյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, այս իրավիճակն առկա է նաեւ հարեւան գյուղերում, սակայն խնդիրը  Պրիվոլնոյեում ավելի սուր է, որովհետեւ վատ ճանապարհների պատճառով  “Աշտարակ կաթ”-ից բացի այլ ընկերություններ այստեղից կաթ չեն մթերում, “Աշտարակ կաթ”-ն էլ, փաստորեն, չարաշահում է իր մենաշնորհային դիրքը: “Ամենավատ վիճակը մեր գյուղում է, որովհետեւ մենք լռում ենք: Գյուղացիներն, օրինակ չգիտեն, որ պայմանագրով կետ կա, որ ուշացնելու դեպքում իրենք պետք է տոկոսներով վերադարձնեն գումարը, բայց ժողովուրդն էդքանը չգիտի, պայմանագիրը կնքում է փակ աչքերով ու այդ չիմացությունը չարաշահվում է”:

Պրիվոլնոյեի բնակիչները դիմել են “Աշտարակ կաթ”-ի տեղական ներկայացուցչին` Վարդան Տոնոյանին, վերջինս սակայն, փոխանցել է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինքը “փոքր մարդ” է: Ինչպես ասում են գյուղացիները, դանակը ոսկորին է հասել ու որոշել են խնդիրը բարձրաձայնել Henaran.am-ի միջոցով:

Henaran.am-ը գրավոր դիմել է “Աշտարակ կաթ”-ին խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու: Ընկերությունից խոստացել են օպերատիվ կերպով արձագանքել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ