26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փաշինյանը քլունգով ընկել է Ամուլսարի հետևից, բայց եթե վերին էշելոններում հիմա առկա կոռուպցիոն սխեմաները վերացներ, բյուջե կգար 400 միլիարդ դրամ». Գագիկ Մինասյան

Ամուլսարի հանքի հարցում Կառավարությունն ընդունել է ամենաանպարկեշտ կարգավիճակը՝ իրեն դրել է խաղից դուրս վիճակում և չի մասնակցում այն կարևորագույն խնդրների լուծմանը, որոնք հասարակությանը հուզում են տարիներ շարունակ, իսկ առհասարակ, այս Կառավարությունն իրեն խաղից դուրս վիճակում է դնում նաև այն բոլոր դեպքերում, երբ կա ճշգրիտ հաշվարկների հետևանքով պատասխանատվություն կրելու  հարց, թեև այդ պատասխանատվություն ասվածն աշխարհի բոլոր կառավարությունների խաչն է, որովհետև որևէ Կառավարություն չի՛ կարող գալ, օգտվել իր նախորդի ստեղծած հնարավորություններից, օրինակ՝ ավտոմեքենաների արտոնյալ ներմուծումից, բայց երբ գա պատասխանատվության պահը, փախչի դրանից։

Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

 «Ի՞նչ է՝ այս Կառավարությունը երե՞կ պետք է իր դիրքորոշումն Ամուլսարի հանքի վերաբերյալ հստակեցնի. չէ՞ որ այդ հարցն արդեն երկու տարի կա։ Փաշինյանն իր տեսակետը պետք է արտահայտի, չի՛ կարող փախչել, իսկ եթե սա չի անում, նշանակում է՝ արժանի չէ այդ պաշտոնին, որովհետև ակնհայտ է, որ մի խնդիր, որը բազմաթիվ անգամներ քննարկվել է Կառավարության նիստերի ժամանակ և ակադեմիական շրջանակներում, և հիմա Կառավարության ղեկավարը դեռ չունի այդ խնդրի վերաբերյալ վերջնական այնպիսի մի տեսակետ, որի համար ինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, ապա այս երկրին այդպիսի վարչապետ պետք չէ. չէ՞ որ նման խնդիրներ կարող են առաջանալ նաև հետագայում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ պաշտպանական բնահագավառում»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Ամուլսարի հանքի շուրջ կատարվողը ցույց է տալիս մի կարևոր բան՝ այո՛, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի կախարդական փայտիկ։

«Այդ կախարդական փայտիկի իրական տեսքը քլունգն է։ Փաշինյանը քլունգն առել՝ ընկել է բոլոր հանքերի հետևից, և հիմա՝ Ամուլսարի հետևից, որովհետև որևէ այլ ոլորտում չի կարողանում աճ արձանագրել։ Նախորդ իշխանության ժամանակ տարեկան 25-30 տոկոսով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աճ ենք ունեցել, ներդրումների ոլորտում՝ ևս, իսկ հիմա ներդրումները 91 միլիարդ դրամից իջել են 48 միլիարդի, իսկ այս տարի այդ թիվը զրոյանալու է, դա էլ չենք ունենալու։ Ակնհայտ է, որ անգամ մինչև կորոնավիրուսի համավարակը եղել են տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ, ու դրա պատճառը կառավարության ապիկար  տնտեսական քաղաքականությունն է։ Այստեղ եկեք հիշենք, որ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական աճի առյուծի բաժինը եկել է մեքենաների ներկրումից և արտահանումից՝ 100 միլիարդ դրամի չափով, և այդ հնարավորությունը փակվեց։ Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նրանք կկարողանային գոնե վերջին շրջանում ներկրված մեքենաներն իրացնել, սակայն, քանի որ փչացրել էին հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա էլ չկարողացան անել»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով Կառավարության կանխատեսած 2 տոկոսանոց տնտեսական անկմանը՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ հրապարակվել է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի մասին փաստաթուղթ, որտեղ տնտեսական ցուցանիշների հետ կապված կա խիստ մտահոգիչ պատկեր։

«Այդ փաստաթուղթը քաղաքական բնույթ ունի, քանի որ փորձում են հասարակության մոտ տարածել այն մտայնությունը, թե ամեն ինչ այնքան էլ վատ չի, բայց երբ նայում ես թվերին, տեսնում ես, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները չկան և չեն լինելու, իսկ այդ պայմաններում պետք է գոնե ավելացնեն կապիտալ ծախսերը, որոնք, սակայն, էլ ավելի են նվազել՝ առաջանցիկ աճ չկա, ուստի  այս պարագայում անհասկանալի է, թե 23 տոկոսով անկում ապրած շինարարությունը, ըստ այս փաստաթղթի,  տարեվերջում ցույց է տալիս 1 տոկոսի աճ։ Կամ՝ անհասկանալի է, թե այս միջնաժամկետ ծրագրերում ծառայությունների ոլորտում մեր ունեցած երկնիշ անկումը ինչպես է տարվա վերջում դառնում 2 տոկոս։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են ստացել այս թվերը, դրա համար եմ ասում, որ այստեղ գործել է քաղաքական կողմնորոշումը»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Անդրադառնալով  ներդրումների պարագայում տնտեսական կոլապսի առաջ չկանգնելու համար անհրաժեշտ կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ սա ևս ապիկար կառավարման հետևանք է, և՝ ոչ միայն։

«Փաշինյան Նիկոլն ասում էր, որ մեզ մոտ կա ստվեր, և, եթե այդ ստվերը վերացնենք, ապա  400 միլիարդ դրամի հարկային եկամուտ կունենանք, սակայն հիմա ստվերը բարձրացել է ավելի բարձր էշելոններ, և ավելի բարձր էշելոններում եթե դուք չունեք կոռուպցիոն սխեմաներ, այդ ստվերը չի կարող աշխատել, հետևաբար՝ հիմա կոռուպցիոն ստվերն այնքան է, որ, եթե դա վերացնենք, ապա մեր բյուջե կգա 400 միլիարդ դրամ՝ ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Եթե առաջ ստվերը ներքին էշելոններում էր, ու դրանից օգտվում էր, ասենք, խանութպանը, հիմա դա էլիտար մակարդակի է բարձրացել, իսկ այդ բարձր էշելոններում, կրկնում եմ՝ ստվերն առանց կոռուպցիոն սխեմայի հնարավոր չէր։ Հակառակ դեպքում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու շաբաթվա ընթացքում ծնված ընկերությունը միլիարդավոր դոլարների պատվերներ է ստանում՝ մեկ անձից գնումով, այդ ինչպե՞ս է լինում, որ առանց նախահաշվարկի Գյումրիում մաքսատուն են կառուցում, մրցույթը շահում է մի ընկերություն, որը նոր է ստեղծվել և կրկնակի ավելի շատ գումար է ստանում, կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ 120 մլն դոլարի պարգևավճար եք տալիս, որտեղի՞ց են տալիս, դա օրինականացված թալան է, իսկ եթե հետ բերեին, ինչպես ասում են,  մեր ժամանակ թալանված փողերը, ապա բյուջեում համապատասխան տողով դա պետք է մենք տեսնեինք, ինչը չկա, այնպես որ, այդ հեքիաթները թող չպատմեն»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ