26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համախմբումը պետք է լինի ազգային արժեքների շուրջ. Շարմազանով

Երեք հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում այն տեսակետի վերաբերյալ, որ գործող իշխանությունը կհեռանա միայն ֆորսմաժորի պարագայում, ասաց, որ ֆորսմաժոր այժմ էլ կա՝ ընդգծելով ընդդիմության դերը․

«Իսկ տնտեսական անկումը, օրինակ, 5-10 տոկոսով ֆորսմաժո՞ր է, թե՞ ֆորսմաժոր չէ։ Իսկ եթե կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ և դրանցից որևէ մեկը չի կատարել, դա քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՞ ֆորսմաժոր չէ։ Մեկ հարց է, երբ էյֆորիայի պարագայում մարդիկ բավարար ադեկվատությամբ չեն գնահատում իրավիճակը, մեկ ուրիշ հարց է, երբ մարդիկ, սառը դատելով, փորձում են գնահատել՝ իսկ այս կառավարությունը ի՞նչ է արել երկրի համար , ի՞նչ է արել մեզ համար, ժողովրդի համար։ Երբ որևէ էական փոփոխություն չկա երկրում, երբ խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ֆորսմաժոր չէ տվյալ քաղաքական ուժի համար։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել և շատ արագ զարգացում ստանալ։ Խնդիրն այն է, թե ընդդիմությունը ինչպես կվարվի, ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքով հանրությանը համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել այս իրավիճակում»,- ասաց Քոչարյանը։

 

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե ի՞նչ է կարծում Քոչարյանի այս հայտարարության վերաբերյալ, արդյոք իրավիճակը ֆորսմաժորային է, և ի՞նչ պետք է անի ընդդիմությունը․

«Նշեմ, որ 2-րդ նախագահի հարցազրույցում հիմնական շեշտադրումների վերաբերյալ, որը մենք կիսում ենք, Հանրապետական կուսակցությունը և ես 2 տարի շարունակ դրա մասին խոսել ենք, և մեր մտահոգությունները բարձրաձայնել ենք թե՛ արցախյան հիմնահարցում Փաշինյանի խնդրահարույց, հայեցակարգ չունենալու և հակասական գործողությունների և մեր բանակցային սեղանի հետընթացի հետ կապված, մեղմ ասած իշխանության սխալների և թերությունների, իշխանության և կոնկրետ իշխանության ղեկավարի խոստումների չիրականացման, թե՛ ներդրումների բացակայության, թե՛ հասարակության պառակտվածության, թե՛ ազգային արժեքների նկատմամաբ հարձակման վերաբերյալ մենք մշտապես քննադատել ենք։ 

Ինչ վերաբերում է ֆորսմաժորին, ապա, եթե հիշում եք, դեռևս 2018 թվականի վերջերին, ես իմ գրառման մեջ նշել եմ, որ եթե այսպես գնա, Նիկոլ Փաշինյանը ապացուցելու է, որ ինքը ոչ թե կառավարության ղեկավար է, այլ «հեղափոխական կոմիտեի» ղեկավար, և նա ի զորու չէ լինել պետության ղեկին, ուստի կառավարման արդյունավետությունից ելնելով նա պետք է հրաժարական տա։ Արդեն 2019 թվականին ես և իմ հանրապետական գործընկերները շրջանառության մեջ ենք դրել արտահերթ ընտրությունների հասնելու գաղափարը, որովհետև նշել ենք, որ այս պառլամենտը ընտրվել է ատելության մթնոլորտում, իշխանության ռեսուրսի կիրառման մթնոլորտում, ընդդիմադիրներին լռեցնելու մթնոլորտում, էյֆորիայի մթնոլորտում և ավելին՝ այսօրվա Ազգային ժողովը և քաղաքական ուժերը, որոնք այսօր այնտեղ ներկայացված են, չեն ներկայացնում հասարակական ամբողջական տրամադրությունների ներկապնակը, և Ազգային ժողովը ընդհանուր առմամբ պառլամենտական երկրում մատնված է անգործության։Ազգային ժողովը փաստացի դարձել է կա՛մ ընդդիմադիրներին լռեցնելու, կա՛մ ընդդիմադիրներին ծեծելու, կա՛մ Սահմանադրությունը խախտելու և «պրեմիա» ստանալու գործիք ընդամենը։ Ինչ վերաբերում է ընդդիմության համախմբմանը և Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն․․․ այո, ես էլ չեմ բացառում որևէ քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ, ես գտնում եմ, որ այս պահին մեր հասարակության մեծ մասը գտնվում է հիասթափության մեջ, փաստն այն է, որ օր օրի ավելանում է այն քաղաքացիների քանակը, որոնք հիասթափվում են այս քայլողների իշխանության անգործությունից և սուտ խոստումների չկատարումից։ Ավեին՝ շատանում են քաղաքական ուժերը, որոնք քննադատում են Փաշինյանին։ Մեկ առիթով ասել եմ, որ Փաշինյանին լքում են չասեմ իր երբեմնի զինակիցները, բայց նրա հետ աշխատած գործիչները։ Խոսքը և՛ ՀՅԴ-ի մասին է, որը ժամանակին կոալիցիայի կազմում էր և այսօր խիստ ընդդիմություն է Փաշինյանին, ԲՀԿ-ն, որը էլի հեղաշրջումից հետո Փաշինյանի հետ կոալիցիա կազմեց։ Ինչու ոչ նաև նոր կազմավորված «Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավար Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և նրա հրաժարականի տեքստը՝ «կանգ առ և սթափվիրը» փաստացի խոսում է այն մասին, որ Փաշինյանը գնում է լրիվ այլ ուղղությամբ, այսինքն՝ գնալով Փաշինյանի ընդդիմախոսների քանակն էլ է ավելանում։ Եթե 2018 թվականին Փաշինյանին և նրա քաղաքական գիծը հիմնականում քննադատում էին ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու կոնկրետ 2-րդ նախագահը, ապա այսօր մենք կարող ենք ասել, որ ընդդիմությունը բավականին բազմաշերտ է, և գնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի և՛ քանակն է ավելանում և՛ Փաշինյանին քննադատողներն են ավելանում։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը ունի նաև հետևորդներ։ Ես հիմա չեմ կարող գուշակություններ անել և նախկին ընդդիմության նման օր նշանակել, որ սեպտեմբերին կամ օգոստոսին Փաշինյանը չի լինելու, բայց մի բան ակնհայտ է, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և  այդպես շարունակելու դեպքում, ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որտեղ մենք կապրենք ոչ թե «Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով կամ «լայվերի» ռեժիմով, այլ խնդիրներին լուծում տալու ռեժիմով, ազգային քաղաքականությունը իրականացնելու ռեժիմով, ղարաբաղյան հիմնահարցում հստակ դիրքորոշում ունենալու ռեժիմով։

Այլ ոչ թե այն ռեժիմով, որ մի օր Ադրբեջանի հետ երկխոսում ենք, կանգնենք ասենք՝ Ալիևը կիրթ ու կառուցողական է, հետո էլ  ասենք՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ամբողջը շիլաշփոթ է։ Ես կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ, ինչպիսի՞ ձևաչափով տեղի կունենա իշխանության փոփոխությունը, ե՞րբ տեղի կունենա դա ․․․ ՀՀԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ ասել է, որ լուծումը այս իշխանության հեռացումն է։ Մենք դա տեսնում ենք օրինական ճանապարհով։ Կոնկրետ ՀՀԿ-ն, որպես ընդդիմադիր ամենաառանցքային ուժերից մեկը, գտնում է, որ պետք է օգտագործել օրինական բոլոր միջոցները և հասնել այս իշխանության փոփոխությանը։ Դրա փոխարեն ազգային համերաշխության կառավարությո՞ւն կլինի, կամ ազգային ուժերի կողմից ստեղծված կառավարությո՞ւն կլինի ․․․, բայց կլինի կառավարություն, որը կլինի ոչ թե պոպուլիստական, ոչ թե կանի ամբոխահաճո հայտարարություններ, այլ կլուծի կամ կփորձի լուծել և կունենա ռազմավարություն՝ լուծելու պետության առջև ծառացած մարտահրավերները»։

Շարմազանովին հարցրինք՝ ինչպե՞ս է հնարավոր համախմբումը, ո՞ւմ կամ ինչի՞ շուրջ այն պետք է տեղի ունենա, և ո՞ր քաղաքական ուժերի հետ է հնարավոր այդ համախմբումը․

«Ես ամիսներ առաջ այս հարցին անդրադարձել եմ և ասել եմ, որ ես գլոբալ առումով ազգային ուժերի միջև համախմբում տեսնում եմ։ Այդ համախմբումը պարտադիր չէ, որ դաշինքների ձևով լինի։ Այսինքն՝ ընդդիմությունը բազմավեկտոր է։ Տեսեք՝ կա Հանրապետական կուսակցություն, կա ՀՅԴ-ԲՀԿ- «Հայրենիք» եռյակը, կա «Ազգային օրակարգ», կա «Մեկ Հայաստան», կան էլի նոր ձևավորվող քաղաքական ուժեր, կան 2-րդ նախագահի համակիրները․․․, կարող են տարբեր ձևեր լինել, բայց այն, որ այս բոլոր քաղաքական ուժերը մտահոգված են այսօրվա իրավիճակով և գտնում են, որ այսօր Հայաստանում գործում է հակասահմանադրական իշխանություն, որն ամեն օր վնասում է Հայաստանի պետական շահերը , ակնհայտ է։ Ավելին՝ ամիսներ առաջ նշել եմ, որ իմ անձնական կարծիքով՝ ես չեմ տեսնում համախմբում և համագործակցություն հետևյալ քաղաքական ուժերի հետ, խոսքը  գնում է տեռորիստների մասին, որոնք ահաբեկչական ակտ են կատարել ՊՊԾ գնդի դեմ, որի հետևանքով 3 ոստիկան է սպանվել , և ես նշել եմ, որ ՊՊԾ գնդի վրա հարձակումը նույն բանն է, ինչ ադրբեջանցիները հարձակվեն Հայաստանի և Արցախի սահմանների վրա։

Հիշեցնեմ, որ ՊՊԾ գունդը գրավողների քաղաքական ղեկավարների հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդը՝ ես անհնարին եմ համարում համագործակցությունը հավաքական սորոսական ուժերի հետ, որոնք քարոզում են հակառուսականություն կամ հայ- ռուսական դաշնակցությանը դեմ են։ Երրորդը՝ ես չեմ տեսնում համագործակցություն Փաշինյանին սատարող ուժի և նրա արբանյակների հետ։ Մնացած բոլորի հետ գլոբալ առումով այս կամ այն ձևաչափով կա որոշակի համագործակցություն և եթե տեսնեք՝ գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսում են հայ- ռուսական դաշնակցության ամրապնդման, խոսում են Արցախում ազգային դիրքորոշման, խոսում են հայ ավանդական արժեքների, եկեղեցու պաշտպանության, խոսում են հայագիտության և հայապահպանության կարևորության մասին։ Այսինքն՝ համախմբումը պետք է լինի գաղափարի շուրջ, ոչ թե անձերի։ Բնականաբար, այդ գաղափարներն էլ առաջ են բերում համապատասխան քաղաքական միավորներ և անձեր։ Համագործակցությունը դաշինքի ձևո՞վ կլինի, թե՞ յուրաքանչյուր քաղաքական ուժը իր մարտավարությունը կընտրի, դա քննարկման հարց է, և ես չեմ ուզում բացառել որևէ տարբերակ։ Կրկնում եմ՝ մեր պայքարը օրինական է լինելու։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ «թավշյա իշխանափոխությունից» հետո՝ առաջին իսկ օրվանից, ինստիտուցիոնալ առումով քննադատել ենք այսօրվա իշխանության ապազգային քաղաքականությունը։ Շատերը նոր են սկսել դա ասել, մենք 2 տարի շարունակ փաստարկված դա ասել ենք, և ինչքան շատ կլինեն մեր կարծիքը կիսողներ, այնքան ավելի լավ պետության համար»։

Կորյուն Սիմոնյան

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ