25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաշինյանի հեռացումը կդրվի հենց ներսից, այնտեղից նրան կհանեն դուրս». Մարգարիտ Եսայան

Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Ակնհայտ է, որ մեր իշխանությունը հենց սկզբից չտիրապետեց իրավիճակին։ Մարտի սկզբին վարչապետը քարոզարշավ էր իրականացնում, դա ցույց է տալիս, որ բավարար տեղեկատվություն պանդեմիայի մասին կա՛մ կառավարությունը չունի, կա՛մ մատների արանքով նայեց՝ փորձելով նաև արագ հանրաքվե անցկացնել»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ արտակարգ դրության ժամանակ և՛ պարետատան, և՛ ամբողջ իշխանության գործողությունները համարելով մեկ կետից թելադրվող։

 

«Այդ մեկ կետը կամ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Եսայանը։

Նրա խոսքով՝ մենք գործ ունենք ոչ թե միամիտ Կառավարության, այլ գերագնահատված ինքնավստահություն ունեցող քաղաքական գործիչների հետ, որոնց երկար չմտածված որոշումների հետևանքով էլ ականատես ենք լինում իրար հակասող որոշումների։

«Օրինակ՝ կարճ ժամանակ առաջ օրենք բերեցին, թե սահմանվում է պարետի որոշումը խախտելու համար 100.000 դրամ տուգանք, այսօր բերել են օրենքի փոփոխություն՝ այդ 100 հազար դրամը 10 հազար դրամ դարձնելու մասին։ Հարց է առաջանում՝ բա էդ 88 հոգով նստած՝ այն ժամանակ ինչո՞ւ էիք այո ասոմ, այն ժամանակ ինչու ուղեղներդ չէի՞ք աշխատեցնում, որ այդ 100 հազար դրամ տուգանքը կարող է առաջացնել համաժողովրդական դժգոհություն։ Այսօր մարդիկ հասկանում են, որ պետությունը՝ կառավարությունը, չի կարող մարդկանց գումարով ապահովել, իրենց ամենատարրական խնդիրները հոգալ, և վարակի տարածվածության այս պայմաններում հանեց բոլոր սահմանափակումները։ Այս կառավարությունն ու այս վարչապետը չի ցանկանում, պատրաստ չէ որևէ պատասխանատվություն վերցնել ոչ միայն համավարակի հարցում, այլ նաև՝ Արցախի»,- ասաց Եսայանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում վարչապետի արած հայտարարություններին, ապա, ըստ Եսայանի, հասարակությունը պետք է հետևողականորեն բացատրություններ պահանջի այն հակասական հայտարարությունների համար, որոնք արվում են, քանի որ դրանք պատահական չեն արվում։

«Ես չեմ ուզում մտածել, որ Նիկոլը չի հասկանում, թե ինչ է անում և ասում։ Նա շատ լավ հասկանում է իր անելիքը, ունի տնային աշխատանք, և դա Արցախի խնդիրն է։ Եվ հիմա, երբ նա Ադրբեջանի ղեկավարին գովում է, էդտեղ իմ զայրույթը չեմ կարողանում զսպել։ Պատկերացրու, թե մենք այդ պատերազմում որքան զոհ ենք ունեցել, որոնց հարազատները գիտեն, որ մեր թշնամին Ադրբեջանն է, և հիմա դու գալիս ես այդ մարդու հասցեին դրական բան ես ասում այն դեպքում, երբ ՀՀ որևէ նախագահի հասցեին չես ասել, որ կառուցողական է և կիրթ։ Ինչ վերաբերում է նրան, թե, երբ նպատակահարմար կգտնի, կխոսի նախկին նախագահների հետ Արցախի հարցով, ապա, ի վերջո, պետք է մեկը նրան ասի վերջապես՝ տղա՛ ջան, դու չես որոշելու՝ երբ հարմար լինի, որովհետև Արցախի հարցը 30 տարվա պատմություն է անցել, նախագահները նստել իրար հետ խոսել են, և արդեն կա բանակցային գործընթացի որոշակիորեն ձևավորված կմախք, կա ուրվագծված ճանապարհ, իսկ հիմա դու եկել ասում ես՝ իմ կետից եմ սկսում։ Դու էնքան կա՞ս, որ Արցախի խնդիրը ոնց ուզես՝ լուծես. ո՛չ, Նիկոլ Փաշինյան, դու էնքան չկաս, որ Արցախի խնդիրը ոնց ուզում ես՝ լուծես, և դա չի թողնելու ժողովուրդը»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 16-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե մինչև հեղափոխությունն Արցախի հարցում եղածից իրենք հրաժարվում են, իսկ 2018 թվականից հետո նոր փաստաթուղթ չկա, Մարգարիտ Եսայանն ասաց.

«Վանո Սիադեղյանի խոսքով ասեմ՝ ղալաթ է անում. ո՞վ է շատ կասկածելի ճանապարհով իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը, որ ասի, թե մինչև հեղափոխություն եղածը մերժում է և իր կետից է սկսում։ Իսկ ո՞րն է քո կետը՝ երբ կինդ Ալիևային հրավիրում էր Արցախ՝ մուղամ լսելո՞ւ, թե՞ որ ասում էր, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, կետն այն է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի՞ համար. չարաչար սխալվում ես»։

Խոսելով իշխանափոխության մասին՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ Հայաստանում այլևս չի կարող իշխանություն փոխվել փողոցի միջոցով, որովհետև փողոցից եկած իշխանության բացասական հետևանքներն իրենց վրա զգացին և Հայաստանը, և Արցախը։

«Հայաստանում այսօր քաղաքական դաշտն այնքան աղճատված է։ Հիմա ամեն մի ուժ փորձելու է ընդդիմության թագը վերցնել և դնել իր գլխին։ Իսկ ո՞վ ասաց, որ շատ կոնկրետ մարդիկ, երբ իրենց հայտարարեն ընդդիմություն, մենք պետք է հավատանք իրենց. Օրինակ՝ նույն Մարուքյանը, կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինչպե՞ս էին պաշտպանում իշխանությանը ժամանակին, հիմա ես իրենց ընդդիմություն լինելուն ինչո՞ւ պետք է հավատամ։ Եթե այսօր Հայաստանում կա որևէ ընդդիմադիր ուժ, ապա դա Հանրապետական կուսակցությունն է»,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ գործող իշխանությունն ինքն է իր մահկանացուն կնքելու։

«Նույնիսկ, եթե մենք նստենք և դիտորդի կարգավիճակով նայենք, մեկ է՝ այս իշխանությունն ինքն է իր մահկանացուն կնքելու, բայց մենք այդքան ժամանակ ու վարի տալու պետություն չունենք, որովհետև ճակատագրական սխալներ են տեղի ունենում։ Պետք է թույլ չտանք և պետք է ասենք՝ տղա ջան, դու պետք է գնաս… Նիկոլ Փաշինյանի հեռացումը կդրվի հենց ներսից, ներսից նրան կհանեն դուրս»,- ասաց Եսայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ