30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

ՀՀԿ Գործադիր մարմնի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

816987B8-2434-4E81-8E7A-CC161D1D5BCD

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում:

Մեծագույն հպարտությամբ ենք հիշում, որ հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում. 1941-1945թթ. միայն Հայաստանից, որի բնակչությունը 1941թ-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից և դաշնակից բանակների շարքերում ևս 300 հազար մեր հայրենակիցներ են պայքարել համամարդկային այդ չարիքի դեմ:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի շարքերում անձնվիրաբար մարտնչած եւ անօրինակ սխրանքներ գործած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց անունները փառքով են պսակել` 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից 2-ը` կրկնակի հերոսի կոչման, 27-ը Փառքի 3 աստիճանի շքանշանակիր են, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ: Նրանցից 4-ը հետագայում արժանացել են մարշալի կոչման, ունեցել ենք` մեկ ծովակալ, 70 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով:
Հայաստանում ձևավորվել էր վեց ազգային դիվիզիա:

Փառք Մեծ Հայրենականի ռազմաճակատում հերոսաբար ընկած քաջորդիներին եւ խոնարհում նրանց անմահ հիշատակին:

Փառք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած բոլոր հերոսներին:

Հայ ժողովուրդը, ցավոք, մինչև Հայրենական մեծ պատերազմը լավ գիտեր, թե ինչ են այլատյացությունը, էթնիկ զտումները եւ կրոնական հողի վրա կատարվող սպանությունները: Ֆաշիստական Գերմանիան երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն էր, և Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը, վկայակոչելով է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցրեց պատմության մեջ արձանագրված հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Ուստի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով, քանզի 1941-1945թթ. կրկին կանգնած էր իր պատմական հայրենիքում հայության ապրել-չապրելու, լինելության հարցը:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ հաղթանակի 75-ամյակին չմոռանանք անցյալի դասերը և մարդկության դեմ գործված հանցագործությունները, դասեր քաղենք պատմությունից` երբևէ այդ ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու նպատակով:

1992 թվականից մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ հայորդիների նոր սերունդն ապացուցեց, որ իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում և հպարտությամբ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մենք միշտ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը:

Կրկին շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, ազգային միասնականություն հանուն մեր պետականության հարատևման և մեր հերոսական ժողովրդի արժանավայել ապագայի: Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերաններին` ամուր առողջություն:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀԿ Գործադիր մարմին
09.05.2020

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ