19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այո, Հայաստանում օլիգարխ չկա, կա շատ սիրված օլիգարխ». Հրանտ Բագրատյան

Ըստ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի` իրենք մի 50 միլիարդ դրամ փող մարդկանց են ուզում տալ, մի 80 միլիարդ էլ ուզում են վարկ տալ: Այստեղ մի խայտառակ բան կա: Տոկոսը վարկի գինն է, և երբ մի բան գին չունի, սպառումը ձգտում է անսահմանության: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դու ո՞նց ես վարկը դարձնում 0 տոկոս: Միջին վարկը 15-16 տոկոս է, դու հայտարարում ես` ես տալիս եմ 0 տոկոս: Անմիջապես այն վարկավորումը, որ կար, դադարում է: Պետք էր տալ 8, 10 տոկոսով, որ պահանջարկը չձգտի անսահմանության»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ինքը չգիտի էլ, թե այդ վարկերն ում են տալու:

Նա հիշեցրեց վարչապետի այն խոսքերը, որ Հայաստանում օլիգարխ չկա, ասաց, որ համաձայն է վարչապետի հետ:

«Այո, Հայաստանում օլիգարխ չկա, կա շատ սիրված օլիգարխ, հավատարիմ օլիգարխ»,- նկատեց նախկին վարչապետը:

Վերջինիս կանխատեսմամբ` մեզ շատ դժվար օրեր են սպասում, և նույնիսկ այն կախարդական փայտիկը, որն ունեն Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Մնացականյանը, ովքեր սովոր են կեղծել թվերը, չի օգնելու:

Անդրադառնալով այն հարցին, որ կառավարությունն արդեն հայտարարել է վարկային նոր միջոցներ ներգրավելու մասին, Հրանտ Բագրատյանը դրանց նպատակահարմարությունն այսպես գնահատեց` այդ փողի մի մասով աշխատավարձ կտան, մյուսով էլ` պարգևավճար:

«Ես գիտեմ, որ բարձր ռանգի աշխատողներն ամեն ամիս ստանում են և աշխատավարձ, և պրեմիա: Անցյալ տարի այդ պրեմիաները կազմում են մոտ 30 միլիարդ դրամ: Մենք չենք տեսել բյուջեի սեկվեստրի ծրագիրը, բայց փաստաթուղթ ես չեմ տեսել. չկա այդ թուղթը»,- ասաց տնտեսագետը` շեշտելով, որ բյուջեին չի հերիքի ոչ թե 260 միլիարդ դրամ գումար, ինչպես հայտարարում է կառավարությունը, այլ 340-350 միլիարդ:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ թեպետ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ տնտեսությունը կպակասի 2.5-4 տոկոսով, իրականում այն կպակասի 9-21 տոկոսով, իսկ փոքր ու միջին բիզնեսին մասսայաբար սնանկացում է սպասվում:

Նախկին վարչապետը փոքր ու միջին բիզնեսին խորհուրդ տվեց եկամուտները հաշվելու հետ մեկտեղ՝ լավ հաշվել նաև ծախսերը, ինչը հայկական բիզնեսի թերությունն է:

«Կրճատեք ծախսերը, ինչքան կարող եք: Նույնիսկ, եթե պետք է, մարդու աշխատանքից ազատեք, բայց փրկեք հիմնարկը: Երկրորդը` անպայման դիմեք Էկոնոմիկայի նախարարությանը կից ներդրումների աջակցության կենտրոն: Դիմեք և պահանջեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում կա՞ արդյոք կոռուպցիա, Հրանտ Բագրատյանն ասաց, որ կա, և այն օրեցօր ավելանում է:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ