26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննչական մարմինը միջնորդել է կալանավորել «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին

Երեկվանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էր ապրիլի 23-ին:

«Երեկ ձերբակալման դեմ բերված բողոքը սկսեց քննվել, քննչական մարմինը ներկայացրեց կալանավորման միջնորդություն, այսօր շարունակվում է դատական նիստը»,- 168.am-ին փոխանցեց Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշումը հավանաբար կլինի երեկոյան:

 Տեղեկացնենք, որ Սեդրակ Առուստամյանի ձերբակալության մասին տեղեկությանը զուգահեռ՝ լուրեր շրջանառվեցին, թե այն գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Առուստամյանը, առնչվում է ՊԵԾ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Առուստամյանի փաստաբանն այս տեղեկությունը չի մեկնաբանում. նախաքննական գաղտնիք է:

Նշենք նաև, որ Առուստամյանն արդեն հարցաքննվել է և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել ևս երկու քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

ՀՔԾ-ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին և նրան կալանավորելու որոշում էր կայացվել։ Սակայն սեպտեմբերի 22-ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման,  ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական գործի քննությունը շարունակվում է։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ