26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

5000 հա քիշմիշային խաղողի այգիներ

“Հայկական բերքի առաջմղման կենտրոն” (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար:

Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշային տեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: “In vitro” եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական ագրարային համալսարանը, Երևանի պետական համալսարանը և “Տեռաս դե Արմենիա” ընկերությունը:

Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով այս աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի:

“ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում հողատերերի և այգեգործների հետ` մաքրասորտ արմատակալներով  ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմամբ  խաղողի այգիների ստեղծման համար:

Մենք կսատարենք ներդրողներին ծրագրի շրջանակներում այգիների հիմնման, պատրաստի արտադրանքի շուկայահանման և այլ աջակցություն ստանալու գործում: Խաղողի քիշմիշային տեսակների արտադրական ծավալների ավելացմանը զուգընթաց` կներդրվեն իրացման և արտահանման երաշխավորված մեխանիզմներ”, – ասաց ընկերության ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը:

Նա նշեց, որ ծրագիրը  նախատեսում է վերականգնել և զարգացնել մայրուտից մինչև նոր այգու հիմնադրման տեխնոլոգիական ամբողջ շղթան, տարեցտարի ընդլայնել խաղողի քիշմիշային այգիները և դրանց տարածքը հասցնել 5 հազար հա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ