24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աստված ուտելիքն էլ պիտի ոչընչացնի, ստամոքսն էլ, արժե՞ դրա համար եղբորդ վիրավորել»

ՔՐԻՍՏՈՍԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ. ԱՅՍ ԿՅԱՆՔԸ ԵՐԱԶԱՅԻՆ Է

Մարկոսի Ավետարան (10.38֊42), Մարթայից եւ Մարիամից սովորելիք դասերը։

Քարոզ՝ խոսված Մայր Տաճարում, 2008 թ.։

Ինչպե՞ս հանգիստ կլինի մեզ համար, ի՞նչ էր գաղտնիքը՝ սովորե՛լը, այսինքն՝ մենք կարող ենք Եկեղեցի մտնել, մոմ վառել եւ հանգստանալ, օրհնություն ստանալ, բայց այն մոմի լույսի չափ շուտ կմարի, մնայուն խաղաղության համար, ինչպես ասացինք, մենք պետք է սովորենք: Որովհետեւ մեր բոլոր ծանրությունն ու հոգնածությունը գալիս են մեր գիտելիքներից, մեր սորվածներից, այս աշխարհից մեր ընկալածներից, դրանք այդպես ծանր բեռի պես կքում են մեր ուսերին: Ուրեմն ասեցինք, որ մենք պիտի գնանք Տիրոջը և պիտի ասենք, որ Տե՜ր, ես սխալ եմ սովորել, աշխարհը սխալ է սովորեցրել ինձ և ես հոգնել եմ, հիմա եկել եմ Քեզի՝ հանգի՛ստ տուր ինձ: Ես սովորեցի, որ պետք է սովորեմ, սովորեցի, որ առանց սովորելու Քո գաղափարները, կարելի չէ հանգիստ գտնել: Ուրեմն՝ հանգստացրո՛ւ ինձ, որվորեցրո՛ւ ինձ Քո ճամփաներ:

Ի՞նչ պիտի սորվեցներ Տերը, եթե գնայինք Իրեն: Հիմա այստեղ լիներ Ինքը, և ամենակարեւոր բանը, որ մեզ հանգստություն պիտի պատճառեր, մեր հոգսերը մի քիչ պիտի թեթևացներ, նոր տեսանկյուն պիտի բացեր մեզ համար:

Ուրեմն՝ Ղուկաս 10.38-ում կարդում ենք. 38 <<Եւ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտաւ մի գյուղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ 39 Եւ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խոսքերը։ 40 Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մոտ եւ ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41 Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղված, 42 բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամն ընտրել է լավ մասը, որ նրանից չպիտի վերցվի»։

Ուրեմն այստեղ մի դեպք կա, որ Տեր Հիսուս հոգնածներին, ջղայնացածներին, ներվայններին դաս է տալիս, և այդ դասը, հավանաբար, Իր հիմնակա՛ն դասն է, պետք է այդ հիմնական դասը մենք սովորենք: Այն այնպիսի մի դաս է, երբ որ վարագույրը, որ կբանանք մեր աչքից՝ մերկ իրականության հետ դեմ հանդիման կթողնի: Այնքան մերկ է իրականությունը, որ մենք նայել չենք ուզում այդ իրականությանը, չենք ուզում տեսնել, որովհետև չենք կարողանում կրել այդ մերկ ճշմարտությունը: Մենք սիրում ենք դիմակները, խաղերը, գույները, ձեւերը, բայց Տեր Հիսուս այս դասով մեր առջևից այնպիսի վարագույր է քաշում կյանքի, որ այդ ճշմարտությունը կրել շատ դժվար է, բայց առանց այդ ճշմարտությունն ընկալելու, մենք մեր շատ հոգսերից չենք կարող փրկվել: Ուրեմն եկեք մենք սրա մասին այսօր խոսենք:

Ի՞նչ է այդ մեկ բանը, որ մարդկանցից պիտի չառնվի, և այն ինչպիսի՞ մի բան է, որ Մարթան և մենք  շա՜տ-շա՜տ բաների համար ենք հոգ անում և զբաղված ենք, եւ կորցնում ենք ճշմարիտը և էականը:  Դեպքը պետ է լավ հասկնալ. Հիսուս և իր աշակերտները գյուղ առ գյուղ պտտում են և գալիս են Բեթանիա գյուղ: Եվ այնտեղ Ղազարոսը (Աստված օգնում է) Իր ընկերն էր, ով երկու քույրեր ուներ՝ իրենց տուն է մտնում: Արեւելյան սովորություն է՝ հյուր է եկել, պետք է լավագույնը մատուցեն, չէ՞: Ուրեմն մեծ քույրը՝ Մարթան, անմիջապես խոհանոց է վազում և ջանում իր ձեռքի եկած լավագույնը: Իսկ Մարիամը նստում է Հիսուսի ոտքերի մոտ, եւ էրիկ մարդկանց միջեւ խոսքն է լսում: Հիմա պետք է լավ հասկնանք դեպքը. «Հիսուս այդ տուն հաճախ չի մտնում, թերևս տարին մեկ-երկու անգամ, և այնտեղ՝ այդ տան մեջ, ապրող կանայք Աստծո խոսքը շատ չեն լսում, իսկ հիմա մի առիթ է»:

Հիսուս այդ տուն եկավ Իր աշակերտներով. բազմություն կա: Արևեւլյան սովորության համաձայն տան տիկինն է, որ պետք է հյուրասիրի: Եվ մեծ քույրը խոհանոցում է, փոքր քույրը՝ ամենաչլինելու տեղը՝ էրիկ մարդկանց մեջ: Երկու հազար տարի առաջ, չի ամաչում և Հիսուսի խոսքերն է լսում:

Քույրն ուզում է աշխատել, ուզում է լավագույնն անել, բայց մտահոգվում է: Ինչի՞ համար է տահոգվում՝ ո՛չ թե Հիսուս սոված է և Իր համար ճաշ պետք է եփի, պետք է շա՛տ լավ ճաշ եփի: Եվ Հիսուս իրեն ասի՝ ապրե՛ս, շա՛տ լավ ճաշ եփեցիր, կյանքիս մեջ այսքան համով խորոված չէ՛ի կերել: Ուրեմն, Հիսուսից եւ ուրիշներից «ապրե՛ս» էր ուզում առնել:

Հիսուսի համար էր աշխատում, ուրիշների համար էր աշխատում, ճաշ էր եփում՝ լավ բան էր, սխալ բան չէր անում: Բայց երբ որ գործը սկսեց՝ չփնտրեց իր քրոջը, չկանչեց իր քրոջը: Ի՞նչ էր ուզում անել՝ ի՛նք էր ուզում անել, առանձի՛ն էր ուզում անել, որպեսզի փառքն ու պատի՛վն էլ իրեն գա: Բայց երբ որ մտավ գործի մեջ և չկարողացվ տակից ելնել, իր ուզածի պես չէր, օգնության պետք ուներ, այդ ժամանակ ասաց, որ ո՞ւր է իմ քույրը, չկա՛, նայեց, որ Հիսուսի խոսքերն է լսում: Եվ բարկացած էր, ջղայնացած էր: Եկավ Հիսուսի մոտ եւ ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ ես աշխատում եմ ձեզ համար, ես քրտնում եմ, ձեզ համար ճաշ եմ պատրաստում, շատ զբաղված եմ, իսկ քույրս այստեղ է: Չպե՞տք է Դու ասես, որ գնա խոհանոց և քրոջդ օգնիր, այստեղ պարապ-սարապ խոսքեր մի լսիր»:

Ուրեմն, երբ որ Հիսուս նայեց Մարթային, այնտեղ մի նյարդային կին տեսավ, ջղայնացած՝ ուրիշի համար: Եվ Հիսուս մեղմ ձայնով ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների համար ես հոգ անում: Նախ՝ մենք ձեզնից ճաշ չուզեցինք՝ դուք ուզեցիք մեզ ծառայել, երկրորդը՝ մենք ազնվական չենք, մեզ համար ինչ-որ կա՝ լավաշ, պանիր, վարունգ, մի քիչ խաղող, մեզ բավարար է եւ մենք պատրաստ ենք ընդունելու: Դու ես, որ զբաղված ես, քո միտքդ է, որ պետք է շա՜տ-շա՜տ ծառայես, շա՜տ բաներ անես, և երբ որ չես կարողանում՝ դրա համար էլ տակն ու վրա ես լինում: Այդ քո որոշումն է, և սխա՛լ ես անում, որովհետեւ Մարիամը լավագո՛ւյն բաժինն ընտրեց:

Որովհետեւ, եթե դու այսօր աշխարհի լավագույն ճաշն էլ եփեիր, եվ մենք այսօր լավագույն ճաշը ուտեինք՝ վաղն այդ ճաշից ոչինչ չպիտի մնար, պիտի կորչեր-գնար: Բայց Մարիամը, որ լսում է այս խոսքերը, և լսելով իր մեջ որոշ բաներ են փոխվում՝ իր հոգին հարստանում է, այդ խոսքերն իր հետ պիտի մնա: Որքան ժամանակ որ իր հոգին պիտի ապրի, հավիտյանս հավիտենից այդ բաժինն իր մե՛ջ պիտի մնա»:

Սիրելինե՛ր, եթե դուք էլ այս գիշեր լավագույն ճաշերը եփեք, ուզածներիդ չափ լավ ճաշեր ուտեք, լավագույն բարեկանմերով խրախճանք անեք, անգամ մեկ շաբաթ հետո չպիտի հիշեք այդ գիշերը: Բայց եթե այս խոսքերը հասկանաք, ընդունեք ձեր հոգու մեջ, ո՛ւր որ էլ գնաք, երբ էլ որ քայլեք՝ այսօր կամ գերեզմանի մեջ, ձերինը պիտի լինի: Ձեզնից ոչ ոք չի՛ կարող խլել: Ուրեմն, այստեղ ամբողջ հարցը սա է. հոգս անել, քրտնել, ջանալ, աշխատել, ճիգ թափել, բայց ինչի՞ համար: Ի վերջո ինչի՞ համար, ի՞նչ է մնում մարդու ձեռքի մեջ: Ուրեմն, Տեր Հիսուս ամենից առաջ մեզ այս դասն է ուզում տալ՝ հանգստացնելու, նյարդերից փրկելու համար:

Մեզ ասում է, որ ձեր արժեքների հերթականությունը լա՛վ ճշտեք, ի՛նչ է առաջինը, ի՛նչ է երկրորդը, ի՛նչ է երրորդը, ի՛նչ է չորրորդը, ի՛նչ է քո արժեքներիդ բուրգը՝ գագաթին ի՞նչ է գտնվում, և ինչո՞ւ համար է այդ արժեք: Որովհետև մենք աշխարհից սովորել ենք, որ երկրորդական-երրորդական բաներն առաջին տեղը գրավեն: Եվ մենք այն սովորել ենք, մանկությունից մեր մտքի, խելքի մեջ մտցրել-դրել են այդ: Եթե նույնիսկ մենք հավատացյալ էլ դառնանք, տակավին այդ ուսուցումները մեզ գրավում են, և մենք աշխարհի սովորացրածի պես ենք նայում, և բեռներ ենք ստանում: Այն բեռները, որ վաղը չպիտի հիշենք, չպիտի մնա:

Փիլիսոփաները, բոլոր մտածող մարդիկ, երբ որ դիտել են աշխարհին, իրենց համար ամենից մեծ հարցը ի՞նչ է եղել՝ գիտե՞ք, և տակավին իհարկե այդպես է. «To be, or not to be, that is the question?»: Այս խոսքը Շեքսպիրն է ասել «Համլետ»-ի մեջ: Եվ այնտեղ մարդու գանգն է վերցնում, որ թե այդ գանգն ի՞նչ է եղել իր մանկության ժամանակ՝ ծաղրածու է եղել:

Ուրեմն, գանգի տիրոջ հետ խաղացել է և հիմա կմախքն է մնացել: Թաղել են, ձպիտի թաղեն նրա տեղը, ուստի ոսկորները դուրս են թափել, և հիմա նրա գանգն իր ձեռքում է: Եվ այստեղ Շեքսպիրը բոլոր ժամանակների փիլիսոփայական հարցն է դնում՝ «Լինել կամ չլինել, ա՛յս է հարցը»:

Տեսե՛ք, դուք ամենքդ շատ եք սիրում ձեր ծննդյան թվականը՝ չէ՞, բայց եթե մեկը ծննդյան թվական ունի, պետք է նաև մահվան թվական ունենա՝ չէ՞: Թերեւս այն գրված չէ, բայց պետք է լինի: Ծնվելուց առաջ չկայինք այս աշխարհի վրա, մահանալուց հետո էլ չպիտի լինենք: Բայց մենք հիմա կա՞նք, թե՞ չկանք: Ո՛չ, մենք չկա՛նք, որովհետև եթե մի բան կա՝ մի՛շտ կա: Հասկանալի՞ է. եթե ես հիմա կամ՝ մի՛շտ պետք է լինեմ, բայց եթե ես միշտ չպիտի լինեմ, ուրեմն ինչպե՞ս ես ինձ ասեմ,որ կամ, որ ես գոյ եմ: Իրականում ես ուրի՛շ բան եմ:

Ասենք որ ճամփորդության դուրս եկաք դեպի Հավայան կղզիներ: Պետք է գնաք, պատրաստություն տեսնեք, տոմս գնեք, հետո օդանավ նստեք, հետո հինգ աստղանոց հյուրանոցի մեջ ձեր հագուստները պիտի փոխեք, ծովեզերք դուրս գաք, ամեն մարդ այնտեղ շրջում է, արև է և այլն: Ծով պիտի մտնեք՝ զանգ կհնչի, կասեք որ՝ ո՞րտեղից եկավ այս զանգը, իսկ զանգը հնչում է ու հնչում:

Ու հանկարծ արթնանում եք եւ տեսնում, որ երազ էր եւ առավոտյան ժամը յոթն է ու պետք է արթնանանք: Բայց որքա՜ն ճշմարիտ էր ձեզ համար, չէ՞: Ամեն ինչ «ճշմարիտ» էր: Եթե այնտեղ մեկը ձեզ ասեր, որ սա երազ է՝ չէիք հավատա իրեն, քանի որ ամեն ինչ «ճշմարիտ» էր: Ուրեմն տեսեք՝ լինելու եւ չլինելու հարցը մեր ամենամեծ խնդիրն է: Եւ մեր բոլոր խնդիրները, բեռնվածությունը, բոլոր նյարդային վիճակները գալիս են նրանից, որ մենք լավ չենք հասկանում այդ, լավ չենք անդրադառնում, դրա համար է: Մենք երազային գոյավիճակի մեջ ենք:

Բայց խնդիրն այն է, որ մենք չենք հավատում սրան, չենք ասում, որ կյանքը երազ է: Իհարկե, երազն էլ է իրականություն, երազն ինքն իր երազային իրականությունն ունի, բայց ասում ենք, որ կյանքը երազային է, կյանքի հյուսվածքը երազային է: Հետեւաբար այս կյանքի մեջ եղած բաները ճշմարիտ չեն, շատ իրական չեն:

Ոչինչ չեն, բայց նաեւ ամեն ի՛նչ էլ չեն: Սակայն միջի՛ն մի բան են՝ լինելիության մեջ, շա՜տ նուրբ հյուսվածք ունենք, շա՜տ դյուրաբեկ. մի անգամից կարող է փրթվել: Մենք շատ զորավոր չենք, մեր մաշկը զորավոր չէ: Երազային է մեր կյանքը, մեր բոլոր խնդիրներն էլ են երազային, շատ իրական չեն՝ ավազի վրա գրված բաներ են: Խնդիրները գրեք ավազի վրա, որքա՞ն կմնա՝ կարճ, քամին կքշի կտանի, ջուրը կտանի, ոչ մի բան չի մնա:

Հիմա դուք, որ այստեղ նստել եք, ՀԱԵ-ու ամենահին վայրերից մեկն է՝ հազար յոթ հարյուր տարի առաջ է հիմնվել։ հազար յոթ հարյուր տարի է այստեղ մարդիկ են եկել, միլիոնավոր, հարյուր-միլիոնավոր հայեր, օտարներ, իրենց գլուխը դրել են այս քարերին, ուխտի են եկել: Ու՞ր են հիմա, մե՞նք ուր պիտի լինենք: Ուրեմն, եթե ես այսքան դյուրաբեկ մի արարած եմ, իմ խնդիրներս որքա՞ն արժեն, իրապես՝ որքա՞ն կարևոր է, որքա՞ն մեծ խնդիր կարող եմ ունենալ, որ ես ձեզնից մեկին մեռցնեմ։ Որքա՞ն մեծ խնդիր կարող եմ ունենալ այսպիսի տիեզերքի մեջ, որ ես դրա համար դավեր սարքեմ, դավաճանություն անեմ, սուտ խոսեմ:

Կամ ես ի՞նչ կարող եմ շահել, ի՞նչ ունեմ շահելիք այս կյանքի մեջ: Ասենք, եթե քսանչորս ժամ աշխատեմ, քրտնեմ, մնայուն ի՞նչ կա: Սակայն այս դասը պետք է յուրացնել, երբ որ խնդիրները կգան մեզ վրա, այն ժամանակ պետք է ասենք, որ «սիրելի» խնդիր, «սիրելի» հոգս, թերեւս կարևոր ես, պետք է ջանամ քեզ լուծել, բայց դու աշխարհի ամենակարևոր խնդիրը չես: Դո՛ւ էլ պետք է անցնես, ե՛ս էլ: Պողոս առաքյալը հրաշալի մի խոսք ունի, երբ ուտելու և չուտելու մասին է խոսում: Որոշ մարդիկ ասում են, որ միս պետք չէ ուտել, սա պետք է ուտել, այս օրը, այն օրը:

Պողոս առաքյալն ասում է. «Եղբորդ ինչու՞ ես վիրավորում ուտելիքի համար»: Աստված ուտելիքն էլ պիտի ոչընչացնի, ստամոքսն էլ, արժե՞ դրա համար եղբորդ վիրավորել: Ուրեմն, երբ որ մենք այսպես մտածենք, եւ մեկը գանգն իր ձեռքը վերցնի եւ մեզ ասի, որ այս մարդը ի՜նչ հոգսեր ուներ, ի՜նչ դրամական նեղություններ, ինչպիսի՜ բարեկամներ իրեն դավաճանեցին, սիրում էր՝ չկարողացավ ամուսնանալ, սա եղավ, նա եղավ: է՜, հետո՞ ինչ: Հիսուսն ասում է,որ մեկ բան կա միայ՝ մարդկանցից չվերցվելիք բաժինը, եթե այդ մեկ բանը ունեք՝ ամեն ինչ ունեք, եթե չունեք, ուրեմն ոչինչ էլ չունեք՝ մի ափ փոշի: Գանգ էլ պիտի չունենաք: Սիրելիներ, Տեր Հիսուս մեզ ա՛յս դասն է սովորեցնում: Այս դասը շա՛տ մերկ է, այնքա՜ն, որ մարդիկ չեն կարող կրել այն:

Երկար ժամանակ չեք կարող մտածել այդ մասին: Այդ պահին կյանքի նկատմամբ մի տեսակ թույլ կվարվեք: Կհասկանաք, որ իրականության մեջ ձեր բոլոր այդ ջանքը երազային է: Ինչն է մարդուն համար ամենից կարեւորը՞, առողջությունը՝ չէ՞, զավակները՝ չէ՞, իսկ մնայու՞ն են՝ ոչ:

Ի՞նչն է մնայուն:

Եթե մնայուն մի բան կա՝ դա ես եմ, իմ հոգին է, որ մարմինի մեջ է, և այս երազային կյանքն է ապրում, որը կա և չկա, ապրում է: Այլեւ շա՜տ կարեւոր է իմ հոգո՛ւ փորձառությունը: Եւ իմ հոգու փորձառությունը ուտել-խմելը չէ, այլ ինչպե՛ս է ուտում այդ հոգին, դա՛ է շատ կարեւոր:

Օր.՝ ճաշ ես ուտում եւ ճաշը վերջանում է: Բայց եթե ճաշը խաչակնքելով ես ուտում՝ ճաշը վերջանում է, ես էլ, խաչակնքող ձեռքս էլ, բայց հոգիս փորձառություն է ձեռք բերում: Ինչն է ա՞յդ՝ ինչ որ ունեմ՝ Աստծուց է, և ես շնորհակալ եմ դրա համար, չոր հաց կամ պանիր կամ թագավորների սեղանին ինչ որ լինի:

Երբ որ ես խաչակնքելով եմ ճաշում, իմ սովորությունն է մնում: Այս խոսքերի՛ց էլ շատ բան չպիտի մնա: Երբ որ Մարիամը Հիսուսի ծնկերի առջեւ նստած էր և Հիսուսի խոսքերն էր լսում, կարծում եք ամեն ինչ հասկանու՞մ էր: Հիսուսի աշակերտները չէին հասկանում, խեղճ Մարիամը ո՞րտեղից պիտի հասկանար, բայց Մարիամը լավագո՛ւյն բաժինն ընտրեց: Ի՞նչ է այդ լավագույն բաժինը. այնտեղ խոհանոց կար, ճաշ, ճաշարան, սոխ-սխտորներ, բազմություն, փառք, <<ապրե՛ս՝ շա՛տ լավ եփեցիր>> կար, բայց մյուս կողմում կար Աստծո՛ Խոսքը:

Ես պիտի գնամ Աստծո խոսքին:

Այս սովորությունը մնում է: Դուք էլ իմ այս խոսքերը պիտի մոռանաք, ես էլ մոռացա ինչ ասեցի քիչ առաջ, դուք էլ պիտի մոռանաք, բայց դուք ասեցիք, որ չորեքշաբթի օրը Աստծո խոսքը կա, պիտի թողնեմ ես իմ գործը և պիտի գնամ Եկեղեցի, պիտի լսեմ։ Ա՛յդ է մնում: Որովհետեւ մի օր պիտի մեռնես եւ հոգիդ դատարկության մեջ պիտի մնա, պիտի ասես, որ գնամ Աստծո տուն: Ուրեմն, երբ որ դու քեզ սովորեցնես Աստծո տուն գնալ, Աստված փնտրել, այդ քո հոգու մեջ մնայուն է:

Աստծո Խոսքը փնտրելդ, Աստծու հետ բարեկամանալու ձգտումդ, Աստծուն հասկնալ ջանալդ մնայուն է: Որքան ժամանակ որ հոգիդ ապրում է, այնքան ժամանակ քեզ հետ է:

Իսկ մնացյալները հոգ չպիտի՞ անենք՝ պիտի անենք, իհարկե. հոգսեր ունենք՝ մեր առողջությունը, զավակները, գործը, խնդիրները պիտի ջանանք լուծել, բայց պիտի ասենք, որ ոչ մեկից չեմ վախենում, ոչ մեկից տակնուվրա չեմ լինի, որովհետեւ ամեն ինչ պիտի անցնի: Միայն Աստված պիտի մնա և միայն Աստված բավական է: Ուրեմն, երբ որ մենք այս զգացումն ենք ունենում, այդ ժամանակ մենք մի քիչ հանդարտվում ենք, այդ ժամանակ մորթելու էլ գան մեզ, ինչպես առաջին քրիստոնյաներին, առյուծների առջև էլ նետեն մեզ՝ կասենք, որ մի՛ վախեցիր:

Անգլիա մի եկեղեցի էի մտել, ճարտարապետները զարդարել էին մուտքը եւ գրություն թողել: Դեռ դռնից չմտած երկու կամարներ կային, կամարների աջ և ձախ կողմերում նկարներ կային: Ուրեմն աջինի վրա ծաղիկներ էին նկարել, գեղեցիկ թռչուններ և այլն եւ գրել էին՝ «Բոլոր հաճույքները մի՛ պահ է միայն»:

Դրա ճիշտ դիմացը՝ կամարի վրա՝ խաչ , արյան կաթիլներ, փշեր էին նկարել, եւ տակն էլ գրել՝ «Ցավերը տեւում են միայն մի՛ պահ»։ Իսկ մայր դռան վերեւում՝ դռան կամարին, որ եկեղեցի եք մտնում, աստղեր կային նկարած և գրություն՝ «Կարեւորը հավերժությունն է»:

Ես այս օրինակը հուղարկավորությունների մեջ եմ շատ գործածում: Դագաղն այնտեղ է, ասում եմ, որ այս հանգուցյալի աջին մնում են իր հաճույքները, վայելքները, հաջողությունները, բանկի դրամները, զավակները, թոռնիկները: Ինչ որ լավ բան կար՝ մեկ պահ էր, անցավ:
Իսկ իր ձախին էլ մնում են ցավերը, երկունքները, հիվանդությունները, քաղցկեղը, զավակների լքելը, արցունքները, նյարդային անքուն գիշերները, մի՛ պահ էր, չկան:

Իսկ հիմա մտնում է հավիտենականության, հավերժության: Ա՛յդ է կարեւորը: Այս է սուրբերի համբերության գաղտնիքը՝ ամեն ինչ պիտի անցնի:

Արեւի տակ ունայնություն է, որովհետեւ կյանքը երազային է՝ կա ու չկա: Մենք շատ վստահ ենք, որ կա, և մեր բոլոր խնդիրներն այդտեղից են ծագում: Կարծում ենք, որ այս բոլորը երբեք չպիտի անցնեն: Բայց պիտի անցնեն, որովհետև պետք է արթնանալ, որ երազային է կյանքը: Այն ժամանակ մեծ հանդարտության մի ընդարձակ սրահի ենք բացվում մենք, եւ կյանքը հաճույքի է վերածվում: Քանի որ շահելու ոչինչ չկա, կորցնելու բա՛ն էլ չկա: Ինչ որ ունենք՝ շնո՛րհք է, վայելե՛նք:

Այս պատմությունը գիտեք, շատ հռչակավոր է: Ուրեմն մի գյուղացի, լճի եզրին նստած, կարթով ձուկ է որսում: Մի մեծահարուստ գալիս է եւ ասում, թե ինչ է անում այնտշեղ, ասում է՝ ձուկ է որսում, եւ ասում է՝ ինչո՞ւ համար է կարթով որսում, իսկ ի՞նչ պիտի անեմ։ Պատասխանում է, որ եթե նավակով խորքը գնա՝ ավելի շատ պիտի բռնի, ասում է ինչու՞, որովհետեւ, եթե ավելի շատ ձուկ բռնի՝ կվաճառի, ինքն իր նավակը կունենա: Ինչու՞ համար ասում է, որովհետեվ ավելի շատ ձուկ կորսա, կծախի, մի քանի նավակ կառնի, ասում է ինչո՞ւ համար, է՜, շատ դրամ կվաստակի, հետո մեծ նավ կառնի, ասում է ինչո՞ւ համար, ասում է շատ դրամ կունենա, լավ՝ ինչո՞ւ համար շատ դրամ պետք է ունենամ, ուզածն անելու համար:

«է՜»,- ասում է ինքը հիմա էլ է իր ուզածն անում: Ինչու՞ այդքան զբաղվի, ինչո՞ւ համար:

Թերեւս դուք այստեղ համեստ դասակարգի մարդիկ եք, մենք մեր եկեղեցական փորձառությամբ երբեմն շփվում ենք ավելի հարուստ դասակարգերի հետ: Հավատացեք, աղքատների չափ լավ չեն կարողանում ուտել: Ուշադրություն են դարձնում ամեն ինչի՝ սա խոլեստիրին է, բժիշկս ինձ ասեց սա կեր, նա կեր, մեկն այս ասեց, մեկն այն ասեց: Այսինքն այդ ամբողջ դրամը մի տեղ մնում է, պարզապես իրենք ապահով են, որ իրենք իրենց բոլոր ուզածները կարող են անել:

Երա՛զ է, երազա՛նք է, սի՛ն երազ է, ունայնությո՛ւն ունայնությա՛նց: Ժողովողի գիրքը գնացեք կարդացեք, թագավորը բոլոր աշխարհային ցանկությունները կատարում է, հետո ասում՝ ունայնություն է, արեւի տակը նոր բան չկա

Իրականության մեջ մի քանի տող էր այսօր ուզեցի սովորեցնել՝ այն է, որ
ԿՅԱՆՔԸ ԵՐԱԶԱՅԻՆ Է:

Մենք շատ բաների համար ենք հոգ անում և բեռնավորվում, որոնք մեզ ո՛չ պետք են, ո՛չ էլ էական են շատ: Կարող ենք դրանք սպրդել եւ նետել, որովհետեւ մե՛կ բան կա շատ կարեւոր, և դրա՛ ետևից պետք է մենք գնանք:

Հակոբոս առաքյալի նամակով եմ ուզում, որ ավարտենք մենք այս քարոզը (4:13-15): Ահա՛, ով դո՛ւք, որ ասում եք. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մի տարի այնտեղ կմնանք եւ կվաճառենք եւ կվաստակենք»: Այսպես եք ասում դուք, որ չգիտեք վաղվա օրվա մասին, թե ինչպիսի կյանք է, հիրավի մի մշուշ է այն, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ հետո աներեւութանում: Փոխանակ որ պետք է ասեք. «Եթե Տերը կամենա, եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը»:

Ուրեմն՝ մեր կյանքը մշուշ է, երազային: Հակոբոսն ասում է՝ մշուշային, մի պահ է երեւում: Մշուշն իրական է, ճշմարիտ, իհարե, մեր կյանքն էլ իրական եւ ճշմարիտ է, բաց երազային է:

Ուրեմն եկեկք մենք Աստծուն վստահենք, մեր աչքի առջևից անցկացնենք անցյալ ժամանակները և սերունդները և գալիքները, և այս կյանքի օվկիանոսի մեջ մեր դերը նկատենք և խոնարհաբար Աստծուն ասենք, որ շնորհակալ եմ Տեր: Ինչ որ տվել ես, ինչ որ ինձ բաժին է ընկել, իմ բոլոր ցավերի և ուրախությունների համար: Որովհետեւ պիտի անցնի, բայց ես Քեզ ընտրեցի, որ ա՛յս պիտի մնա՝ ես Քե՛զ ընտրեցի:

Ուրեմն, շնորհավորում եմ ձեր ընտրությունը, լա՛վ եք ընտրել: Ուշադի՛ր եղեք, որ ձեզնից չգողանան այս լավ բաժինը: Մի՛ արտոնեք, որ այս աշխարհի վաղանցուկ բաներով տեղերը փոխեք:

Եվ որոշ մարդկանց պես չասեք՝ ինչո՞ւ համար այս իմ գլխին եկավ, Աստված չկա, ես չեմ հավատում Աստծուն, ինչպե՞ս պատահեց այս բանը: Ամեն ինչ պատահո՛ւմ է այս աշխարհի մեջ. երազ է որովհետև: Մի քիչ անուրջ է, մի քիչ մղձավանջ. խառնու՛րդ է:
Ապրում ենք և գնում: Կարեւորը մեր ընտրություններն են:

Երանի՜ նրան, որ Աստծուն է ընտրում:

Տերն օրհնի ձեզ:

Սահակ արքպիսկոպոս Մաշալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ