18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի պրոպագանդան ԵՄ-ի և Սորոսի հիմնադրամի փողերով. քարոզչական թեման «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է. Antifake.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված է հրապարակել ««Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով» վերնագրով։

Հոդվածում նշված է, որ այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ  – Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ։

Հոդվածի վերնագրից առաջին տպավորությունն այն է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցական ուսումնական ծրագրից, և դրա վերաբերյալ առկա է իրավասու մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության որոշումը։

Մինչդեռ նյութի բովանդակության ուսումնասիրության մեջ այդպես էլ չենք գտնում նման որոշման առկայության մասին տեղեկություն, այլ հանդիպում ենք միայն նման ցանկություն ունեցող անձանց տեսակետների։

«Հայկական ժամանակ» լրատվականում աշխատող հոդվածագիրը, որն այս նյութը պատրաստելու համար ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամից և ԵՄ-ից, նյութը կառուցել է տարբեր անձանց կարծիքների և զրույցների հիման վրա, սակայն դրանք ներկայացրել է միակողմանի՝ ներառելով միայն առարկան հանելու կամ փոփոխելու կողմնակիցների դիրքորոշումները, կամ, ինչպես հեղինակն է նշում «դժգոհությունները», «մտահոգությունները», և «մոռացել է» մյուս կողմի մտահոգությունները, որոնք կողմ են առարկան նույնությամբ պահպանելուն։

Արդյունքում` հեղինակի հետևողական ջանքերի շնորհիվ նախ ընթերցողը մոլորության մեջ է ընկնում վերնագիրը կարդալիս, որտեղ պնդում է արվում, թե «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի, ապա դրան հաջորդում է վերնագրում առկա հաջորդ մանիպուլյացիան՝ «առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով»` այնպիսի տպավորություն ստեղծելով, թե արդեն իսկ առկա է իրավասու մարմնի նման որոշումը, որին հաջորդում են թեման միակողմանի ներկայացնելու «շնորհիվ» ընթերցողի մոտ ևս «մտահոգություններ» ծնելու համար գործի դրված բոլոր մանիպուլյացիաներն ու քարոզչական հնարքները։

Բացի այդ, հրապարակման գերակշիռ մասը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ հարցուպատասխանն է։ Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ն և Սորոսի հիմնադրամը գումար են վճարել հոդվածագրին Արևիկ Անափիոսյանի հետ այս թեմայով հարցազրույց անցկացնելու և նախարարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հրապարակելու համար։

AntiFake.am-ը կապ հաստատեց ՀՀ ԿԳՄՍ-ի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է «Հայոց պատմություն» առարկան դպրոցական ուսումնական ծրագրից հանելու կամ այն այլ ձևաչափով ներկայացնելու մասին որոշում, որին ի պատասխան` մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասին որոշում դեռևս չկա։ Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին պետական հանրակրթության չափորոշիչը վերանայվում է, դրանից բխող փոփոխությունները չեն բացառվում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակի» հրապարակման վերաբերյալ նշել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: Սա նաև օրենքի պահանջ է: ՀՀ կառավարության և Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ընթացքում նույն փոխնախարարի կողմից հավաստիացվել է, որ նման խնդիր դրված չէ»:

«Ինչ վերաբերում է առարկայի առնչությամբ իբրև թե արտահայտված բողոքներին և դրանց ունկնդիր լինելուն, ապա դա կեղծ օրակարգ է, քանզի հարց է առաջանում, թե որ կառույցը պետք է ունկնդիր լինի Հայոց Եկեղեցու բազմամիլիոն հետևորդների պահանջներին, ակնկալություններին և պաշտպանի այս իմաստով նրանց իրավունքը: Վերստին պնդում եմ, որ սա անընդունելի է, ոչ կառուցողական մոտեցում: Կոչ ենք անում վերանայել այս քաղաքականությունը»,-հավելել է քահանան։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու կամ փոփոխելու մասին որոշում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դեռ չի կայացվել, հարցը Մայր Աթոռի հետ չի քննարկվել, հետևաբար, «Հայկական ժամանակը» Սորոսի ֆոնդի և ԵՄ-ի գումարներով իրականացնում է մանիպուլյացիաներով ուղեկցվող քարոզչություն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու կամ փոփոխելու վերաբերյալ, որը, ինչպես հասկանում ենք, թե’ «Հայկական ժամանակ» լրատվականում տեղ գտած հրապարակումից և թե’ ԿԳՄՍ աշխատակցի՝ մեզ հետ ունեցած զրույցից, նախատեսվում է առաջիկայում։

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի լրագրողները, փաստորեն, դարձել են ԵՄ-ի և Սորոսի հիմնադրամի գումարներով այդ լրատվականում պրոպագանդա իրականացնողներ։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ