29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Փաստինֆո

34540a5

Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը նախևառաջ թավշյա եղանակով ՀՀՇական իշխանության վերադարձը, վերակենդանացումն ապահովեց։ Այս համատեքստում որպես պահանջատեր կատաղի պայքարի ելած գործիչներից կարելի է առանձնացնել Երկուսին՝ Գագիկ Ջհանգիրյանին ու Անդրանիկ Քոչարյանին, որոնց երբեմն միանում է նաեւ Վահան Շիրխանյանը։ Նրանք հայտնի են իրենց պաշտոնատենչությամբ, որոնցից ոմանք անգամ երկիրը ցնցած ահաբեկչությունից հետո պաշտոն ստանալու վերջնագրեր էին ներկայացրել իշխանությանը։ Այնուհանդերձ, չկարողացան հասնել իրենց ոլորտներում առաջինը լինելու բաղձալի նպատակին՝ իրենց անզուսպ ամբիցիաները մի կերպ տեղավորելով այս կամ այն ուժային կառույցի տեղակալի և մի տեսակ՝ պահեստային ղեկավարի պաշտոնում:

Վերջին 30 տարիների մամուլի հրապարակումները փաստում են, որ նրանց միավորում է նաև   ՀՀՇ-ական դավադրությունների սցենարների մշտական մասնակիցը և հիմնականում՝ հղացող-ուղղորդողը  լինելու հանգամանքը, նաև խորհրդավոր ստվերայնությունը, ինչի համար կարելի է պայմանականորեն և խորհրդանշային անվանել՝ գորշ գայլեր:

Եվ այսպես, գորշ գայլերը վերադարձել են: Վերակենդանացել են:

Եվ քանի որ Անդրանիկ Քոչարյանը՝ իր  ներողություն չխնդրող՝ անհողդողդ և «սկզբունքային»  կերպարով վերջերս շատերին գրավեց, ուստի որոշեցինք թարմացնել և նրա հիշողությունը՝ ժամանակի անիվը պտտելով 20 տարի առաջ և միաժամանակ՝  մեր երիտքաղաքական գործիչներին նույնպես ծանոթացնել, թե ի՞նչ կա պարոն Քոչարյանի խորհրդավոր անցյալում:  Մի մարդու, ով այսօր առանցքային պաշտոն է զբաղեցնում գործող իշխանության կազմում, ու վստահվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավարման գործը։

Կառավարությունը մտադիր է անցումային արդարադատության իրականացման համատեքստում 20 հոգանոց փաստահավաք հանձնաժողով ստեղծել, որ կուսումնասիրի 1991-2018թթ. ժամանակահատվածի ընտրական գործընթացների և մի շարք այլ կարևոր ոլորտների իրադարձությունները: Կարծում ենք՝ այդ առումով բավական հետաքրքիր բացահայտումներ կգտնեն իրենց իսկ քաղաքական թիմի ներկայացուցիչների վերաբերյալ սոսկ մամուլի էջերը թերթերով։

                                                Արխիվային թղթապանակ

Ոչ թե գաղտնի, այլ արխիվային, քանի որ այս ամենի մասին արդեն գրվել ու պատմվել է

 

Ոչ միայն այսօրվա, այլև նախորդ շրջանի քաղաքական իրադարձությունների մեջ ակտիվ դերակատարություն ունեցող Անդրանիկ Քոչարյանի հետ է կապվում երբեմնի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի վերաբերյալ կոմպրոմատ հավաքելու նախաձեռնությունը և վերջինս սկուտեղի վրա Տեր-Պետրոսյանին մատուցելու փաստը, ինչի համար Քոչարյանն իբրև պարգև ստացավ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը՝ Շիրակի մարզում՝ մինչ օրս հետերկրաշարժյան դժվարին կյանքով ապրող գյումրեցիների հիշողության մեջ մնալով քաղաքում թիկնապահներով շրջող   մաուզերիստի կերպարով: Եվ ոչ միայն:

Ահավասիկ, սույն «գորշ կարդինալին» վերաբերող երկու հետաքրքիր փաստ կա հայ մամուլի արխիվում: Ըստ որի՝ Անդրանիկ Քոչարյանը հենց այն մարդն է, ով բախտ է ունեցել վերջինը զրուցել պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու հետ: Արդյո՞ք պատահական է, որ հենց Անդրանիկ Քոչարյանն է վերջինը խոսել ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հետ: Ի՞նչի մասին են խոսել հանդիպումից քիչ անց սպանված սպաները՝ Անդրանիկ Քոչարյանի հետ, ի՞նչ երբևէ չբացահայտվող գաղտնիքներ են տարել իրենց հետ նրանք, այդ մասին գիտի միայն Քոչարյանը:

Մասնավորաբար, ժամանակի մամուլը անդրադառնալով ՆԳ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությանը, բավական ուշագրավ մանրամասներ է ներկայացրել՝ կապված և՛ 1998 թվականի հունվարի 21-ի գիշերը նրա ոտքերի վրա արձակած կրակոցների, և՛ 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը նրա սպանության դրվագի հետ: Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու  նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:

 Բանն այն է, որ Պապիկյանն ուղղակի փաստեց, որ Արծրուն Մարգարյանի հրամանով հենց ինքն է եղել  1998-ի հունվարի 21-ին նրա ոտքերին կրակողը: Ավելին, 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի միջադեպը ևս ծրագրված է եղել Մարգարյանի կողմից, սակայն այն ողբերգականորեն ավարտվել էր  նրա մահով՝ որոշ հանգամանքների փոփոխության պատճառով:

                                                Հրանտ Պապիկյանը փակագծեր է բացել

Հարցը, թե՝ ի՞նչ պիտի տեղի ունենար 1999-ի փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը, ի՞նչ միտքը տանջող գաղտնիք էր Պապիկյանը թաքցնում և ինչու՞ էր որոշել գնալ Վազգեն Սարգսյանի մոտ ու հայտնել, որ իր կամքից անկախ ներքաշված է եղել այդ պատմության մեջ, դեռևս 20 տարի առաջ է գաղտնազերծվել, հրապարակայնացվել և այդ շրջանում որևէ մեկը չի ժխտել այն ամենն, ինչ պատմել է Հրանտ Պապիկյանը:

«Ես շատ լավ գիտեի, որ կասկածի տակ է դրվելու իմ ասածների արժանահավատությունը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էլ հարցրեց, թե ինչու՞ ընդհանրապես եկա իր մոտ:Ես պատասխանեցի՝ պարոն նախարար, դե հիմա չասեմ, էլի, որ քաղաքացիական պարտքս դրդեց»: Նա ծիծաղելով ասաց՝ չէ, չէ, ինձ ըտենց բաներ չասես, ճիշտն ասա»:Ես էլ ասացի, որ մարդիկ կան, ովքեր այդ տղային, այսինքն՝ Արծրուն Մարգարյանին, իրենց խորհուրդներով տարան, գլուխը կերան, հիմա էլ մահվան վրա ուզում են նորից միավորներ շահել: Դե մեռել, մեռել է՝ գոնե այստեղ տեսնենք ինչ ենք կպցնում՝ մտայնությամբ»՝ -20 տարի առաջ Վազգեն Սարգսյանին պատմել է Հրանտ Պապիկյանը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 27-28-ի գիշերը։

Վերհիշելով տարիներ առաջ մամուլում հրապարակված՝ Հրանտ  Պապիկյանի պատմածը՝ Վազգեն Սարգսյանին, փաստենք, որ խոսքը մասնավարապես առնչվում Անդրանիկ Քոչարյանին, որն այս ողջ պատմության մեջ ունի շատ կարևոր և ինչպես միշտ՝ բացասական դերակատարություն: Հենց նա էր այդ օրերին Արծրուն Մարգարյանի արյունը չսառած և այն օգտագործելով փորձում հասնել ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանն ու  այդ պաշտոնում իր նշանակմանը:

Բայց դառնանք Հրանտ Պապիկյանի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հանդիպմանը, որը կազմակերպել էր Ղուկաս ՈՒլիխանյանը /այն ժամանակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր/՝ Հրանտ Պապիկյանի խնդրանքով: Վերջինս ՊՆ էր գնացել հենց Ուլիխանյանի ուղեկցությամբ, սակայն Վ.Սարգսյանի մոտ մտել է միայնակ, իսկ Ղ.Ուլիխանյանն սպասել է ընդունարանում։

Հանդիպման սկզբում Վազգեն Սարգսյանն ասել է, որ  ինքն էլ որոշ բաներ գիտի ու առանձնացրել երեք վարկած՝ նշելով, որ եթե  Հրանտ Պապիկյանն ունի դրանք լրացնող ինֆորմացիա, ապա պատրաստ է լսել։

Լսելով Վազգեն Սարգսյանին, Հրանտ Պապիկյանը միանգամից է արձագանքել.

-Պարոն նախարար, ասեմ, որ ոչինչ էլ չգիտեք:

Իր այս խոսքերը, ըստ Պապիկյանի, այնքան անսպասելի են եղել, որ Վազգեն Սարգսյանը ծխախոտը մի կողմ է տարել ու հարցրել՝ «Ինչ ասացի՞ր»:

«-ՈՒ ես շարունակեցի, ասելով՝ եթե ասում եք ՝ երևի թե ոտքերի կրակոցներից է ամեն ինչ սկսվել, ապա այս առումով որևէ «երևի թե» գոյություն չունի, որովհետև անձամբ ներկա եմ եղել ոտքերի կրակոցներին,,:

Մի վայրկյան լռություն է տիրել, ապա Վազգեն Սարգսյանը հարցրել է Պապիկյանին

– Ինչ ասացի՞ր, ո՞նց թե՝ տեսել ես, որտեղի՞ց, ի՞նչ հեռավորությունից

-Ես էլ, թե՝ 15-20 մետր հեռավորությունից:

ՈՒ Վազգենը ձեռքը խփելով սեղանին ասել է՝ ՈՒրեմն, հիմա կիմանամ՝ ի՞նչ է կատարվել»:

                                  Արծրուն Մարգարյանի բժիշկ Հրանտ Պապիկյանի պատմածը

Ըստ այդմ, Ա. Մարգարյանի մտահղացումն է եղել սեփական ոտքերի վրա կրակելը, իսկ կրակողն էլ եղել է  նույն ինքը՝ Հրանտ Պապիկյանը: Նրա խոսքով՝ 1999թ. փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը պիտի սպանվեր հենց ինքը՝ թիկնապահների հետ միասին, իսկ Արծրուն Մարգարյանը հրազենից ստացած վնասվածքներով պետք է տեղափոխվեր հիվանդանոց: Եվ այս ամենը հետագայում ներկայացվելու էր այնպես, թե՝ ղարաբաղցիները պատվիրել են Արծրուն Մարգարյանի սպանությունը, սակայն հաջողվել է վնասազերծել պրոֆեսիոնալ քիլերին, որի դերում դիտարկվելու էր արդեն սպանված Հրանտ Պապիկյանը: Վերջինս զգացել էր, որ իր դեմ դավեր են նյութվում՝ խոստմանը հակառակ չէր գնացել Արծրուն Մարգարյանի մատնանշած վայրը, նշված ժամին:

Սցենարից շեղման արդյունքում՝ այն օրերին մոռացության է մատնվել Արծրուն Մարգարյանի հայտնի նամակը, որը նախատեսված էր առաջին տարբերակի համար:

Վերոշարադրյալը Արծրուն Մարգարյանի  մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի համար նորություն չի եղել, ինչը չի կարելի ասել Վազգեն Սարգսյանի մասին, որը, ինչպես ժամանակին պատմել է այս իրադարձությունների անմիջական ականատեսը, շարունակ անհանգիստ շարժումներ է արել, ձեռքերը մեջքի հետևում սենյակի երկայնքով քայլել եւ  ոչ այն է՝ հարցրել է, ոչ այն է՝ բարձրաձայն մտորել, թե՝ «ի՞նչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն՝ ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն հասիր, մեզ խփում են,,՝ ապա  բարկացած ձեռքը խփել էր սեղանին և ասել«հըլը Խորխոռունու պատմությունն էլ է պարզվելու»:

Եվ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, պահանջելով , որ անհապաղ հանդիպեն, թեև արդեն գիշերվա ժամը 3-ն էր»:

Նշենք, որ Արծրուն Մարգարյանի մահվան, Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ այս տեղեկությունները 18 տարի առաջ հրապարակվել են հայկական մամուլում, որոնք Անդրանիկ Քոչարյանը չի հերքել։

 

Շարունակելի                                                   

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ