21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

«Սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է… Պատասխանատու եմ խաբեբա ասելու համար». գյումրեցի կնոջ պարզաբանումը. Առավոտ

37599_000012_M

Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմել է Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը։

«Ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը թանկ է, ասում էր, որ խաբել են մեզ, լույսը թանկ է, խաբել են մեզ, նպաստառուն չի կարող միս ուտել ու բազմաթիվ նման բաներ․․․ Ես կողմնակից եմ եղել հեղափոխությանը, բայց Նիկոլ Փաշինյանի նստելուց հետո ես ոչ մի փոփոխություն չտեսա։ Ես մոտեցա իրեն, որ ասեի՝ ինչո՞ւ գազի գինը չիջավ, երեք տարի է՝ ջեռուցման համակարգ եմ քաշել, բայց ի վիճակի չեմ վառելու, ցելոֆոն ենք վառում ու ամեն օր հինգ կիլոմետր քայլում եմ․ տնից ոտքով քայլելով աշխատանքի վայր եմ գնում՝ 100 դրամ խնայելու համար։ Մանուշյան փողոցից գնում եմ կենտրոնական շուկա ու այնտեղից վերադառնում եմ էդ ցելոֆոնները ձեռքիս, ամենաքիչը մի 5-6 կիլոգրամ կլինի։

Ես գյուղի տները ծախեցի, ջեռուցման համակարգ քաշեցի Գյումրու մեր տանը, բայց ի վիճակի չեմ օգտագործել, որովհետեւ չեմ կարող մուծել։ Փաշինյանը խոսք տվեց, որ գազը պարտավոր է իջեցնել, որովհետեւ Սերժը սխալ է հաշվել գինը, բայց չիջավ, դա մեկ, ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար։ Նույնը լույսը, մտածում էի, որ Փաշինյանի օրոք գոնե կկարողանամ լույսով տաքանալ, ես իրեն հավատացել եմ, դա էլ չարեց ու բազմաթիվ այլ բաներ։ Խանութում առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էն աշխատավարձը չեմ ստանում, ինչ պետք է տան․․․ Վրդովվելու շատ առիթ կար, համ հավատացինք, համ էլ իրեն չարդարացրեց։ Ես իրեն գնացի այդ հարցերը տալու համար, բայց չգիտեմ, թե թիկանապա՞հն էր, թե ո՞վ էր, այդ մարդը չթողեց առաջ շարժվել, դրանից ավելի շատ վրդովվեցի։

Թողնում եք, որ մարդիկ վարչապետի հետ նկարվեն, իսկ բողոք ներկայացնող մարդուն չե՞ք թողնում երկու բառ խոսի, ինչո՞ւ, պատճառը։ Ես գնացել էի խոսելու, հարցնելու, բայց նորից եմ կրկնում՝ թիկնապահն չթողեց մոտ գնալու, երեւի զգաց, որ բողոք ունեմ, հյուրանոցի դիմաց, որտեղից պետք է Փաշինյանը դուրս գար, ինձ հարցրեց ՝դու ո՞ւմ ես սպասում։ Ասի՝ կարո՞ղ եմ ձեր հարցին չպատասխանել, ասաց՝ հա, բայց դրանց հետո սկսեց պահել, որ առաջ չշարժվեմ, դրանից շատ վրդովվեցի, պահվածքը ինձ ջղայնացրեց, դուրս չեկավ։

Ես իմ անձնական խնդիրներ ունեմ, որ պիտի գնայի ու ներկայացնեի վարչապետին ու չթողեցին, թե չէ ինձ որեւէ մեկը չէր դրդել, կամ հո ես չէի գնում փող ուզելու։ Ես ուղղակի պիտի իմ բողոքը ներկայացնեի, թե քեզ հավատալով, որ գազը 132 դրամից գոնե իջնի 90 կամ 80 դրամ ու չկա, սպասեցի ու չեղավ։ Դրա համար էլ իրեն ասի՝ խաբեբա, չեմ սիրում, որ ինձ խաբում են»,-ասաց Մարիամը։

Նա նաեւ նշեց, որ իր ձայնը բարձր է, չէր գոռում վարչապետի վրա, դա իր խոսակցական սովորական տոնն է։ Նա նաեւ պատմեց, որ մի անգամ փորձել է վարչապետին մոտենալ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցի մոտ, սակայն թիկնապահները հրել են, չեն թողել մոտենա, ավելին, ըստ տիկնոջ, բռնի ձեւով մի պահ իր ձեռքից վերցրել են հեռախոսը, այնտեղ եղած հեռախոսահամարներն են գրել ու վերադարձրել, կանգնած մարդկանցից մեկն իրեն անվանել է՝ աղջի։ «Ես էլ ասի՝ աղջին գնա կնկադ ու աղջկադ ասա, բայց հեչ չգիտեմ ով էր էդ մարդը։

Դե ժողովուրդը գնում էր Փաշինյանին տեսնելու, ես էլ գնացի հյուրանոցի մոտ, որը բողոքս ներկայացնեի, մարդկանցից որը թոշակից էր խոսում, ես էլ ասի, տեսնեմ՝ ես ե՞րբ կարող եմ գազ վառել»,- ասաց Մարիամը։ Ըստ նրա, երկրորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն քայլում էր փողոցով, ինքը հույս էլ չուներ, որ իրեն մոտ կթողնեն, թեեւ վարչապետն ինքն է ասել՝ թողեք, մոտենա։

«Երբ առաջին անգամ հյուրանոցի մոտ մոտեցա ու ասի՝ դու խաբեցիր մեզ, սպասում էի, որ հարց տա, թե ինչո՞ւ խաբեցի, որ ես ասեի այսինչ, այսինչ հարցերի շուրջ, թիկնապահները միանգամից ինձ քաշեցին ետ, հետո հեռախոսս էլ ձեռքիցս առան, իսկ երկրորդ անգամ հույս էլ չունեի, որ ինձ մոտ կթողնեն, տեսա, որ փողոցում Փաշինյանի կողքբոլորը շատ մարդիկ չկային, նորից մոտեցա, Փաշինյանն ասեց՝ թողեք, թող մոտենա, բայց արդեն շատ վրդովված էի։ Ինչո՞ւ պիտի մեծ կանանց թողնեն մոտենալու, իսկ որ մարդիկ բողոք պիտի ներկայացնեն, հարցնեն՝ ե՞րբ կարող եմ մի քանի տեղ աշխատելու փոխարեն մի տեղ աշխատել ու մարդավայել աշխատավարձ ստանալ, չեն թույլատրում, ի՞նչ երկիր է որ, սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է։ Եվ հետո, որ գրում են ու տարածում, թե ես գնացել եմ « Կիսաբաց Լուսամուտներ», ես ոչ միայն չեմ գնացել, այլ չեմ էլ նայում այդ հաղորդումը, ինձ նկարել են Հրաչի հետ, տեսա ու ապշեցի, ում ձեռքի գործն է, չհասկացա:

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ