19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Սամվել Ալեքսանյանը մուծել է 10 մլրդ դրամի չափով հարկ, Վարդանյան եղբայրները՝ ավելի քան 45 մլրդ. Իրավունք

2016_statistics_442366748

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցուցակը: Համաձայն պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին վճարել են 510 մլրդ 792 մլն դրամի հարկ: Սրանից 413 մլրդ 923 միլիոնը հավաքվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային: Հարկային մարմինների հավաքագրածից 208 մլրդ 763 միլիոնը եղել է ԱԱՀ, 109 մլրդ 602 միլիոնը՝ շահութահարկ, 104 մլրդ 735 միլիոնը՝ եկամտային հարկ:

Առաջին 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 131 մլրդ 450 մլն դրամի հարկ, որ կազմում է հազար խոշորի մուծած հարկերի 25.7%-ը: 100 խոշոր հարկատուները մուծել են 315 մլրդ 146 մլն, որ կազմում է ընդհանուրի մուծած հարկերի 61.7%-ը: Փաստորեն, այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուները ավելի քան 64 միլիարդով ավելի հարկ են վճարել:

Ավելի վճարած հարկերի շուրջ 30%-ը վճարել են առաջին երեք խոշոր հարկատուները: 2018-ին հազար խոշոր հարկատուները միասին վճարել էին 446 մլրդ 615 մլն դրամ: 2017թ. առաջին կիսամյակում հազար խոշորների կողմից պետական բյուջե է վճարվել 378 մլրդ 483 մլն դրամ: 2018-ին, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի է հավաքվել՝ 68 մլրդ 132 մլն դրամ: 2019-ին, 2018-ի համեմատությամբ, ավելի է հավաքվել՝ 64 մլրդ 177 մլն դրամ:

Նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում նույնպես առաջին երեք խոշոր հարկատուները նույն ընկերություններն էին: Բայց մեկ տարի առաջ նրանք միասին վճարել էին 62 միլիարդից քիչ ավելի հարկ, մինչդեռ այս տարի նրանց վճարածը կազմել է շուրջ 81 մլրդ դրամ:

Հանրապետության թիվ մեկ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, պետությանը վճարած 29.5 մլրդ դրամով: Սրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները՝ վճարած համապատասխանաբար 28.3 մլրդ և 22.8 մլրդ դրամ հարկերով: Այս երեք ընկերություններից յուրաքանչյուրը տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել ավելի քան 20 մլրդ դրամ:

Հաջորդների վճարածները, սրանց համեմատությամբ, շեշտակի նվազում են՝ չհասնելով անգամ 10 միլիարդի սահմանագծին: Ահավասիկ. վճարած հարկերի թվով (9.45 մլրդ) 4-րդ ընկերությունը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է: Եվս մեկը՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը վճարել է ավելի քան 9 մլրդ (9.1մլրդ) դրամ: Հաջորդում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (7.8 մլրդ դրամ) և «Ֆլեշը» (7.6 մլրդ): Հանրապետության 8-րդ խոշոր հարկատուն «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունն է՝ վճարած 6.5 մլրդ հարկերով, որին հաջորդում են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 5.18 մլրդ դրամ, և լավագույն տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը՝ 5.16 մլրդ դրամ:

2018-ին վճարած 5.8 մլրդ դրամ հարկերով 10-րդ հորիզոնականում գտնվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», փաստորեն, այս տարի ամբողջ 3.7 մլրդ դրամ ավելի վճարելով՝ դարձել է հանրապետության 4-րդ հարկատուն, մեկ աստիճանով հետ մղելով «Գեոպրոմայնինգ Գոլդին»: Վերջինս անցած տարի առաջին կիսամյակում վճարել է 8.87 մլրդ դրամի հարկ: Փաստորեն, 2019-ի առաջին կիսամյակում ավելի քան 1 մլրդ դրամով ավելացրել է վճարած հարկերը: 2018-ի առաջին կիսամյակում վճարած 8.16 մլրդ դրամ հարկերով հինգերորդ հարկատու «Սի Փի Էյս Օյլը» այս տարի վճարած 4.03 մլրդ դրամով հանրապետության 15-րդ հարկատուն է: «Ֆիլիպ Մորիս Արմենիան» 2018թ. առաջին կիսամյակում վճարել է 8.15 մլրդ դրամի հարկ և 6-րդ հարկատուն էր:

7.68 մլրդ դրամով հանրապետության 7-րդ հարկատու հանդիսացող Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» տրոհվել ու «վերակազմակերպվել է» «Ալեքս Հոլդինգի», «Ալեքս Էնդ Հոլդինգի», «Սիթիի» և «Ալեքս Տեքստիլի»: Սրանցից «Ալեքս Էնդ Հոլդինգը» կարծես զբաղվում է միայն ներմուծումով և շաքարի արտադրությամբ, և վճարելով 3.33 մլրդ հարկ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 21-րդ հորիզոնականում: «Սիթին» 26-րդ հարկատուն է, որը ներկայացնում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և վճարել է 3.76 մլրդ դրամի հարկ: «Ալեքս Հոլդինգը» իր վճարած 1մլրդ 746 մլն հարկերով 49-րդ հարկատուն է:

«Ալեքս Տեքստիլը» իր վճարած 608 մլն դրամի հարկերով 146-րդ հարկատուն է: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանի ընկերությունները միասին վճարել են շուրջ 9.5 մլրդ դրամի հարկ, դրանով իսկ նա հանդիսանում է հանրապետության 4-րդ հարկատուն: «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որ 2018թ. առաջին կիսամյակում 8-րդ հարկատուն էր իր վճարած 7.08 մլրդ հարկերով, այս տարի վճարել է 4.9 մլրդ հարկ և 13-րդն է: Հայաստանի էլեկտրական ցանցերը (վճարել էր 7.08 մլրդ), որ 9-րդն էր, 700 մլն դրամ ավելի հարկ վճարելով դարձել է հանրապետության 6-րդ հարկատուն: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» էլ, 3.6 մլրդ դրամով ավելացնելով վճարած հարկերը, 10-րդից դարձել է հանրապետության 4-րդ հարկատուն:

Ցուցակի հայտնությունն է հագուստի մեծածախ առևտրով զբաղվող (բացառությամբ տրիկոտաժե ներքնազգեստի) «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունը, որ 2016թ. առաջին կիսամյակում ընդամենը 1.3 միլիարդի հարկ էր վճարել, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 533 մլն դրամ ու 138-րդ հարկատուն էր, անցած տարի՝ 731 մլն դրամով 110-րդն էր ու այս տարի գրեթե տասնապատկելով հարկային մուտքերը՝ հայտնվել է 10 խոշոր հարկատուների շարքերում:

Փաստորեն, մի կողմից, հավաքագրումների տեմպերի անկում է արձանագրվել, մյուս կողմից՝ թվային արտահայտությամբ աճը ապահովվել է հիմնականում առաջին երեք խոշոր հարկատուների հաշվին: Իսկ, մեծ հաշվով, Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի գրեթե 10%-ը ապահովում են Վարդանյան եղբայրների ընկերությունները:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ