16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես նշել էի 2 օր առաջ՝ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։

Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։

Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումը իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։

1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։

Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։

Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4×1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այո, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը։

2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և ՆՓ տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% – 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։

Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145% ։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% – 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ ՍՍ-ի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։

Այսինքն, 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։

3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։

Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ, հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։

Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։

Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։

Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի “հաջողությունները”։

Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։

Ավելին, այդ «հաջողությունը» երկար չի տևելու։

Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցուկթյան վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ