26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թրաֆիքինգ, մարդու օրգանների վաճառք, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն. ահա թե ինչու Ալբանիայում ներդրվեց վեթինգի ինստիտուտը. Արփինե Հովհաննիսյան

«Ես որոշել եմ ներկայացնել ՀՀ-ում թե իշխանությունների, և թե փորձագիտական շրջանակների կողմից ամենաշատը խոսվող ու քննարկվող ալբանական փորձի մասին։ Հատկապես որ, պաշտոնական մակարդակով հնչել է, որ Ալբանիայի փորձն է հիմք ընդունվելու ՀՀ-ում վեթինգ իրականացնելու համար»,- անցումային արդարադատության և վեթինգի իրականացմանն առնչվող փորձագիտական քննարկում-կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ պետք է հայտնաբերել այն ստորջրյա խութերը, որոնցից պետք է զգուշանալ։

Վերջինս նշեց, որ Ալբանիայում անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելու ամենաշատը մեջբերվող նախադրյալը, որը նաև հաճախ մեր իշխանությունների կողմից է վկայակոչվում, կոռուպցիայի տարածվածությունն է, բարեվարքության և հաշվետվողականության պակասը, սակայն կան այլ նախադրյալներ և փաստարկներ ևս, որոնք տարբեր տեղեր են տանում հայկական և ալբանական փորձի համեմատականները։

«2010թ., կազմակերպված հանցավորության դեմ պայքար։ ԵԽԽՎ շվեյցարացի պատվիրակի կողմից ներկայացված «Անմարդկային վերաբերմունքը և մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ զեկույցում մանրամասն ներկայացվում էր, մասնավորապես, Ալբանիայի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի անթույլատրելիության վերաբերյալ բազմաթիվ փաստեր և կոչ էր արվում Ալբանիայի և Կոսովոյի իշխանություններին, որպեսզի վերջիններս քայլեր իրականացնեն իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Քանի որ այստեղ ստանդարտ գործիքակազմերն ըստ էության օգտակար լինել չէին կարող, այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին դրա դեմ, սերտաճած էին հանցավոր շրջանակների ու մաֆիայի հետ, այստեղ պետք էին արմատական քայլեր»,- ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի՝ սա միակ խնդիրը չէ, և Ալբանիան լուրջ խնդիրներ ունի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված, շատ հրապարակումներում երկիրն անվանվում է Եվրոպայի Կոլումբիա, և թերևս պարզ էր, թե ինչու Եվրամիությունը պետք է հատուկ պատիժներ սահմաներ Ալբանիայի համար։

Սրանք այն հիմնական նախադրյալներն էին, որոնց մասին պետք է խոսել՝ հասկանալու համար, թե ինչու 2014թ. Եվրամիությունը հատուկ զեկույց հրապարակեց Ալբանիայի հետ կապված՝ մատնանշելով արմատական բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը։

«Այդ բարեփոխումներին ընդառաջ՝ ալբանական խորհրդարանը ստեղծեց հանձնաժողով, որը ներկայացրեց դատաիրավական բարեփոխումների փաթեթը։ Այդ փաթեթում սահմանադրության 46 հոդվածներում ներկայացված էին փոփոխություններ, և մի շարք կարևոր օրենսդրական ակտերում՝ ևս։ Վեթինգն ընդամենը մեկն էր այն լուծումներից, որով առաջարկվում էր այդ խնդիրները լուծել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր նշած նախադրյալները հիմք հանդիսացան, որ միջազգային հանրությունը կոչ անի Ալբանիային լուծել այդ խնդիրները, այլապես վերջինս կզրկվի Եվրամիության անդամ-պետության թեկնածության կարգավիճակից, և վեթինգն իրենց համար անհրաժեշտ էր երկրի կարգավիճակը պահպանելու համար։

Ի դեպ, ինչպես նշեց ԱԺ նախկին փոխխոսնակը, վեթինգի արդյունքում աշխատանքից հեռացված դատավորներից մեկը երկրի ՍԴ դատավոր էր, ում զարմիկը հանցավոր խմբավորման անդամ էր, ինքն էլ սերտաճած էր նրանց հետ, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէր։

Ա. Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ալբանիային պահանջվեց 3 տարի՝ 2014-2017թթ., որպեսզի վերջինս սահմանադրական, այսինքն՝ իրավական, քաղաքական և բարոյահոգեբանական աշխատանքներ տանի՝ հանրությանն այդ գործընթացին պատրաստելու համար, և միայն Եվրամիության անդամ-պետության թեկնածության կարգավիճակից զրկվելու հեռանկարն էր, որ ալբանական իշխանությանն ու ընդդիմությանը թույլ տվեց այս հարցում համաձայնության գալ։

«2017թ. սկսվեցին այդ աշխատանքները։ 800-ից ավելի պաշտոնյաներ, դատավորներ, ՍԴ անդամը, գլխավոր դատախազը, դատախազներ պետք է ենթարկվեին վեթինգի։ Այս պահի դրությամբ երկրում նախաձեռնվել է 280 գնահատում, ուսումնասիրվել է 140 գործ, 88 դատավորներ ու դատախազներ զրկվել են իրենց պաշտոնից, մնացած 53-ը հաստատվել են իրենց պաշտոններում»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։

Բանախոսը տեղեկացրեց, որ Ալբանիայում վեթինգն իրականացվել է 3 չափանիշերի հիման վրա. առաջինը ստուգվում են մասնագիտական կարողությունները, ապա կատարվում է գույքի ու եկամուտների ուսումնասիրություն և ճշտվում է համապատասխանությունը հայտարարագրերի հետ, և երրորդ, ամենակարևորը, կազմակերպված հանցագործությունների շրջանակում ստուգվում է նրանց հանցավոր խմբավորումների հետ կապը։ Ավելին, նույնիսկ մեկ լուսանկարը բավարար է, որ վեթինգ իրականացնող մարմինները եզրակացություն անեն, որ տվյալ պաշտոնյան կապ ունի հանցավոր խմբավորման հետ։

Ալբանիայում, ըստ Արփինե Հովհաննիսյանի, սահմանադրական կարգավորում ունեցող վեթինգ իրականացնող մարմիններն են անկախ գնահատման հանձնաժողովը, բողոքարկման խորհուրդը, որտեղ կարող են այս մարմնի որոշումները բողոքարկվել, ինչպես նաև երկու հանրային հանձնակատարներ, որոնց միջոցով թե սովորական քաղաքացիները, թե պաշտոնյաները կարող են իրենց բողոքները տեղ հասցնել։

«Պետք է ասել, որ Վենետիկի հանձնաժողովն անչափ կարևորում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունն արդար դատաքննության իրավունքի բոլոր բաղադրատարրերով, այդ թվում՝ բողոքարկման իրավունքով ապահովելը։ Այսինքն՝ չի կարող լինել վեթինգ՝ առանց բողոքարկման հնարավորության իրացման»,- նշեց ԱԺ նախկին փոխխոսնակը։

Հատկանշական է, որ համաձայն Ա. Հովհաննիսյանի ելույթի՝ ալբանական փորձի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը, որը ցույց է տալիս միջազգային դերակատարների լուրջ ներգրավվածությունն այստեղ, Եվրամիության անդամ-պետություններից դատավորների և դատախազների ներգրավմամբ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող մարմնի դիտորդական նախաձեռնության առկայությունն է։ Այսինքն՝ միջազգային համապատասխան մարմինները վերահսկում են պրոցեսը և երաշխավորում են վեթինգ իրականացնող մարմնի անդամներին, և սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ալբանիան Եվրամիության անդամության թեկնածու երկիր է, և Եվրոպան պետք է աչալուրջ հսկողության տակ պահի ողջ պրոցեսը, և, ի վերջո, նրանք են եզրակացություն տալու՝ արդյոք Ալբանիան հաջողե՞լ է, թե՞ ոչ։

«Որպես ամփոփում՝ շատ կարևոր է նշել այն մարտահրավերները, որոնց Ալբանիան բախվել է։ Առաջին մարտահրավերը, որի մասին ուզում եմ խոսել, ՍԴ դե ֆակտո բացակայությունն է։ Չկա երկրում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, և պատճառն այն է, որ վեթինգի արդյունքում ընդամենը մեկ դատավոր է շարունակում պաշտոնավարել, մնացած բոլորը հեռացված են, և այստեղ ուղղակի օբյեկտիվորեն հարց է առաջանում։

Հաշվի առնելով այն ջանասիրությունն ու փութաջանությունը, որով իշխող քաղաքական ուժը ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածություն է առաջադրում, պետական ինստիտուտների, ինչպիսին նախագահի ինստիտուտն է, դե ֆակտո անզորությունը այս պրոցեսի ընթացքում թույլ է տալիս եզրակացություններ անել, թե ինչպիսին է լինելու վեթինգի պրոցեսը սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնում կամ առհասարակ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի մասին ոչ Վենետիկի հանձնաժողովը, ոչ Եվրամիության պաշտոնյաները չեն խոսում, և սա կարող ենք տեսնել Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի զեկույցում, 23 000 քաղաքացիների գործերի դե ֆակտո պարալիզացված վիճակն է։

«Չկա երկրում արդարադատություն, չի իրականացվում արդար դատաքննության իրավունքը, շուրջ 23 000 քաղաքացիներ դատարաններում սպասում են իրենց գործերի քննությանը։ Այս առումով անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք քաղաքացիներին հարցրել են, իրենք պատրա՞ստ են իրենց ալիմենտների բռնագանձման, սեփականության իրավունքի ճանաչման, կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ երկարացնելու հարցերի հետ կապված՝ սպասել անորոշ ժամանակով։ Լինելո՞ւ է այդպիսի քննարկում կամ հարցադրում, թե՞ ոչ»,- տարակուսեց արդարադատության նախկին նախարարը։

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ ամենազավեշտալի լուծումը, որ առաջարկեցին ալբանական իշխանությունները՝ տեսնելով, որ երկրում չի իրականացվում արդարադատություն, այն էր, որ 2018թ. հուլիսին բերեցին փաթեթ, որով, չնայած վեթինգի շարունակականությանը, առաջարկում էին հին ընթացակարգով դատավորներ նշանակել։ Այս առաջարկն ընդդիմության կողմից կոշտ հակահարվածի արժանացավ, նշվեց, որ դա արժեզրկում է վեթինգի գաղափարն ամբողջությամբ, և այդ փաթեթն այդպես էլ իրականություն չդարձավ։

«Վերջին դիտարկումն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը դատավորների անկախության հետ կապված խնդիրներ այստեղ տեսնում է։ Նրանք կարծում են, որ վեթինգի դեպքում նման խնդիր չի առաջանա, եթե դրա հիմքերը նախատեսված են սահմանադրական մակարդակով, ընդ որում, սա դիտարկվում է՝ որպես հանրային կոնսենսուսի ձեռքբերման առաջին առհավատչյա, պետք է նախատեսված լինեն հատուկ ընթացակարգային երաշխիքներ, և այն դատավորի վարույթում գտնվող գործի հետ պետք է կապված չլինի»,- նշեց բանախոսը։

Ամփոփելով իր ելույթը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ վեթինգը դատական համակարգում պետք է դիտարկել որպես բացառիկ և ժամանակավոր պահ։ Սա յուրաքանչյուր երկրի համար պատմական որոշակի նշանակություն ունի, և պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք ՀՀ-ում այդ պատմական պահն է։

Վենետիկի հանձնաժողովն Ալբանիայում վեթինգի կիրառության մասին մասնավորապես ասել է. «Պետք է նկատի ունենալ, որ նման արմատական փոփոխությունը (vetting process) անխոհեմ կլինի նորմալ պայմաններում, քանզի դա մեծ լարվածություն կառաջացնի դատական համակարգում, կխաթարի դատավորների աշխատանքը, կմեծացնի հասարակության անվստահությունը դատական իշխանության նկատմամբ, կշեղի դատավորների ուշադրությունը իրենց հիմնական խնդրից, և, ինչպես ցանկացած արտակարգ միջոց, կստեղծի դատական իշխանության զավթման ռիսկեր՝ գործընթացը վերահսկող քաղաքական ուժի կողմից»։

«Համաձայնություն ու վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է գործող իշխանությունների թափանցիկությունն ու ազնվությունը մի քանի հարցի պատասխանելիս։

Արդյո՞ք իշխանություններն ապահովելու են բոլոր երաշխիքները՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից՝ մինչև ընթացակարգային երաշխիքներ, թե՞ ամեն դեպքում առաջնորդվելու են «ինչպես հարմար է» սկզբունքով, պաշտոնավարման որ ժամանակահատվածից սկսած է ՀՀ-ում իրականացվելու դատավորների վեթինգ, դատավորների մասնագիտական ունակությունների փաստման առթիվ ի՞նչ է լինելու նրանց քննած գործերի ապագան, ո՞ր մարմիններն են Հայաստանում իրականացնելու վեթինգ, որևէ միջազգային կառույց մոնիտորինգ իրականացնելո՞ւ է, թե՞ դա լինելու է Հայաստանի ներքաղաքական խնդիրը, արդյո՞ք իշխանությունները կարողանալու են ապահովել այնպիսի վերջնարդյունք, որի համար արժե, որ երկրում լինեն տարիներով դատարաններում որոշմանը սպասող քաղաքացիներ և ներդրողներ, դատական համակարգը հայտնվի գրեթե պարալիզացման սպառնալիքի առջև։ Եվ վերջապես, եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր է դեպի Եվրամիություն, ապա դեպի ո՞ւր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ