19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռևս այդ փուլում չենք, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հարցի շուրջ. Զոհրաբ Մնացականյան

Սա դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է ժողովուրդը որոշի: 

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետը ժողովրդի տեսակետը պարզելու, նախարարը պատասխանեց. «Մենք դեռևս այդ փուլում չենք, բայց մեր հասարակությունը շատ զարգացած է, և մենք կկարողանանք տեսնել ժողովրդի կամքի արտահայտումը տարբեր ձևերով»:

«Փաշինյանը խոսում է սկզբունքի մասին, որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, որ ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Կառավարությունն ունի ժողովրդի մանդատը, որը նրան տրվել է ընտրությունների միջոցով, և կառավարությունն այդ մանդատով է ստանձնել պարտականությունը և մինչև վերջ տանելու է բանակցությունները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ Կառավարությունն ունի իր պարտականությունը՝ բանակցելու և փնտրելու խաղաղ կարգավորման ձևեր և որ հիմա ժամանակը չէ այդ ամենը մանրամասնելու:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք ստեղծելու նպատակով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած ստորագրահավաքը, արդյոք դրա կարիքը կա՞, նախարարը պատասխանեց.

«Հայաստանն ու Արցախն ունեն բավականին հստակ ձևավորված խորը համակարգ միմյանց միջև: Հայաստանը եղել և մնում է Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Բոլորիս համար կարևոր է 150 հազար հայրենակիցների անվտանգության խնդիրը, և մենք ունենք բազմաթիվ ձևեր՝ արտահայտելու և ապահովելու այդ երաշխավորման գործառույթը: Մենք տարբեր նոր գործիքներով լրացնելու, ամրապնդելու ենք այդ գործառույթը և դա շարունակական գործընթաց է լինելու, իսկ թե ինչպես դա անել ողջամիտ, սա քննարկման առարկա է: Ոչինչ չի բացառվում, բայց ամեն ինչ ճիշտ անելու խնդիր է»,- նշեց նա:

Արտգործնախարարն անդրադարձավ նաև Բելգիա վարչապետի առաջիկա այցին՝ նշելով, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ծրագրված հանդիպում չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ