26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն գազալցակայաններից հանում է իր սարքավորումները․ ընկերության գործադիր տնօրեն

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ, անդրադառնալով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված այդ նախաձեռնությունն իրականում չի պայքարում խաղամոլության դեմ․ ավելին՝ որևէ հարց չի լուծում, ինչով պայմանավորված էլ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննությունը հետաձգվեց՝ անգամ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության պարագայում, որովհետև դեռևս կան չճշտված և չպարզաբանված հարցեր։

Միքայելյանի խոսքով՝ այս նախագծի ժամանակավրեպությունն ընդունում են ոչ միայն շահառու կազմակերպությունները, այլ նաև  խնդրի կարգավորմամբ զբաղվող պատկան կառույցները։

«Օրենքի նախագծի հեղինակներից Ալեն Սիմոնյանն ասում է, թե բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող վիճակախաղերը շատ ավելի գրավիչ են, քան օնլայն տիրույթում իրականացվողները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև բուքմեյքերական գրասենյակներ այցելելը ժամանակատար է, ինչը չկա օնլայն հարթակում գրանցվելու և խաղալու պարագայում, հետևաբար՝ գայթակղությունը ինտերնետ հարթակում շատ ավելի մեծ է։ Մյուս կողմից, եթե բուքմեյքերական գրասենյակներում խաղալու  գայթակղությունն այդքան մեծ է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինտերնետ տիրույթում շրջանառվող գումարը 4-5 անգամ մեծ է բուքմեյքերական գրասենյակների շրջանառությունից, հետևաբար՝ խաղամոլության իրական վտանգը ինտերնետ տիրույթում է։ Իհարկե՛, ես չեմ քարոզում խաղամոլություն, բայց այն օրենքի նախագիծը, որն առաջարկում է Ալեն Սիմոնյանը, խաղամոլության ոլորտում որևէ հարց չի կարգավորում, այլ առաջացնում է աշխատատեղերի և բյուջե միլիարդավոր դրամների մուտքերի կրճատումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունն ունի ոչ թե 100 աշխատող, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը, այլ՝ 496։

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը նաև նշեց, որ իրենք նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ առաջարկելով, ոչ թե փակել բոլոր բուքմեյքերական գրասենյակները, այլ դրանց թիվն ընդամենը կրճատել։

«Նախագծի ընդունման պարագայում մեր ընկերությունը կհայտնվի փակման եզրին։ Կստացվի մի իրավիճակ, որ օրենքի պահանջով մենք կփակվենք և դաշտում կստեղծվեն  մենաշնորհ ընկերություններ, որոնց տերերը ինտերնետ հարթակում են իրենց գործունեությունը ծավալում, իսկ մեր փաստացի կորուստը կկազմի 1,5 մլրդ դրամ, քանի որ հենց այդքան են կազմում մեր  չփոխհատուցված միջոցները, ուստի այս օրենքի նախագիծը սպառնալիք է հենց մեզ համար»,- ասաց նա։

Սարգիս Միքայելյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի մտահոգությունները գազալցակայաններում տեղադրված սարքավորումների վերաբերյալ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն ինքնակամ գազալցակայաններից կհանի իր սարքավորումները և կտեղափոխի բույքմեյքերական գրասենյակներ։

«Դրա արդյունքում կիսով չափ ընկերության շահույթը կկիսվի, սակայն, չնայած դրան, ինքնակամ մեր սարքավորումները կհանենք գազալցակայաններից»,- եզրափակեց  Միքայելյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ