27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան

Փետրվարի 10-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Նորայր Գասպարյանը կդառնար 21  տարեկան, գրում է panorama.am-ը: 

Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի Պարի աստղեր շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց:  Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր համար այդ տարին ամենասպասվածն էր, քանի որ նա պետք է զորացրվեր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:

Ապրիլի 2-ին  գիշերը 04: 30-ի կողմերը Նորայրը զանգահարել է եղբորը ու ասել.  «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմել է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։

Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:  Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:

Լուսանկարն արված է ուղիղ մեկ տարի առաջ, երբ Նորայրը վերջին անգամ նշում էր իր ծննդյան օրը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ