26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնել դիվանագետների նշանակման հարցում:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ նշելով, որ մերժել են ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով:

Նախարարության ներկայացրած եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում hանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչը բխում է Սահմանադրության պահանջներից, և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ, քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։

«Ուստի՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում», – ասաց փոխնախարարը։

Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) և նշանակումը հաստատողը՝ խորհրդարանը ձևավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում։

«Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձևավորման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին», – հավելեց ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում էր փոփոխություն ԱԺ կանոնակարգ-օրենքում, ըստ որի` օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, նրանց առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում վերջիններիս հետ:

Առաջարկվում էր նաև գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանձնաժողովում կազմակերպել համատեղ հանդիպումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ