04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան

_TM_3195

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. 

«Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք և գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր և հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության: 

Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլև խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարևորությունը: 

Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաև Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ: 

Կարճ ասած` մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է: 

Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը որ մենք քննարկել ենք: Ես կցանկանայի մեկ-երկու դետալ ավելացնել: 

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր` մեզ համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առևտրաշրջանառությունը մեծացնելու և մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին` օգտվել այդ հնարավորություններից:

Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ: 

Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն: 

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ: 

Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից: 

Պարոն Ռոհանի, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ