18 Օգոստոսի, Կիրակի, 2019

Վենեսուելան դառնում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման թատերաբեմ

venezuela.uic

Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները նոր առճակատում են առաջացրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։

Իրավիճակը Վենեսուելայում

Չնայած նավթի ահռելի պաշարներին` Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում, ինչը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի։ Շարունակական բողոքի ցույցերի ֆոնին այդ երկրի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ՝ կոչ անելով միջազգային հանրությանը չճանաչել նախագահ Նիկոլաս Մադուռոյի իշխանությունը։ Վերջինիս, սակայն, շարունակում է հավատարիմ մնալ Վենեսուելայի զինվորականությունը, ինչպես նաև բնակչության որոշակի հատվածը։

Արևմուտքի արձագանքը

Սոցիալիստական Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Գուայդոյին, ինչից հետո վերջինիս` որպես երկրի նախագահ ճանաչելու մասին են հայտնել մի շարք լատինաամերիկյան երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Արգենտինան, Չիլին, Էկվադորը, Գվատեմալան, Կոստա-Ռիկան և Հոնդուրասը։

Եվրամիությունն արդեն հունվարի 26-ին, ի դեմս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, հայտարարել է, որ որպես Վենեսուելայի լեգիտիմ իշխանություն ճանաչում է այդ երկրի խորհրդարանը, և եթե արտահերթ նախագահական ընտրություններ չնշանակվեն, ապա որպես նախագահ ԵՄ-ն կճանաչի Գուայդոյին։

Խուան Գուայդոյի նախագահությունը ճանաչելու մասին է հայտարարել նաև Վրաստանը, ինչը պայմանավորված է, թերևս, նրանով, որ Վենեսուելան, Նիկարագուայի հետ միասին, ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի անկախությունը։

Ռուսաստանի և մնացածի արձագանքը

Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, հայտնել է Նիկոլաս Մադուռոյին աջակցելու մասին, ինչը և հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մադուռոյի միջև կայացած հեռախոսազրույցով։

Ռուսաստանից զատ, Մադուռոյին աջակցելու մասին են հայտարարել Թուրքիան, Չինաստանը, Բելառուսը, Մեքսիկան, Բոլիվիան, Ուրուգվայը, Սալվադորը, Նիկարագուան և Կուբան։

Ինչ վերաբերում է Վենեսուելայի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր Վենեսուելային շուրջ 17 միլիարդ դոլարի վարկեր է տրամադրել, իսկ ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը միլիարդավոր դոլարների գործարքներ ունի վենեսուելական PDVSA նավթային ընկերության հետ, և բացի դա, «Ռոսնեֆտին» է պատկանում վենեսուելական երկու հանքավայրերում նավթի արդյունահանման իրավունքը։

Պակաս կարևոր չէ նաև այս երկրների քաղաքական համագործակցությունը։ Ի դեմս սոցիալիստական Վենեսուելայի, Ռուսաստանը Հարավային Ամերիկայում տեսնում է ընդդեմ ԱՄՆ-ի դաշնակցի, իսկ Վենեսուելան, իր հերթին, միջազգային հարթակներում հանդես է գալիս Մոսկվայի օգտին քվեարկություններով և նույնիսկ, ինչպես նշեցինք վերը, այն էկզոտիկ երկրների շարքին է դասվում, որոնք ճանաչել են Ռուսաստանի հովանավորությամբ Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Այսինքն, Ռուսաստանի շահերն այդ լատինաամերիկյան երկրում հասնում են միլիարդավոր դոլարների, իսկ երկկողմ քաղաքական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։

Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

Հունվարի 25-ին Մոսկվայում պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ բացառել է համեմատականները Վենեսուելայում տեղի ունեցողի և հայկական թավշյա հեղափոխության միջև, ապա կասկածներ հայտնել վենեսուելական զարգացումների՝ սահմանադրական լինելու վերաբերյալ։ Փաշինյանի խոսքով` անհասկանալի է, թե ինչքանով են վենեսուելական իրադարձությունները համապատասխանում այդ երկրի սահմանադրությանը, սակայն, ըստ Փաշինյանի, ցանկացած դեպքում իրավիճակը պետք է հանգուցալուծվի Վենեսուելայի ժողովրդի համար ընդունելի եղանակով։

ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, որ հայկական կողմն ուշադիր հետևում է Վենեսուելայի զարգացումներին և հույս ունի, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում տեղի կունենա։

Ինչի՞ կարելի է սպասել

Ակնհայտ է, որ Վենեսուելան մոտակա ժամանակում վերածվելու է Ռուսաստան-Արևմուտք և, հատկապես, Ռուսաստան-ԱՄՆ առճակատման թեժ թատերաբեմի։ Ստեղծված պայմաններում հնարավոր են իրավիճակներ, երբ Հայաստանը կանգնած կլինի երկընտրանքի առջև՝ ԵՄ ու ԱՄՆ պես հզոր գործընկերների հետ աջակցել Վենեսուելայում տեղի ունեցող փոփոխությունների՞ն, թե՞ հանդես գալ ի պաշտպանություն դաշնակից Ռուսաստանի ու նրա շահերի։

Հաշվի առնելով Ռուսաստանի՝ շարունակաբար խորացող միջազգային մեկուսացումը և Մոսկվայի համար իր դաշնակիցների աջակցության կարևորությունը, ինչպես նաև Վենեսուելայի հարցում տարբեր ուժային կենտրոնների շահերի բախումը, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանը մանևրելու լայն հնարավորություններ է ստանում։ Հայաստանի իշխանություններից, սակայն, մեծ ջանքեր են պահանջվելու երկրի համար նպաստավոր դիրքեր գրավելու, միջազգային մեկուսացման մեջ չընկնելու և հնարավորության դեպքում՝ օգուտներ քաղելու համար։

ՀԳ․ Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի, Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին, սակայն երկու երկրների միջև առևտրաշրջանառություն գրեթե գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Վենեսուելայի խորհրդարանը 2005 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ