19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ ՊԵԿ նախագահին

Հարգարժան պրն. Անանյան: Մրցույթի մասնակցել եմ առաջին անգամ: Առաջին փուլը հաղթահարելով, մասնակցել եմ մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին: Ավարտել եմ ԳԱԱ մագիստրատուրան «Կառավարում» մասնագիտությամբ, և պաշտպանել մագիստրոսական թեզ՝ «ՄՌԿ կազմակերպություններում», որն անմի-ջականորեն կապված է կադրերի ընտրության, քննությունների անցկացման և նման հարցերի հետ, հետևաբար իմ աչքից չէին կարող վրիպել մրցույթի ընթացքում տեղ գտած մի շարք խախտումներ, որոնք ցանկանում եմ բարձրաձայնել: Նախ, ավելորդ չեմ համարում նշել, որ մրցույթի երկրորդ փուլ անցած բոլոր մասնակիցներն արժանի և հավասար հնարավորություններ ունեցող անձինք էին և տիրապետում էին այն գիտելիքներին, որը պահանջվում էր հարցազրույցի փուլին մասնակցելու համար, այսինքն, առաջին փուլի համար նախատեսված 514 հարցերին:

Երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու համար նախապատրաստվելիս փուլի մասնակիցները պետք է օգտվեին նաև «Հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 873-Ն որոշումից, որտեղ ասված է. «Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտություններն ստուգելու նպատակով»:

Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Մաքսային ծառայության բնագավառի մասնա-գիտական գիտելիքներին և ունակություններին, ինչպես վերը նշել եմ, հարցազրույցի փուլ անցած բոլոր մասնակիցներն ունեին առավելագույնին մոտ գիտելիքներ և ճիշտ ընտրություն կատարելու համար նրանց միջև պայքարը պետք է ընթանար հավասար պայմաններում, առանց օրենքի կետերի խախտումների, քննության միատեսակ պայմաններ ապահովելով բոլոր մասնակիցների համար: Կարծում եմ, միայն այդ դեպքում կլիներ արդար քննություն, արդար պայքար:

Ներկայացնում եմ քննության ընթացքը, որի մասնակիցն եմ եղել ես: Քննությունը պետք է սկսվեր 16:30-ին, սակայն անհայտ պատճառներով սկսվել է մոտ 1 ժամ ուշացումով: Ցուցակով ես նախավերջին մասնակիցն էի: Մտնելով քննասենյակ քարտուղարի կողմից ստացել եմ պատրաստի անուն ազգանունով հարցաթերթ և նստել եմ պատրաստվելու, որը տևել է 2-4 րոպե: Հաշվի առնելով կազմված ժամանակացույցը՝ 1 ժամում 10 մասնակից, պարզ տրամաբանությամբ, եթե քննասենյակում միաժամանակ երեք մասնակից են, ապա քննատոմսն ստանալով մասնակիցը պետք է ունենա առնվազն 15 րոպե ժամանակ:

Չգիտեմ ինչու, ստեղծվել էր շտապողականության մթնոլորտ և արագացվել էր քննության տեմպը, որը բնականաբար հավասար պայմանների կոպիտ խախտում է, ավելացրած վերը նշված 1 ժամը, որը պարզ չէ ինչ համամասնությամբ է տրամադրվել և որ արտոնություններ ունեցող մասնակիցներին: Մասնակիցը կարող է հասկանալ հանձնաժողովի անդամների հոգնածության գործոնը, սակայն դա հիմք չէ փոխելու քննության ընթացքը, հետևաբար՝ քննության անցկացման ձևը: Կոնկրետ իմ դեպքում այդ գործոնը որոշիչ ազդեցություն ունեցավ:

Հարցերը բոլորը տրամաբանական էին, որոշ հարցեր պրակտիկ, որոնց վստահ կարող էին պատասխանել աշխատանքային փորձ ունեցող մասնակիցները, բայց ո՛չ այն մասնակիցը, ով չունի համապատասխան փորձ և պատրաստվելու համար անհրաժեշտ էր ժամանակ՝ մտածելու, տրամաբանելու և ենթադրյալ ճիշտ պատասխանը գտնելու համար: Ես շտապողականության մթնոլորտում ուղղակի չհասցրի պատրաստվել և, բնականաբար, դեռ չգտած հարցերի պատաս-խանները, չէի կարող ճիշտ պատասխանել հանձնաժողովի առաջ բոլոր հարցերին: Այդ հարցազրույցն ավելի շատ նման էր բլից հարցերի, որոնց պատասխանը պետք է հնչեր հարցը կարդալուց հետո, և անցնել հաջորդ հարցին:

Բնականաբար, դա ազդում է մասնակցի հոգեբանության վրա և մասնակիցը կարող է նաև սխալ պատասխանել այն հարցին որի ճիշտ պատասխանը գիտի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Երևի միայն նրա համար, որ ինձ բախտ է վիճակվել լինել ցուցակում վերջին քննվողներից մեկը, թե՞ այլ պատճառ կա. հուսով եմ կստանամ այդ հարցի պատասխանը ևս: Հաջորդը վերաբերվում է հանպատրաստի անուն-ազգանունով տոմսերին, որի վերաբերյալ կիսում եմ բաց նամակում մասնակիցներից մեկի արտահայտած տեսակետը և ավելացնում, որ նշված կետը բացահայտ արձանագրված խախտում է:

Նշեմ նաև, որ վերոհիշյալ խախտումները, բնականաբար, որոշիչ կերպով ազդել են քննության արդյունքների վրա, գոնե այն մասով որ ես ականատես եմ եղել և զգացել սեփական մաշկիս վրա: Վստահ իմ գիտելիքներին, ներկայանալով քննության, հիասթափ-վել եմ՝ տեսնելով, թե ինչպես է ոտնահարվում արժանապատվությունս, որը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, կամքի և ձգտման շնորհիվ: Ես այլ կերպ չեմ կարող որակել, քան մարդուն գնահատել իր իրական հնարավորությունների սահման-ներից շատ ցածր, որը հետևանք է վերը գրվածների. դա ոչ այլ ինչ է, քան արժանապատվության ոտնահարում և նվաստացում:

Ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ և հավատում եմ նոր Հայաստանի լուսավոր ապագային, նոր բարգավաճումներին, մարդու իրավունքների և ազատությունների խստագույնս պահպանումով նոր հզոր Հայաստան կառուցելուն, որը հնարավոր է միայն մեր բոլորի միահամուռ ջանքերով, մեր լուման ներդնելով՝ փոփոխելու համար այն արմատացած արատավոր սովորույթները և երևույթները, որոնք խանգարում են և կխանգարեն ապագայում, եթե այսօր լռեմ ես և մյուսները:

ՊԵԿ ղեկավարումը վստահված է Ձեզ և վստահ եմ՝ այդ կառույցը, որը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի, գտնվում է հուսալի ձեռքերում : Կարծում եմ և հուսով եմ Ձեր հագեցած առօրյայում ժամանակ կգտնեք և կծանոթանաք Ձեզ ուղղված նամակին: Իմ իրավունքն ու պարտականությունն է բարձրաձայնելը, և խնդրանքս, որպեսզի վերացվեն քննությունների կազմակերպման գործընթացում տեղ գտած թերությունները: Իմ և բազմաթիվ մասնակիցների իրավունքն է՝ մասնակցել օրենքին համապատասխան հավասար պայմաններով քննության անցկացմանը և պահանջել արդարության վերականգնում:

Եթե այսօր չշտկվեն առկա խնդիրները, վաղը ես, կամ ինձ նման այլոք, կրկին և կրկին խաբվելու են, որն ի վերջո բերելու է համակարգի նկատմամբ վստահությունը կորցնելուն, ինչպես հեղափոխությունից առաջ էր, երբ ՊԵԿ-ում աշխատելու համար դիմում էին միայն ծանոթ-բարեկամներ ունեցողները, կամ էլ …: Հուսամ,որ հարցն իրոք կարևոր է Ձեզ համար և դուք նույնպես շահագրգիռ եք,որ այս լուրջ բացթողումները կարգավորվեն,որպեսզի չստեղծվեն այլ տպավորություններ: Շնորհակալություն:

Յուրա Մուղդուսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ