22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Ըստ երևույթին, որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել. Դավիթ Բաբայանը՝ Մնացականյան-Նալբանդյան հանդիպման մասին

Davit-Babayan1

Հունվարի 16-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ինչպես նշված է ԵԱՀԿ կազմակերպության կայքի հայտարարության մեջ,   հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման համար ճանապարհների մշակումը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար։ Համանախագահները մտադիր են նաև առաջիկայում հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված արցախյան հակամարտության կարգավորման հետ, և պայմանավորվածություն ձեռք բերել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- նշված է հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, նկատեց՝ միշտ հայտարարել են, որ նման հանդիպումները կարևոր են, քանի որ նման հանդիպումների միջոցով նախ՝ պահպանվում է Արցախի հարցի խաղաղ կարգավորման շարունակականությունը, նաև՝ տարածաշրջանային խաղաղությունը։

«Ըստ երևույթին, հանդիպման ընթացքում որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել` կապված նաև նրա հետ, որ պետք է լինեն նաև այլ հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, սա նույնպես կարևոր է։ Այս հանդիպմանը նույնպես արծարծվեցին մի շարք բաղադրամասեր, որոնք նախկինում էլ էին քննարկվում, բայց կարծես թե այդ գաղափարները կրկին առաջ են բերվում, ինչն ընդհանուր առմամբ վատ չէ, որովհետև ցանկացած հակամարտության կարգավորման համար այդ բաղադրամասերը կարևոր են։

Օրինակ՝ այնտեղ կար այսպիսի հայտարարություն, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության։ Այնտեղ գրված չէր՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության ինչ-որ պայմանագրի ստորագրման կամ ինչ-որ կարգավորման, այլ՝ պատրաստել խաղաղության։

Սա շատ ավելի լայն ու համապարփակ գաղափար է և առանց ժամկետների, որովհետև այդպես էլ պետք է լինի»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին բոլորի համար պետք է պարզ լինի, որ Արցախյան հիմնահարցի գործընթացը պետք է խաղաղությամբ կարգավորվի, իսկ հայտարարության մեջ նշված ժողովուրդների փոխարեն՝ պետք է հասկանալ՝ երկրներ, քանի որ կա երկու ժողովուրդ, բայց երեք երկիր, և այդ երկրները պետք է որ ապագայում խաղաղ գոյատևեն։

«Սա նշանակում է, որ Արցախն այստեղ անուղղակիորեն, բայց  մտապահվում է։ Նաև նշանակում է, որ պետք է լինի այնպիսի կարգավորում, որը բոլոր կողմերի համար ընդունելի լինի, իսկ սա ենթադրում է, որ չի կարող լինել պարտադրված խաղաղություն։ Պարտադրված միգուցե լինում է, սակայն այս պարագայում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նշանակում է, որ պարտադրված որոշում չպետք է լինի։

Սա կարևոր է, և ժամանակագրական առումով դա երկար գործընթաց է, հատկապես Ադրբեջանում, որտեղ առնվազն վերջին 30 տարիներին անթաքույց հայատյաց քաղաքականությունը դարձել է նրանց պետական գաղափարախոսությունը՝ մանկապարտեզից մինչև նախագահի աշխատակազմ, բոլորը թաթախված են հայատյացությամբ։

Իհարկե, մեկ օրում չի լինում այդ ամենը, բնական է, որ երկար ժամանակ պետք է պահանջվի, որպեսզի ժողովուրդները, հատկապես՝ Ադրբեջանը, հասկանա, որ անցյալին վերադարձ չկա, որ Արցախը կա և գոյություն է ունենալու՝ որպես անկախ պետություն։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ, բայց մենք այլևս չենք կարող ապրել մեկ պետության մեջ»,- շեշտեց Դ. Բաբայանը։

Ըստ նրա, այս ամենի հետ մեկտեղ, հայկական կողմը՝ ի դեմս Ադրբեջանի, երբեք չպետք է մոռանա, թե ում հետ գործ ունի։ Քանի որ այս բոլոր մեսիջների հետ մեկտեղ, Ադրբեջանն իրականության մեջ վարում է նաև այլ քաղաքականություն։

«Տեսեք, միայն Ռուսաստանի նկատմամբ ինչպիսի ահաբեկչական քաղաքականություն է վարում։ Օրինակ՝ Ադրբեջանում ազգությամբ հայ, սակայն ՌԴ քաղաքացուն բռնել են և փոխկապակցում են Արցախում ահաբեկչական գործողությունների պատճառով բանտարկված ադրբեջանցու հետ։ Սա ինքնին նշանակում է, որ երկար տարիներ պետք է աշխատեն, որպեսզի Ադրբեջանը մտնի նորմալ հունի մեջ, քանի որ ֆաշիզմն այնպիսի հիվանդություն է, որը շատ շուտ չի անցնում։ Հետևաբար՝ չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք, հատկապես հաշվի առնելով այն իրական քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը, հայտարարելով, որ Արցախն ու Երևանն իրեն են պատկանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ