26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատի տալ Դավիթ Սանասարյանին

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությունից հետո այս գիշեր հրավիրված ասուլիսում հերքեց Սանասարյանի տեղեկությունը, թե ՊՎԾ-ի ստուգումները ԵՊՀ-ում տևել են երկու ամիս:

«Պետական վերահսկողական ծառայությունը հուլիսի 7-ից սկսած լայնամասշտաբ, նախադեպը չունեցող ուսումնասիրություններ է իրականացրել Երևանի պետական համալսարանում, և Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, թե դրանք տևել են երկու ամիս, ճիշտ չէ: Ստուգումները, ըստ օրենքի, չեն կարող երկար տևել, դա խախտում է», -ասուլիսում հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Նկատենք, որ Սանասարյանըիրականացված ստուգումների մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»

Սիմոնյանը ցույց տվեց փաստաթղթեր ու ասաց, որ ստուգումներն անցկացնելու ժամկետը նույնիսկ մի քանի անգամ երկարաձգվել է: Ավելին, երբ համալսարանը ամառային արձակուրդում է եղել, ՊՎԾ ստուգողներին տրամադրվել են կրիչներով տեղեկություններ և նրանք հնարավորություն են ունեցել շարունակել իրենց աշխատանքը:

Սանասարյանի հայտարարությունը՝ 800 մլն դրամի չարաշահումների մասին, Սիմոնյանը «բացարձակ չհիմնավորված» է որակում: ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, Սանասարյանը խախտել Պետական վերահսկողության մասին օրենքի դրույթները և «առանց համապատասխան թույլտվության» հրապարակել է ստուգումների վերաբերյալ տեղեկություններ:

«Այսօր, այս տարվա վերջին աշխատանքային օրով ես ստացել եմ ուսումնասիրության արդյունքների մասին այս փաթեթը: Մենք համաձայն չենք այստեղ նշվածի մեծ մասի հետ, քանի որ դրանք դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող դրույթներ են և ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ», -հայտարարեց Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը ՊՎԾ-ի ստուգումներից եզրակացրել է, որ դրանք կատարել են ոչ պրոֆեսիոնալներ. «Մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում ստուգվող օբյեկտը և ինչպես պետք է տեղեկություն ստանալ ու ուսումնասիրել»:
Ռեկտորի խոսքով, ստուգվել է 9,5 մլրդ դրամի գործունեություն և ընդամենը մտահոգություն են հայտնել 500 մլն դրամի գործունեության շուրջ, որի մեծ մասը չփաստարկված պնդումներ են:

«ՊՎԾ պետը այսօր հայտարարել է, որ արդյունքները ուղարկել է դատախազություն: Հարգելիներ, նա իրավունք չունի իրեն վերագրել վարչապետի լիազորություններ: Միայն վարչապետը իրավունք ունի ստուգման արդյունքները իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնել դրանք ուղարկել դատախազությունը: Այս պարոնը իրեն վերապահել է ոչնչով չարդարացված վարչապետի լիազորություններ», -ասաց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Դավիթ Սանասարյանին:

Սիմոնյանը վստահ է, որ այս ամենն արվում է միտումնավոր, վարկաբեկելու ԵՊՀ-ն, սակայն թե ինչ նպատակով դժվարացավ ասել:

«Մենք դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի այս հայտարարությունից բխող հետևանքների պատճառով հասցված վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու: Մենք ունենք իրավաբանական ֆակուլտետ, ունենք իրավաբաններ, ունենք ներուժ, որը մեզ թույլ կտա այս անօրենությունը դատական կարգով լուծելու», -հայտարարեց Սիմոնյանը:

Նա ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ առաջացել է համալսարանի ու դրա ղեկավարության հեղինակության խնդիր: Ասաց՝ գնալու է մինչև վերջ. «Այս ամենի մեջ ինձ ներքաշել են իրենք ու իրենք էլ պետք է պատասխան տան հետևանքների համար: Ի վերջո ես ընտրված ռեկտոր եմ ու պաշտոնավարելու եմ մինչև վերջ՝ 2020 թվականը»: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ