26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք կվանեն ներդրողներին. Գագիկ Մինասյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ պետբյուջեի նախագիծը ոչ թե իներցիոն է, այլ ռեգրեսիվ:

«Կես տարի առաջ ԱԺ-ն հաստատեց կառավարության գործունեության ծրագիրը, որը նախատեսված էր մեկ տարվա համար, և բնական է, որ պետք է  ներկայացներ մեկ բյուջեի նախագիծ: Ծրագրում հեղափոխական աճեր էին նկարագրված բոլոր ոլորտներում. ներդրումներ, տնտեսական աճ, արտահանման աճ: Կես տարի անց, երբ այն քննարկվեց, պարզվեց, որ հեղափոխական աճերից և խոստումներից ոչինչ չի մնացել: Կառավարությունն առերեսվեց խնդիրներին, որոնք ավելի մեծ էին, քան իրենք էին պատկերացնում շարժումից առաջ ու դրա ընթացքում:

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը քննարկումներից առաջ ասաց, որ բյուջեի նախագիծն իներցիոն է: Սակայն, դա էլ ճիշտ գնահատականը չէ: Բյուջեի նախագիծը ռեգրեսիվ է, այն հետընթաց է արձանագրում հիմնական բոլոր ուղղություններով և այն չի կարող չազդել հասարակության յուրաքանչյուր անդամի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե 2017 թվականին արձանագրել ենք  7.5 տոկոս տնտեսական աճ է, այս տարի ակնկալում ենք  6,5 տոկոս տնտեսական աճ, եկող տարվա համար՝ 4,9 է, ակնհայտ նվազում է:

«Տնտեսական աճն  էապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք առաջին 3 ամիսների ընթացքում բարձր տնտեսական աճի ցուցանիշ ենք ունեցել, և դա է պատճառը, որ այս տարի կավարտենք 6,5 տոկոս տնտեսական աճով: Կապիտալ ներդրումների բնագավառում աճի տեմպերի նվազեցումը խոսում է այն մասին, որ ապագա տարիներին որևէ լուրջ տնտեսական աճի և դրանից բխող հետևանքների՝  պաշտպանության, սոցիալական բնագավառներում, ներդրումների ավելացում չի կարելի ակնկալել: Ամբողջ տարվա համար ակնկալվում են ավելի քան 2 անգամ պակաս կապիտալ ներդրումներ: Այս տարվա առաջին կեսին 76.1 տոկոս էր, մյուս տարվա առաջին կեսին ակնկալվում է ծիծաղելի աճ՝ 6,1 տոկոս: Իրավիճակն ավելի ցայտուն է, երբ նայում ենք մասնավոր կապիտալ ներդրումները: Տարվա առաջին կեսում՝ 86.9 տոկոս տնտեսական աճ, ամբողջ տարվա համար՝ 52 տոկոս, իսկ հաջորդ տարվա համար՝ ընդամենը 3 տոկոս տնտեսական աճ: Այս բոլոր թվերը վերցված են հաջորդ տարվա բյուջեի նախագծից:

Սպառման իրական աճը 2017 թվականին 9.6 տոկոս է կազմել, այս տարի սպասվում է կտրուկ անկում՝ 5,4 տոկոս, և եկող տարի անկումը շարունակվում է՝ 5 տոկոս: Ապրանքների արտահանման աճը նույնպես անկում է ապրել: 2017 թվականին եղել է 24.9 տոկոս, այս տարի կտրուկ նվազել է՝ դառնալով 15.7 տոկոս, հաջորդ տարի կլինի 14 տոկոս»:

«Հարկային եկամուտների և պետական տուրքերի, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարով եկամուտների աճ գրանցելու մասով էլ ասեմ, որ այս տարվա առաջին 9 ամիսների համար ցուցանիշը կազմել է 907.7 միլիարդ դրամ, հաջորդ տարի 919.6 միլիարդ դրամ է նախատեսվում: Ընդամենը 1.3 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում:  Սա ուղղակի դատավճիռ է այն մարդկանց համար, ովքեր ասում էին, թե ունենք ստվերը կրճատելու մեծագույն հնարավորություն»,- նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Գագիկ Մինասյանը նկատեց.

«Վարչապետն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք կվանեն ներդրողներին: Ասում է՝ Հայաստանը կղզի է՝ առանց նավահանգիստների, մեր երկրում 700.000 մարդ լոդր է, հայ-իրանական սահմանը վտանգված է, կարող է անակնկալ կերպով փակվել: Ներդրողը գա այսպիսի երկիր, ի՞նչ անի»:

Գագիկ Մինասյանը հայտնեց, որ չնայած բյուջեի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներին՝ 6-րդ գումարման ԱԺ-ն պետք է ընդունի այն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ