26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԸՕ-ի հետ կապված ՀՀԿ-ն դեռ քննարկելու հարցեր ունի. Վահրամ Բաղդասարյանը չի բացում գաղտնիքը

Ընտրական օրենսգրքի հետ կապված ՀՀԿ-ն դեռ քննարկելու հարցեր ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ, եթե ՀՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել, ինչպես պնդում է Վիգեն Սարգսյանը, ի՞նչ են քննարկելու, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.

«Բայց ո՞վ է ասել, որ չեն ընդունվել: Մենք պայմանավորվել ենք, որ առաջարկություններն անենք, կառավարության ներկայացուցիչներն ասացին, որ կքննարկենք, և քննարկման արդյունքում կկայացվի որոշում: Մենք հանգիստ քննարկում ենք, որովհետև Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ: Դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է, որ նախկինում թույլ տված սխալները չպետք է կրկնենք: Առաջինից երկրորդ ընթերցում ժամկետը պետք է երկարացվի, որ կարողանանք նորմալ առաջարկություններ անենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԸՕ-ն չընդունվի, և հին օրենսգրքով գնանք ընտրությունների, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.

«Չի բացառվում: Վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրության գնալը, իրենք էլ են ասում: Նախընտրելին նա է, որ ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որ խոցելի չլինի, այսինքն՝ նաև կառավարության ծրագրի մեջ խոստացված կետերն իրականացվեն՝ ցուցակների մաքրում, լրացուցիչ ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերի հագեցում, և այլն»:

Նա չհամաձայնեց, որ ավագանու ընտրությունների ժամանակ ցուցակները մաքրվել են, և պնդեց, որ բավականին խնդիրներ դեռ կան:

ՀՀԿ խմբակցությունում մոտեցումների վերաբերյալ Վ. Բաղդասարյանը նշեց, որ յուրաքանչյուր հարցի հետ կապված մոտեցումները տարբեր են, բայց որոշումը լինում է միասնական:

Խմբակցության ղեկավարը չհստակեցրեց՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին.

«Դա մեր գաղտնիքն է: Թե ով ինչ կարծիք ունի, որոշումը կկայացնենք միասնական: Դրա համար ռեսուրսները պետք է հաշվի առնենք, որոշ բաներ ԸՕ-ից են  կախված»:

Հարցին՝ եթե ԸՕ-ի վերաբերյալ ՀՀԿ-ի առաջարկները չընդունվեն, հնարավո՞ր է՝ չմասնակցեն ընտրություններին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, դուք ասացիք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ